
Գառնիում ենթակառուցվածքներ են ստեղծվում. տարեվերջին համայնքի կենտրոնը նոր ու բարեկարգ տեսքով կներկայանա
Գառնի համայնքի բյուջեն վերջին երեք տարիների ընթացքում կրկնակի աճել է: 2020 թ. տարեկան բյուջեն մոտ 256 մլն դրամ է պլանավորվել, մինչեւ 2017 թ.-ը բյուջեն 110 մլն-ը չի գերազանցել: Համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանն ասում է, որ բյուջեի աճը տեղի է ունեցել բացառապես սեփական եկամուտների՝ հարկերի եւ տուրքերի հավաքագրման հաշվին: Նա համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2016 թ.-ի տարեվերջին, եւ 2017 թ.-ից սկսած՝ ամեն տարի 20 մլն դրամով կրկնապատկել է նախկին համայնքապետի պաշտոնավարման շրջանում, տասնամյակներով անփոփոխ մնացած սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը:
Տարիներ շարունակ համայնքային հողերի վարձավճարները չեն հավաքագրվել կամ բյուջե չեն մուտքագրվել, տեղական տուրքեր չեն սահմանվել կամ սահմանված տուրքերն ամբողջությամբ չեն հավաքագրվել: Բյուջեում գումարներն աճել են նաեւ զավթված հողատարածքները, ապօրինի շինություններն օրինականացնելու, գովազդներ տեղադրելու, բացօթյա առեւտրի, շինարարության եւ այլ թույլտվությունների քանակով պայմանավորված: Բյուջեն ավելացնելու հնարավորությունները, համայնքապետի ասելով, սպառված չեն: Եկամուտներն ավելացնելու նոր աղբյուրներ գրեթե չկան, բայց շարունակում են աշխատանքը վճարումներից խուսափողներին հարկման դաշտ բերելու, նախկինում կատարված անօրինական գործարքների արդյունքում համայնքային բյուջեից խլված գումարները վերադարձնելու ուղղությամբ:
Անցյալ տարվանից ավագանին ընդլայնել է տուրքերի տեսակները: Մեծ թվով ընկերություններ երկար տարիներ «Գառնի» անվանումն օգտագործում են իրենց ֆիրմային անվանումներում եւ չեն վճարել դրա համար: Չեն վճարել, որովհետեւ վճարման պահանջ չի ներկայացվել: Անցյալ տարի, առաջին անգամ համայնքի անվանումն օգտագործելու թույլտվության համար գումար է գանձվել: Այս տարի եւս մի շարք ընկերությունների ծանուցումներ են ուղարկվել եւ պահանջել վճարում կատարել:
Գառնիի հեթանոսական տաճարի շրջակայքը եւ գյուղի կենտրոնական հատվածն արագորեն վերափոխվում է՝ արձագանքելով տուրիզմի պահանջներին: Ներդրողները հետաքրքրված են գյուղում ռեստորաններ եւ հանգստի վայրեր կառուցելով: Բնակիչները նույնպես իրենց տնտեսություններն ու զբաղվածությունը փորձում են պլանավորել ծառայությունների մատուցման ուղղությամբ: Տարեցտարի ավելացող սպասարկման ծառայությունների թիվը որոշակի բարերար ազդեցություն է ունենում նաեւ համայնքային բյուջեի վրա՝ ավելացնելով եկամտատեսակները:
Ռեստորանային համալիրներն ու հյուրատներն իրենց մասին ծանուցելու խնդիր ունեն: Գովազդային վահանակներ տեղադրելու մասով վճարումներն էականորեն աճել են, այս տարվա բյուջեում 300 000 դրամի մուտք են նախատեսել: Բնակելի շինությունները հասարակական օբյեկտների վերափոխելու, ըստ այդմ՝ հողի նպատակային նշանակությունը փոփոխելու վճարները էականորեն կարող են ավելացնել բյուջեի մուտքերը:
Համայնքապետարանն իր հերթին, հանրային ծառայությունները բարելավելու խնդիր ունի, եւ որակական փոփոխությունները նկատելի են: Գառնիում աղբահանությունը եւ խմելու ջրի սպասարկումն իրականացնում է «Գառնի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը: Համայնքապետարանը աղբահանությունն իրականացնելու համար աղբահավաք մեքենա է գնել 2017 թ.-ին, եւս մեկը վարձակալել են: Եթե նախկինում միայն կենտրոնական փողոցներում տեղադրված աղբամանների աղբն էր տեղափոխվում, ապա 2018-ից աղբատար մեքենան, փողոցներում շրջելով, բոլոր տներից հավաքում է աղբը ու տեղափոխում համայնքի հիմնական աղբավայր: ՀՈԱԿ-ը, պայմանագրային կարգով, իրականացնում է նաեւ շրջակա 5 գյուղերի աղբահանությունը:
Աղբահանության ծառայությունն ընդլայնելուն համապատասխան ավելացել են հավաքագրվող վճարները: Աղբահանության համար տարեկան հատկացվում է 22 մլն դրամ, որից 10 մլն-ը գանձվում է բնակիչներից, եւս 12 մլն դրամ տրամադրվում է համայնքային բյուջեից: Համայնքապետը հույս ունի, որ ժամանակի ընթացքում բնակիչները կհամակերպվեն աղբահանության համար վճարելու մտքին: Բնակիչներից գումարն ամբողջությամբ հավաքագրելու դեպքում կանխատեսվում է մինչեւ 20 մլն դրամի մուտք, որի արդյունքում կնվազի համայնքային բյուջեից համաֆինանսավորելու անհրաժեշտությունը:
Բյուջեում եւս 10 մլն դրամ ավելացել է խմելու ջրի վարձավճարները հավաքագրելուց, եւ այն հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել համակարգում: 2018 թ.-ին համայնքապետարանը խմելու ջրի մոտ 60 կմ ներքին ցանցից 11 կմ խողովակ է փոխել: Այդ գործում ներդրում ունեցան նաեւ բարեգործները:
Վերջին 30 տարիներին Գառնիում կատարված ամենակարեւոր աշխատանքը խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումն է եւ ջրաչափերի տեղադրումը, որը պետք է լուծի գյուղը շուրջօրյա խմելու ջրով ապահովելու հարցը: Շուրջ 150 մլն դրամ արժողությամբ այս ծրագիրն իրականացվում է պետական բյուջեից տրվող սուբվենցիայով եւ համայնքային բյուջեից 50 մլն դրամի համաֆինանսավորումով: Անցյալ տարվանից մեկնարկած աշխատանքները կավարտեն այս տարի:
Տարեցտարի գյուղի փողոցներն ավելի լուսավոր են դառնում: Ամանորի նախօրեին համայնքապետարանն ազդարարեց, որ Գեղարդի խճուղին ամբողջությամբ լուսավորված է LED խնայող լուսարձակներով: Գյուղում մինչեւ 2017 թ.-ը (նախորդ համայնքապետի գործունեության շրջանում) մոտ 2,5 կմ լուսավորություն էր անցկացվել: Վերջին երեք տարիներին լուսավորության ցանցն ավելացել է 6,5 կմ-ով, ընդհանուր առմամբ կառուցվել է մոտ 10 կմ լուսավորության ցանց: Անհրաժեշտ է եւս 5 կմ, գյուղում գիշերային լուսավորությունն ավարտին հասցնելու համար: 2020 թ.-ին նախատեսված է լուսավորել եւս 1 կմ ճանապարհ:
Ներհամայնքային ճանապարհների կեսը վատթար վիճակում է, որոշ փողոցներ անձրեւների շրջանում դառնում են անանցանելի: Վերջին երեք տարիներին մի քանիսում հողային հարթեցում ու փոսալցում է կատարվել: Խմելու ջրագիծը փոխելուց հետո համայնքապետարանը խոստանում է մաս-մաս բարեկարգել եւ հարթեցնել մյուս փողոցները:
Համայնքային բյուջեի միջոցներով երկու տարի առաջ բարեկարգվեց եւ կանաչապատվեց Արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանոցը, որտեղ ամփոփված են 1921 թ. փետրվարյան ապստամբության կազմակերպիչ հերոս խմբապետների եւ Արցախյան ազատամարտի նահատակների աճյունները: Այն գառնեցի նահատակների հիշատակի նկատմամբ հարգանքի դրսեւորում լինելուց բացի, նաեւ դաստիարակչական նշանակություն ունի սերունդների համար:
Բնակչությանը մատուցվող ծառայություններն այս տարի կավելանան եւս մեկով՝ մայիս ամսից Գառնիում կգործի հրշեջ-փրկարարական ջոկատը, որն առաջին համայնքային հրշեջ ծառայությունը կլինի: Համայնքային բյուջեից 13 մլն դրամ կպահանջվի ծառայության աշխատակիցների տարեկան աշխատավարձը վճարելու համար: Համայնքապետարանը ստանձնել է նաեւ ջոկատի տեղակայման շենքի հիմնանորոգման ֆիանսավորումը, իսկ ԱԻՆ-ը կտրամադրի համապատասխան սպառազինություն, հրշեջ մեքենա եւ ամբողջական մարտական արտահագուստ: Ջոկատը հերթապահություն է սահմանելու Ողջաբերդից մինչեւ Գեղարդ համայնք ընկած հատվածում՝ կենտրոնանալով Գառնիի եւ Խոսրովի արգելոցի հատվածներում:
Նշենք, որ խորհրդային տարիներին Գառնիում հրշեջ ծառայության հենակետ էր գործում, եւ նրա աշխատանքները դադարեցվեցին Հայաստանի անկախացումից հետո:
Անցյալ տարի ավարտվեց եւս մեկ կարեւոր աշխատանք՝ գյուղի ներտնտեսային ոռոգման համակարգերի առավել վնասված 3.5 կմ հատվածների եւ մայր ջրատարի 6 կմ հատվածի հիմնանորոգումը: Աշխատանքներն իրականացնում էր «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկային ծրագրով: Գառնիում ներտնտեսային ցանցն ու մայր ջրանցքը խորհրդային շրջանից հետո չէին հիմնանորոգվել: ԾԻԳ-ի հաշվարկներով` ոռոգման համակարգի վերականգնումը շուրջ 30 %-ով կկրճատի ջրի կորուստը:
Համաշխարհային բանկը (ՀԲ) 2015 թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությանը 55 մլն դոլարի վարկ տրամադրեց՝ Հայաստանի հիմնական զբոսաշրջային երթուղու երկայնքով գտնվող մշակութային եւ բնության ժառանգության առավել գրավիչ վայրերի մշակութային ժառանգությունը պահպանելու համար (ՀՀ-ի համաֆինանսավորումը կազմում է 13,75 մլն դոլար, ընդհանուր՝ 68,75 դոլար): Ծրագրում, ի թիվս մի քանի այլ պատմամշակութային հուշարձանների, ընդգրկված է Գառնին (Գառնի արգելոց եւ Ազատի կիրճը):
Աշխատանքներն սկսվեցին անցյալ տարի՝ բարեկարգվեց եւ լուսավորվեց գյուղի կենտրոնից դեպի Ազատի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանը տանող ճանապարհը: Աշխատանքներն ընդհատվեցին Ազատի կիրճում եւ կշարունակվեն այս տարի: Նույն ծրագրի շրջանակում այս տարի կիրականացվի Գառնիի կենտրոնական փողոցների բարեկարգումը՝ դեպի Հեթանոսական տաճար տանող եւ դրան հարակից երկու այլ փողոցներում: Նախատեսված է փոխել կոյուղագիծը, խմելու ջրի խողովակաշարը, մայթերի բարեկարգում եւ ասֆալտապատում իրականացնել: Դրանով գյուղի կենտրոնական հատվածի բարեկարգումը լիովին կավարտվի:
Գյուղում, ենթակառուցվածքներն ընդլայնելու եւ կրթական ու մշակութային կենտրոնները հիմնանորոգելու ուղղությամբ զգալի աշխատանքներ կան: Գառնին չունի կոյուղի՝ բացառությամբ կենտրոնական փոքր հատվածը, անցյալ դարում կառուցված մարզամշակութային կենտրոնը մինչ օրս չի վերանորոգվել եւ անմխիթար վիճակում է:
2019 թ.-ին համայնքում հաշվառվել է 3-6 տարեկան մոտ 420 երեխա, մանկապարտեզ են հաճախում 145-ը: Մանկապարտեզի 4 խմբերը գերհագեցած են, առնվազն 100 երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունի: Երկրորդ մանկապարտեզի կառուցումը հրատապ պահանջ է:
Համայնքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը երեխաների կրթությանն ու դաստիարակությանն ուղղված աշխատանքները կարելի է համարել: Ավելի քան 200 երեխա է ընդգրկված մարզամշակութային կենտրոնի, մանկական գեղագիտական եւ երաժշտական դպրոցներում գործող արվեստի, մարզական եւ մշակութային տարբեր խմբակներում: Առայժմ չի ստացվում մեծահասակների ներգրավումը մշակութային կյանքին, որի պատճառը մարզամշակութային կենտրոնի քայքայված, վթարային վիճակն է:
Համայնքի ղեկավարն ասում է, որ գնալով ավելի է հեշտանում հարկերի հավաքագրումը: Նա հույս ունի, որ Գառնիում կատարվող աշխատանքները կոգեւորեն ավելի մեծ թվով բնակիչների, եւ նրանք կցանկանան իրենց փոքր վճարումներով մասնակից դառնալ գյուղի վերափոխմանը:
Մեկնաբանել