HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունների առթիվ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքը բավարարվել է

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր բավարարել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքանյանի բողոքը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունների առթիվ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ։ Այս մասին այսօր Գևորգյանի և «Մարտի մեկի» գործով մյուս մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Վերջինս հիշեցրեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն, ում ի սկզբանե մակագրվել էր Գևորգյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, վերջինիս թույլատրել է հատել ՀՀ սահմանը, սակայն երբ Գևորգյանը գնացել է Զվարթնոց օդանավակայան և ցանկացել մեկնել, ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ առկա չէ դատարանի պատշաճ որոշում, որը կփաստի, որ Արմեն Գևորգյանին թույլատրվում է մեկնել Հայաստանից։

Ալեքանյանի խոսքով՝ իրենք դրանից հետո դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին և  ՄԻՊ-ը նույնպես համաձայնել է, որ այստեղ առկա է Արմեն Գևորգյանի իրավունքի խախտում։ Խոսքն ազատ տեղաշարժի իրավունքի խախտման մասին է։

Հետագայում Էրիկ Ալեքսանյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն և հարուցվի քրեական գործ, որովհետև, պաշտպանի գնահատմամբ, այստեղ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ։ Դատախազությունից, սակայն, պաշտպանին գրավոր պատասխանել են, որ ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալ հանցագործության մասին, և այդ պատճառով նյութեր չեն նախապատրաստվում։

Դրանից հետո Գևորգյանի պաշտպանական թիմը դատախազության անգործության դեմ բողոք է ներկայացրել դատարան, բողոքը մերժվել է, որից հետո դիմել են Վերաքննիչ դատարան։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ դատարանն անդրադարձել է դատախազության գրավոր պատասխանում նշված հանգամանքին, թե հաղորդումը վերացական է ու արձանագրել, որ դատախազության հայտնած այս դիրքորոշումը որևէ կերպ պատճառաբանված չէ։

«Վերաքննիչ քրեական դատարանը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ տեղի է ունեցել պարոն Գևորգյանի իրավունքների խախտում և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին այդ իրավունքների խախտումը վերացնել։ Դա նշանակում է, որ դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է նյութեր նախապատրաստվել, որպեսզի պարզվի Արմեն Գևորգյանի սահմանահատումը չթույլատրած անձանց գործողություններում առկա՞ են  հանցագործության հատկանիշներ, թե՞ ոչ»,- ասաց Էրիկ Ալեքանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter