
Հարթաշենցի 14-ամյա աղջիկը դժվարանում է պատմել իր հետ կատարվածը
Սյունիքի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը երեկ այցելել է հարթաշենցի 14-ամյա Կարինեին (անունը փոխված է): «Երեխան շատ ծանր հոգեբանական վիճակում է, սթրես է տանում, լարված է»,- ասում է նա:
Բաժնի պետի խոսքով` Կարինեն դժվար հաղորդակցվող երեխա է, և դեպքի մասին հիմնականում ոչ թե նա է ցուցմունք տվել, այլ ծնողները: «Իհարկե, իմ նպատակը ոչ թե դեպքի մանրամասները ճշտելն էր, այլ երեխային աջակցություն ցուցաբերելը,- նշում է Ն. Ավանեսյանը,- ինձ հետ երեխայի տուն էր եկել նաև հոգեբան: Նա էլ փորձեց աշխատել աղջկա հետ, բայց տան մեջ բոլորի ներկայությամբ դա անել հնարավոր չէր: Ես ծնողներին առաջարկեցի, որ նման պարագայում ավելի նպատակահարմար է երեխային տեղափոխել այլ միջավայր, որպեսզի վերականգնումը մի քիչ ավելի արագ կատարվի»:
Սակայն ընտանիքի անդամները, ըստ Ն. Ավանեսյանի, համաձայն չեն և մտավախություն ունեն, որ երեխային տնից հանելը ավելի վատ հոգեբանական վիճակի կհանգեցնի:
«Առաջարկեցինք թեկուզ Գորիսում մի բարեկամի տուն տեղափոխել, պարզապես կտրել այդ միջավայրից, որովհետև այդ տանը բոլորով հավաքվում են, խոսում են, երեխան էլ այդքանին ականատես է լինում և ավելի լարվում»,- ասում է Ն. Ավանեսյանը:
Վերջինս խոսել է Կարինեի փաստաբանի հետ` առաջարկելով իր անունից ընտանիքին համոզել, որ երեխային տեղափոխեն այլ տեղ: «Բայց չեն ուզում, երևի մտածում են, որ եթե երեխային ուրիշ տեղ տանեն, հնարավոր է` մյուս կողմը հանդիպի, գուցե երեխային վախեցնի»,- ավելացնում է Ն. Ավանեսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել