HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քան» ակադեմիայի անվճար առցանց հարթակը՝ Երևանի դպրոցներում

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Երևանի թիվ 179 դպրոցում էին՝ «Քան» ակադեմիայի կրթական հնարավորությունները և ռեսուրսները ներկայացնելու երևանյան դպրոցների՝ «Քան»-ի հարթակով հետաքրքրված տնօրեններին և փոխտնօրեններին։ Այս մասին հաղորդում է «Այբ» կրթական հիմնադրամը:

Երևանի քաղաքապետարանի  հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ կազմակերպվեց հանդիպում 10 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ, ովքեր ցանկանում էին կիրառել «Քան» ակադեմիայի կայքն իրենց դպրոցում: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գայանե Արամյանը, նպատակ ունենալով «Քան» ակադեմիայի կրթական նյութերը հասանելի դարձնել նաև մայրաքաղաքում, համագործակցությունը որոշել էին սկսել դպրոցներից։ 

«Հարթակն ամբողջովին անվճար է և հայալեզու, ինչը շատ կարևոր է, քանի որ կան դպրոցներ, որոնք չունեն մեծ հնարավորություններ: Որոշեցինք  փորձարկել դպրոցներում այս հարթակը և ունեցանք տնօրեններ, որոնք ցանկացան մասնակցել այս հանդիպումներին: Մեծ պատրաստակամություն կա աշխատելու «Քան»-ի հետ. հույս ունենք, որ հետագայում անպայման կընդլայնվի այս համագործակցությունը»,- նշեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանը: 

Գայանե Արամյանը տնօրեններին մանրամասն ներկայացրեց կայքի հնարավորությունները՝ աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված գործիքներն ու ռեսուրսները, և թե ինչպես կարող են դպրոցներն օգտվել անվճար ու հայալեզու այս հարթակից։

Հանդիպմանը մասնակցում էին նաև տնօրեններ, որոնք արդեն «Քան» ակադեմիայի կայքից օգտվելու որոշակի փորձ ունեին: Ըստ Երևանի թիվ 33 հիմնական դպրոցի տնօրեն Ինգա Վարդանյանի՝  «Քան» ակադեմիան բավականին լավ օգնություն է հատկապես ներառական կրթություն իրականացնող դպրոցների և ուսուցիչների համար: «Մենք արդեն 2 տարի օգտագործում ենք «Քան»-ի հարթակը: Մեզ հատկապես օգնում է ներառական կրթության պարագայում՝ անհատական մոտեցման ժամանակ: «Քան»-ը հարմար է նաև դպրոցից ինչ-ինչ պատճառներով բացակայող աշակերտների համար. եթե երեխան չի գալիս դպրոց, տանն էլ կարող է դիտել տեսանյութերը, կատարել առաջադրանքները և թեմայից հետ չմնալ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Այս հարթակի շնորհիվ յուրաքանչյուր երեխայի տրվում է նրա կրթական պահանջներին և կարողություններին համապատասխան կրթություն: Այդ իսկ պատճառով ես՝ որպես տնօրեն, խրախուսում եմ մեր ուսուցիչներին օգտագործել «Քան»-ի հարթակը»: 

Այս քննարկման արդյունքներով կնախանշվեն մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հնարավոր ծրագիրն ու ձևաչափը։ Հիշեցնենք, որ «Քան» ակադեմիան աշխատարանների շարք է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներում և առաջիկայում նման ծրագրեր ունի նաև Արցախում։

«Քան» ակադեմիայի մասին

«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին և առաջնորդվում է «Ապահովել համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։ Հարթակի խաղային տարրերն աջակցում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:

Այսօր «Քան» ակադեմիայի մշակած կրթական նյութերից օգտվում են լավագույն համալսարանների և դպրոցների աշակերտներն ու ուսանողները, հարթակից օգտվում է ավելի քան 60 մլն մարդ աշխարհի 190 երկրից։ Այն տեղայնացնում են 30-ից ավելի երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ 2017 թվականին Հայաստանը միացել է ծրագրին, և արդեն մի քանի տարի տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը՝ հասանելի դարձնելով հարթակը հայ սովորողների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter