HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձը

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը։

«Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ փոխգործակցության արդյունքում, 2020 թ. փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երևան-Կիև չվերթի կասկածելի ուղևորուհին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված ուղևորը Թեհրան-Երևան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն 2020 թ. փետրվարի 12-ին և, բնակություն հաստատելով Երևանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաև վերջինիս հանցակիցը։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում  հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու և պատասխանատվության կանչելու, թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու  ուղղությամբ»,– նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter