HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Երևանի աղբահանության վճարի հավաքագրման պլանը 133 մլն դրամով թերակատարվել է

Վերջին երկու տարում Երևանի ոչ մի վարչական շրջան լիարժեք չի հավաքագրել աղբահանության վճարը. 2018թ. տարեկան պլանը թերակատարվել է 747,8 մլն դրամով, իսկ 2019թ.-ին՝ 133,6 մլն դրամով։

2019թ. վճարի հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Քանաքեռ-Զեյթունում՝ մոտ 70 %: Հավաքագրման ամենաբարձր ցուցանիշը Նուբարաշենում է՝ 99 %:

Մենք փորձել ենք պարզել՝ որոնք են աղբահանության վճարի հավաքագրման պլանի կատարման ցածր ցուցանիշների պատճառները:


Երևանում աղբահանության վճարի գումարը, ավագանու 25 դեկտեմբերի 2019թ. N 180-Ն որոշման համաձայն, մեկ բնակչի հաշվով կազմում է 200 դրամ: Վճարը, մինչ այդ որոշումը, հավաքագրում էին համատիրությունները: 2019թ.-ից աղբի գումարը սկսել են հավաքել Երևանի վարչական շրջանները: Գումարը հնարավոր է վճարել նաև առցանց՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգում:

Աղբի տարբեր տեսակների համար նախատեսված է տարբեր վճար, իսկ այն ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար բնակիչը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության գումարի 0.15 % չափով։

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի: Կախված շինության նպատակից՝ սահմանվում են տարբեր դրույքաչափեր։ Օրինակ՝ հյուրանոցները, հանգստյան տներն ու ավտոկայանները վճարում են 30 դրամ մեկ քառակուսի մետրի համար, կապի և առողջապահության համար նախատեսված շինությունները՝ 18 դրամ, շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտները՝ 70 դրամ։

Երևանի վարչական շրջաններում աղբահանության գումարի մեծ մասը բաժին է ընկնում հենց տնտեսվարող սուբյեկտներին:

Օրինակ՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում աղբահանության վճարի միջինում միայն 6 %-ն է բաժին հասնում բնակիչներին. մնացածը տնտեսվարող սուբյեկտների վճարելիք գումարն է: Բնակիչները համեմատաբար շատ են վճարում Աջափնյակում՝ մոտ 9 %, իսկ ամենաքիչը՝ Կենտրոնում՝ 3 %:

2019թ. Երևանում ընդհանուր առմամբ հավաքվել է մոտ 2,8 մլրդ դրամի աղբահանության վճար: Սակայն նախատեսված պլանը եղել է մոտ 3 մլրդ, թերակատարվել է 133,685 մլն դրամ, ինչը կազմում է ընդհանուր պլանի 4,5 %-ը։ Համեմատության համար, 2018թ․ աղբի հավաքագրումը թերակատարվել է 25 %-ով։

2018-2019թթ. Երևանի վարչական շրջաններից և ոչ մեկն ամբողջովին չի կատարել աղբահանության վճարի հավաքագրման տարեկան պլանը։ Պլանի կատարման ամենաբարձր ցուցանիշը 2019թ․ եղել է Նուբարաշենում՝ 99.07 %, ամենացածրը՝ Քանաքեռ-Զեյթունում՝ մոտ 70 %: 2018թ. ամենաբարձր ցուցանիշը եղել է Կենտրոնում ՝ 96.6 %, ամենացածրը՝ 69.2 % Նոր Նորքում։ 

Աղբահանության վճար
Infogram

Նոր Նորք վարչական շրջանի Եկամուտների հաշվառման և գանձման բաժնի պետ Մանվել Կարապետյանն ասում է, որ աղբահանության վճարի թերակատարման հիմնական պատճառներից են վարչական շրջանի բնակչության «բազայի անճշտությունը», ոչ բավարար քանակով աղբահանության պարագաների առկայությունը և դրա հետևանքով առաջացող քաշքշուկները։ Որպես օրինակ՝ Մ․ Կարապետյանը նշում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որը հրաժարվում է վճարել:

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կատեգորիկ հրաժարվում է վճարել, 24-25 մլն դրամ փող է պարտք, այսպես անորոշ մնում է: Պատճառաբանում է, ասում է՝ պայմանագիր ունի ուրիշի հետ, ինքն է կատարում աղբահանությունը և այլն, էդպես»,- պատմում է Մ. Կարապետյանը՝ հայտնելով, որ այս դեպքի առթիվ դատական քաշքշուկներ կան։

Նա ընդունում է, որ նախորդ տարի՝ 2019թ․, աղբահանությունն իսկապես «վատ էր իրականացվել», ինչի հետևանքով մարդիկ հրաժարվում էին վճարել, սակայն, ըստ բաժնի պետի, այս առումով բնակչության հետ իրենց աշխատանքներն ավելի հեշտ են, քան իրավաբանական անձանց:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պարտքը գոյացել է դեռևս նախկին ղեկավարության ժամանակ, իսկ վճարումները չեն արվել, քանի որ ծառայությունը պատշաճ չի իրականացվել:

«Խոսքը վերաբերում է 2012թ.-ից գոյացած պարտքին, որովհետև մենք համարում ենք, որ ծառայություն չի իրականացվել, և դրա դիմաց, բնականաբար, չի վճարվել,-ասում է Ծ. Խաչատրյանը:-Այս պահին վարչական շրջանի հետ ընթանում են բանակցություններ, և մեզ համար անակնկալ էր այն, որ որևէ դատական ատյանի են դիմել, համենայնդեպս, մենք որևէ ծանուցում չենք ստացել դեռ, մեզ համար բանակցություններն ավարտված չեն»:

2012թ.-ից «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աղբահանությունն իրականացնում է «Անկոլո» ՍՊԸ-ն:

Նոր Նորքի թաղապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման բաժնի պետ Մ․ Կարապետյանն իր հերթին հույս է հայտնում, որ այս տարի ցուցանիշը կբարձրանա, քանի որ վարչական շրջանի «ցուցակները հստակեցվում են», և «աշխատանքներն» արդեն ճիշտ են կազմակերպվում:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում աղբահանության վճարի պլանի կատարման ցուցանիշը և՛ 2018-ին, և՛ 2019-ին եղել է ամենացածրերից՝ 66 % և 70 % համապատասխանաբար։

Քանաքեռ-Զեյթունի Եկամուտների բաժնի պետ Պարույր Մազմանյանը նշում է, որ ցածր ցուցանիշը պամանավորված է 2012թ.-ից չթարմացված բնակչության թվով և հասարակական շինությունների՝ այդ ժամանակվա տվյալներով, իսկ դրանից հետո փոփոխություններ են եղել, բնակչության թիվն էլ նվազել է:

«Նախորդ տարին էր, որ շատ վատ էր աղբահանությունը, էդտեղ էլ խնդիր առաջացավ: Դա էլ պատճառ դարձավ»։ Ըստ նրա՝ հիմնական պատճառը չթարմացված ցուցանիշներն են․ «Մարդահամարով բնակչության քանակը եղել է այսքան, բայց փաստացի ապրողների քանակն ավելի քիչ է։ Կամ, օրինակ, 3 հոգով ապրում են, ասում են՝ մենք 3-ով չենք, երկուսով ենք, մնացածը մեր տանը չեն ապրում, ռայոնում են ապրում, մենք էնտեղ ենք մուծում և այլն: Այլ հարց է, որ չես կարող ոչ մի բան ապացուցել, առնվազն պետք է ապրես նրանց հետ այդ տան մեջ»,- ասում է Պ․ Մազմանյանը՝ նշելով, որ սա հաճախ հանդիպում է սեփական տներում ապրող բնակիչների դեպքում:

Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների վճարումներին, բաժնի պետի խոսքով, թեև իրենց վարչական շրջանը փոքր է, և մեծ տնտեսվարողներ չկան, սակայն նման խնդիրներ լինում են, հատկապես՝ վերջին 2 տարիներին, երբ աղբահանություն իրականացնող ընկերության վերաբերյալ համատարած բողոքներ են գրանցվել: «Կան մարդիկ, որոնք, մանավանդ այս երկու տարիներին, որ խնդիր էր առաջանում աղբը տանելու կամ չտանելու հետ կապված, հրաժարվում էին վճարել, ասում էին՝ ընդհանուր վիճակը վատ է եղել, ծառայությունը չի մատուցվել, ինչի համար վճարել»,- ասում է նա:

Պ. Մազմանյանը հավելում է, որ նախ փորձում են քաղաքացիներին բացատրել իրավիճակը, ապա ստիպված են լինում իրավական ճանապարհով ստանալ գումարը․ «Կան պարտք ունեցողներ, որոնց հետ կապված գործերն արդեն ուղարկում ենք իրավաբանական բաժին, հետո՝ դատարան, և այլն, և այլն»:

Աջափնյակ վարչական շրջանում աղբահանության վճարի կատարման պլանը 2018թ․-ին կազմել է 88 %, իսկ 2019թ․-ին նվազել է՝ 75,4 %։ Աջափնյակի թաղապետարանի Եկամուտների բաժնի պետ Էդիկ Թովմասյանը հայտնում է, որ իրենց վարչական շրջանում աղբահանության վճարի թերի հավաքագրման հիմնական պատճառը բնակիչների վերաբերյալ բազային անճշտություններն են. մարդիկ լքում են երկիրը, տեղափոխվում են, ոմանք էլ վճարունակ չեն:

«Եթե ժամանակավոր են դուրս գալիս՝ 1-2 ամսով, հնարավոր է մեզ չտեղեկացնեն, ամսականը հավաքվի, բայց դե հետո գալիս են, ուղղվում է: Եթե բացակայում են, օրինակ, մեկ ամիս, պարտավոր չեն էդ գումարը վճարել: Փաստացի բնակվող բնակիչներից է գանձվում գումարը»,- ասում է Է․ Թովմասյանը։

Նշենք, որ Աջափնյակում աղբահանության համար բնակչությունից գանձվող գումարը կազմում է տարեկան պլանի մոտավորապես 9 %-ը։

«Հիմնական շեշտը դրել ենք նրա վրա, որ մենք, ծանուցումներով, իրազեկելով, զանգահարելով, փորձում ենք տեղեկացնել, շենքի շքամուտքերում հաշվեհամարները գրված են, որով կարող են աղբահանության վճարը փոխանցել»,- նշում է Է․ Թովմասյանը։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կատարելիք վճարներին, Թովմասյանի հավաստմամբ, իրենց վարչական շրջանում նման խնդիր չկա, բոլորը պատշաճ վճարում են։

Թեև Ավան վարչական շրջանում աղբահանության վճարի գանձման պլանի կատարումը 2018-2019թթ․ գրեթե 10 %-ով աճել է՝ հասնելով 94 %-ի, այնուամենայնիվ, լիարժեք չէ, և այստեղ էլ կան որոշ խնդիրներ։

Շրջանի Եկամուտների հաշվառման և գանձման բաժնի պետ Նվեր Հովհաննիսյանը նույնպես փաստում է․ նախորդ տարվա աղբահանության ոչ լիարժեք իրականացումը պատճառ է դարձել, որ որոշ անձինք հրաժարվեն աղբի գումարը վճարելուց:

«Աղբահանության վճար վճարողնեը տնտեսվարղ սուբյեկտներն են հիմնականում, ինձ թվում է՝ խնդիրը չվճարումների հետ կապված եղել են աղբահանության պրոբլեմները, որոնք որ 2019-ին կային, բայց հիմա վերացել է, տարին էլ նոր ենք սկսել, արդեն ծանուցումներն ուղարկել ենք»,- ասում է Ն․ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կուտակված պարտքերն իրենց հերթին ազդում են տարեկան պլանի կատարման վրա, քանի որ իրենք փորձում են նաև այդ պարտքերը ստանալ:

Ըստ Ն. Հովհաննիսյանի՝ պլանը չկատարելու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ բնակիչները գնում են արտերկիր ու չեն տեղեկացնում, որպեսզի գումար չգանձվի իրենցից:

«Լինում են դեպքեր՝ տունը ծախում են, գնում են, փոփոխություն է լինում, հետո գալիս են, դիմած չեն լինում համատիրություն կամ մեզ, որ գնում ենք, էլ մարդ չի բնակվում, հետո գալիս են, ասում ենք, որ պետք է դիմած լինեին, որ պարտք չկուտակվի, սակայն իրենք վրդովվում են»,- պատմում է Ն. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում փորձում են բացատրական աշխատանքներ տանել: Իսկ ովքեր համամիտ չեն լինում, արդեն գործերն ուղարկում են իրավաբանական բաժին, այնտեղից՝ ԴԱՀԿ, վերջինս էլ կալանք է դնում հաշվի վրա, ինչից հետո կատարվում են վճարները։

«Մարդկանց մտածողության մեջ աղբահանության վճարը միայն աղբի գումարն է, բայց այնտեղ սանմաքրում էլ է իրականացվում՝ ձյան մաքրման աշխատանքներ կամ աշնան տերևաթափը, երբ մաքրում են․ այդ ամենը աղբահանության գումարի մեջ է»,- եզրափակում է Ն․ Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter