Թոշակառուի բաց նամակը նախագահին. «Բացի կատարված բացահայտ կեղծիքից՝ դատարանը որոշել է ինձանից բռնագանձել 660 դոլար տուրք»
Վարուժան Սարգսյան
Բնակվող՝ Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր
Հարգելի պրն նախագահ,
Արեգ Ղահրամանյանը, որդուս վստահությունը ձեռք բերելով, որպես որդուս ընկեր՝ կարողացավ համոզել մեր ընտանիքին, որ հողի գրավադրմամբ կամ վաճառքով կարող ենք դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից՝ միևնույն ժամանակ խոստանալով, որ ինքը այդ հարցերը կարող է կարգավորել: Այնուհետև իր ներկայացրած երրորդ անձի միջոցով լիազորագրեր վերցրեց ինձանից և մորիցս՝ 0.4 հեկտար ընդհանուր մակերեսով մեր սեփական վարելահողի վաճառքի կամ գրավադրման համաձայնությամբ:
2006թ.-ին դիմեցի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարան՝ պարտապան Արեգ Ղահրամանյանից 30.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով՝ համաձայն 30.04.2006թ.-ին պարտապանի կողմից տրված ստացականի:
Ստացականով նա պարտավորվում էր վճարել 20.05.2006թ.: Նշված գումարը պարտապանի կողմից խաբեությամբ վաճառված, 0.4 հա սեփականություն հանդիսացող վարելահողի փոխարժեքն էր, որի 0.2 հա-ը պատկանում էր մորս և եղբորս ընտանիքին: Հողամասի վաճառքը կատարվել էր 17.04.2006թ., իսկ պարտավորությունը ստանձնել էր 30.04.2006թ., որից պարզ երևում էր, որ հողամասերը վաճառվել են ավելի բարձր գնով:
14.02.2007թ. դատարանում վճիռ կայացվեց պարտապանից բռնագանձել նշված գումարը՝ արգելանքի տակ դնելով նրա բնակարանը: Պատասխանողների ներկայացուցիչ Ա.Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Արեգ Ղահրամանյանին անգործունակ ճանաչելու պահանջով:
Նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը նրան ճանաչեց գործունակ, և համապատասխան եզրակացությունը ժամանակին ուղարկվեց դատարան:
Թվում էր, թե դատը կվերսկսվի ողջամիտ ժամկետում, սակայն իմ բոլոր ջանքերը անցնում էին ապարդյուն՝ դատը վերսկսելու համար, որը տևեց շուրջ 15 ամիս: Այդ ընթացքում պատասխանողներն առաջարկում էին հաշտություն կնքել, այլապես ես չեմ ստանա ոչինչ: Միայն դատարանի նախագահին բողոքելուց հետո այն վերսկսվեց:
Ես արդեն ընկճված էի և համոզված էի, որ պատասխանողները կարողանում են ազդել դատարանի վրա, և կորցրել էի վստահությունս արդարադատության նկատմամբ:
12.05.2008թ.-ին կայացավ դատական նիստ, և դատարանը առաջարկեց հաշտություն կնքել, որը տրամաբանական չէր և կրում էր հակաօրինական բնույթ, քանի որ խոսքը ոչ թե վիճաբանության կամ ընտանեկան բաժանության, այլ խոշոր կողոպուտի մասին էր, որից տուժել է 2 ընտանիք: Դատարանը, համաձայն ՀՀ Քաղ. դատ. օր.-ի 125 հոդ. 1-ին և 2-րդ կետերի 1-ին և 2-րդ ենթակետերի և 33 հոդ. 4-րդ կետի, գործը պետք է քննարկեր ըստ էության:
Ես, ծանոթ չլինելով օրենքներին, չունենալով դատապաշտպան, մոլորված վիճակում կնքեցի հաշտության համաձայնագիր, ըստ որի՝ ի կատարումն կայացրած սկզբնական վճռի՝ ես պետք է ստանայի 10.000 ԱՄՆ դոլար: Սթափվելով ես այդ համաձայնագիրը համարեցի պարտադրված, որի կայացմանը նպաստեց դատարանի և պատասխանողների համագործակցությունը: Ըստ ՀՀ Քաղ օր.-ի 313 հոդ. 1-ին կետի՝ դա ստրկացուցիչ համաձայնագիր էր, որը համապատասխանում էր ՀՀ Քաղ. օր.-ի 312 հոդ. դրույթներին:
Քանի որ պատասխանողներ են Արեգ և Լիանա Ղահրամանյանները, պետք է իմ և եղբորս ընտանիքի անդամները դիտարկվեն որպես գործով տուժողներ: Համաձայն ՀՀ Քաղ. դատ. օր.-ի 135 հոդ. 2-րդ կետի՝ պատասխանողները պետք է դիտվեն որպես համապարտ:
2008թ.-ին դիմեցի ՀՀ Վերաքննիչ դատարան՝ հաշտության համաձայնագրի հիման վրա կայացրած վճիռը անվավեր ճանաչելու պահանջով: Դիմումը վերադարձվեց՝ պատշաճ չներկայացվելու պատճառաբանությամբ: Նորից դիմեցի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան նույն պահանջով:
Գործն ընդունվեց վարույթ: Դատական նիստը նշանակվեց 26.12.2011թ., սակայն դատը չկայացավ՝ դատավորին փոխելու պատճառաբանությամբ: Պատասխանողները չէին ներկայացել, քանի որ նախապես գիտեին այդ մասին:
Դատավոր Ա.Բադիրյանը, որի վարույթում էր գտնվում գործը, դատկան նիստը նշանակեց 16.05.2011թ.: Ծանոթացավ իմ գործին և նիստի վերջում իր դիրքորոշումը չարտահայտեց, այլ միայն ասաց, որ վճիռը կկայացվի 31.05.2011թ.: Նշված ժամկետում ես ստացա մերժման վճիռը: Նորից դիմեցի ՀՀ Վերաքննիչ դատարան, այն վերադարձվեց ոչ պատշաճ ներկայացվելու պատճառով:
Ծանոթանալով ՀՀ Քաղ. դատ. օր.-ին և ՀՀ Քաղ. օրենսգրքին՝ ես նորից հայց ներկայացրի Վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 31.05.2011թ., ինչպես նաև 12.05.2008թ. կայացրած վճիռները և դիտարկել պատասխանողից ստացած 8.000 դոլարը որպես կանխավճար և նրանց բռնագանձել մնացած 22.000 դոլարը:
Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Դ.Խաչատրյան, դատավորներ Ն.Տավարացյան և Ս.Միքայելյան), 14.09.2011թ. կայացած դատական նիստում ներկայացնելով գործի նախապաստմությունը, իմ պահանջը համարեց հիմնավորված և հայտարարեց, որ նշված 2 վճիռները համարվում են անվավեր, և ուժի մեջ է թողնվում 14.02.2007թ. վճիռը, և ավելացրեց, որ վճիռը կարող եմ ստանալ 29.09.2011թ.:
Նիստին ներկա էր նաև Լիանա Ղահրամանյանը (ըստ երևույթին, նոր ներկայացուցչի հետ): Դատարանը նրան չդիմեց ոչ մի հարցադրմամբ, և ոչ էլ նրանք որևէ միջամտություն ցուցաբերեցին: Նրանք մնացին դատարանում, ես հեռացա՝ համոզված լինելով, որ վերջապես հարցն արդարացի լուծում ստացավ:
Սակայն 29.09.2011թ. երբ ներկայացա դատարան, նիստերի դահլիճից ինձ դուրս հրավիրեց դատավորի օգնական Եվգինե Սահակյանը և միջանցքի վերջում ինձ տվեց կայացված վճիռը՝ ավելացնելով, որ Ձեր հայցը մերժված է: Բացի կատարված բացահայտ կեղծիքից՝ դատարանը որոշել էր ինձանից բռնագանձել 660 դոլար տուրք, որը համապատասխանում էր պատասխանողին ամրագրված 22.000 դոլարի 3 %-ին՝ չնայած այն բանին, որ ես նշել էի, որ թոշակառու եմ, ստանում եմ 22.000 դրամ թոշակ, իմ խնամքի տակ է նաև որդիս, որը ստանում է 12.000 դրամ թոշակ, որի պատճառով չենք կարողացել դիմել փաստաբանի:
Այնուհետև ես բողոք ներկայացրի ՀՀ նախագահին կից վերահսկողության բաժին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին՝ ակնկալելով որևէ մեկի արդարացի միջամտությունը: Սակայն, ըստ ՀՀ Սահմանադրության, նրանք պատասխանեցին, որ իրավունք չունեն միջամտելու դատարանի գործերին, քանի որ դատարանը անկախ է:
08.10.2011թ. դիմեցի ՀՀ Վճռաբեկ դատարան՝ հուսալով հարցի օբյեկտիվ լուծմանը: Սակայն 31.12.2011թ. ստացա պատասխան, որով գործը վերադարձվում էր՝ պատճառաբանությամբ, որ չի համապատասխանում ՀՀ Քաղ դատ. օր.-ի 231 և 234 հոդվածների 1-ին կետի պահանջներին: Այդ պատճառաբանությունն անհիմն էր, և մնացած բոլոր վճիռները կրում են ձևական բնույթ և մեկի մյուսի մեխանիկական շարունակությունն է:
Կառչելով պարտադրված հաշտության համաձայնագրից, անտեսելով սկզբնական վճիռը՝ գումարը բռնագանձելու պահանջով՝ դատարանը մեզ հայցվորից վերածեց պարտապանի, մի կողմից 22.000 դոլար գումարը որոշեց հօգուտ պատասխանողի, և մյուս կողմից ես պարտապան եմ ճանաչվում իմ եղբոր և նրա ընտանիքի կողմից:
Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վճիռը բողոքարկման ենթակա չէ: Նույնիսկ այս ծանր պահին ԴԱՀԿ ծառայության կողմից ծանուցագիր է ուղարկվել մեզ. անկախ այն բանից՝ դատը կշարունակվի, թե ոչ՝ ինձանից պետք է բռնագանձեն 660 ԱՄՆ դոլար: Ոչ ես և ոչ էլ իմ որդիները չունենք նույնիսկ սեփական բնակարան և մեծ որդուս արտագնա աշխատանքի շնորհիվ կարողանում ենք մի կերպ գոյատևել:
Այսպիսով, դատարանը որպես այդպիսին իր դերը չկարողացավ կատարել և լինել օբյեկտիվ:
Քանի որ սպառվել են բոլոր օրինական միջոցները, ուստի ստիպված դիմում եմ Ձեզ՝ ակնկալելով Ձեր օգնությունը:
Ձեզ հարգող քաղաքացի
Վարուժան Սարգսյան
01.03.2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել