HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջարկվում է վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգը կիրառել նաև վարչական և քրեական դատավարությունների դեպքում

Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունը թոթափելու և ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովման և դատական ռեսուրսների խնայողության նպատակով Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում:

Փոփոխությունը վերաբերում է Վարչական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Ներկայում Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել է վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն, ինչը ուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը և դատական ռեսուրսների խնայողությանը: Նախագծով առաջարկվում է նույնը կիրառել նաև վարչական և քրեական դատավարություններում:

Բացառություն ևս նախատեսված է: Այն դեպքն է, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

Որպես հիմնավորում օրենքի հեղինակները նշել են, թե 2018 թ. ընթացքում միայն Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ Վճռաբեկ դատարանում ստացվել է 1016 բողոք: Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում, որպես կանոն, դատավարության մասնակիցների բացատրություններ տալու, հետևաբար վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու անհրաժեշտությունը հաճախ բացակայում է: Իսկ վարույթ ընդունված յուրաքանչյուր վճռաբեկ բողոք դատական նիստում քննելու հանգամանքը հանգեցնում է վճռաբեկ բողոքների քննությունը երկար ժամկետներում իրականացնելուն, ուստի հեղինակները նպատակահարմար են համարում վարչական և քրեական դատավարություններում որպես ընդհանուր կանոն նախատեսել վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Բացի այդ, նախագծի հեղինակները կարծում են, որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում, եթե անգամ բողոքը քննվում է դատական նիստում, գործին մասնակցող անձինք ելույթ չեն ունենում, եթե Վճռաբեկ դատարանը վերջիններիս հարցեր ուղղելու անհրաժեշտություն չի գտնում:     Անկախ նրանից բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, թե դատական նիստում՝ Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին, բողոքի պատասխանին, գործի նյութերին, իրենց հարցերն են ներկայացնում զեկուցող դատավորին, իրականացնում գործի կոլեգիալ քննություն: Եթե արդյունքում կարծում են, որ առկա է գործին մասնակցող անձանց հարցեր ուղղելու անհրաժեշտություն, ապա Վճռաբեկ դատարանը կարող է որոշում կայացնել բողոքը դատական նիստում քննելու մասին: Ուստի անկախ բողոքի քննության եղանակից՝ գործին մասնակցող անձինք Վճռաբեկ դատարանին վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները կամ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները ներկայացնում են գրավոր, իսկ բանավոր հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը որոշում է Վճռաբեկ դատարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter