HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Բարոյախոսությունը այլևս սպառել է իրեն». Էջմիածնի համայնքապետարանը որոշել է կոշտ միջոցներ կիրառել աղբ թափողների նկատմամբ

Երևան-Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը հիշեցնում է ավտոմեքենաների ջարդոնի ընդունման կետ: Ճանապարհի գրեթե ամբողջ երկայնքով հավաքված են ջարդված ավտոմեքենաների «կմախքներ», սակայն, նմանատիպ տեսարանների կարելի է հանդիպել նաև քաղաքի ներսում, օրինակ՝ Նարեկացի փողոցում և այլն:

Էջմիածնի համայնքապետարանը որոշել է կոշտ միջոցներ ձեռնարկել չսահմանված կամ չնախատեսված տեղերում աղբ թափողների նկատմամբ: Համայնքապետարանում որոշել են տուգանել այն սուբյեկտներին, ովքեր երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր կթափեն չնախատեսված վայրերում:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ նմանատիպ դեպքերում, ֆիզիկական անձի նկատմամբ նշանակվում է 100.000-150.000 դրամի չափով տուգանք, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200.000-300.000 դրամի չափով:

«Քաղաքապետին վերապահված այս լիազորությունը այսուհետև խստորեն վերահսկվելու և կիրառվելու է Էջմիածնի համայնքապետարանի կողմից, քանի որ այս խնդրի վերացման հարցում բարոյախոսությունն այլևս սպառել է իրեն։ Հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանձնարարել է սահմանել պաշտոնատար անձանց նոր՝ ընդգրկուն ցանկ, որում ներառված աշխատակիցները լիազորված կլինեն, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, միջոցներ ձեռնարկելու ու տուգանք նշանակելու ուղղությամբ։ Աշխատանքները կատարվելու են փուլային եւ առաջին փուլում անդրադարձ է կատարվելու տրանսպորտային մեծ թափքերին եւ դրանց խոտանման ընթացքում առաջացած աղբին»,- տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին խուսափել պատասխանատվությունից և ինքնակամ հեռացնել կուտակված աղբը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների թափքերը, խոտանման ընթացքում առաջացած աղբը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter