
Սարկոզին իր խաբեությամբ միացավ Օբամային. երկուսն էլ չպետք է վերընտրվեն 2012-ին
2012 թվականին Ֆրանսիայի և Ամերիկայի հայերը համայնական մի մարտահրավեր ունեն. ամեն ինչ անել` կանխելու համար իրենց խաբեբա նախագահների վերընտրությունը:
Ոչ Նիկոլա Սարկոզին, ոչ էլ Բարաք Օբաման չկատարեցին հայ ընտրողներին տված իրենց խոստումները: Ֆրանսիայի նախագահը չկատարեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծին աջակցելու իր հանձնառությունը, իսկ Ամերիկայի ղեկավարը խախտեց Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը:
Օբամայի դրժած խոստումների երկար շարանը հանրահայտ է, սակայն քչերը գիտեն Սարկոզիի խաբեության մասին: 2001 թ. հունվարի 29-ին նախագահ Ժակ Շիրակը օրենքով հաստատեց 1998 թ. մայիսի 29-ին Ազգային ժողովի և 2000 թ. նոյեմբերի 7-ին Սենատի ընդունած, Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: Այնուհետև հայ համայնքը խնդրագիր ներկայացրեց Ֆրանսիայի կառավարությանը' Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել 45.000 եվրոյի չափով տուգանք և 5 տարով ազատազրկում' համանման հրեական Հոլոքոստի ժխտման քրեականացման օրենքին:
Այս տրամաբանական ակնկալիքը լուրջ բանավեճի վերածվեց' Ֆրանսիայի վրա թուրքական ճնշման և որոշ ֆրանսիացի մտավորականների հակադրվելու պատճառով, որոնք համառորեն պաշտպանում էին խոսքի ազատությունը: Այս պայմաններում Ֆրանսիայի կառավարությունը փորձում էր կանխել սույն հարցի վերաբերյալ քվերարկությունը Ազգային ժողովում:
Ֆրանսիացի մտավորականները, որոնք առարկում էին այս օրենքին, նկատի ունենալով խոսքի ազատության սահմանափակումը, անտեսում էին այն փաստը, որ 1990 թվականից Ֆրանսիայում նման մի օրենք գոյություն ուներ' Հոլոքոստը ժխտողներին պատժելու համար: Մյուս կողմից, թուրք ուրացողների առաջ քաշած առարկությունները լրիվ անհեթեթ էին: Թուրք բռնակալ ղեկավարները ոչ մի իրավունք չունեին խոսքի ազատության դաս տալ ֆրանսիացիներին, երբ իրենց սեփական երկրում ձերբակալում են լրագրողներին, գրաքննության ենթարկում լրատվամիջոցներն ու արգելում Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Դժբախտաբար, որոշ բարեմիտ, սակայն միամիտ հայեր և նրանց առաջադեմ թուրք ընկերները ևս ընդդիմացան առաջարկվող օրենքին' դրանով իսկ ակամա աջակցելով թուրքական ժխտողականությանը: Նրանք դեմ էին արտահայտվում այս օրինագծին' Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելող թուրքական Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը հավասարեցնելով Ցեղասպանության ժխտման քրեականացման առաջարկվող ֆրանսիական օրենքին:
Սա անհեթեթ համեմատություն է, քանի որ թուրքական օրենքով հանցագործություն է համարվում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտություն ասելը, մինչդեռ ֆրանսիական օրենքով հանցագործություն է համարվում դրա մասին ստելը: Ինչո՞ւ առաջադեմ թուրքերն ու ֆրանսիացի մտավորականները, որոնք պնդում էին, թե աջակցում են խոսքի ազատությանը, չէին առարկել Հոլոքոստի ժխտումը քրեականացնող համանման ֆրանսիական օրենքին: Արդյոք այդ օրենքը նաև չի՞ սահմանափակում խոսքի ազատությունը: Ինչո՞ւ Հայոց ցեղասպանության զոհերը հավասարապես պաշտպանված չլինեն ֆրանսիական օրենքի առաջ:
Երկարատև քննարկումներից և ձգձգումներից հետո Ֆրանսիայի Ազգային ժողովը 2006 թ. հոկտեմբերի 12-ին վավերացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և այն ուղարկեց Սենատ, որտեղ վերջինս սառեցված մնաց մինչև անցյալ շաբաթ:
Մինչ Սարկոզին նախագահի թեկնածու էր, շարունակաբար խոստանում էր աջակցել այդ օրենքի ընդունմանը Ֆրանսիայի Սենատում: Սակայն որպես նախագահ' նա ամբողջովին փոխեց իր դիրքորոշումը և հակադրվեց դրան: Շառլ Ազնավուրի և Ֆրանսիայի ազդեցիկ հայ համայնքի խիստ քննադատությանը ենթարկվելուց հետո և գիտակցելով, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում ինքը շատ հետ է իր հավանական հակառակորդների վարկանիշից' նախագահ Սարկոզին վերջերս հանդիպեց մի քանի հայտնի ֆրանսահայերի հետ և խոստացավ չխոչընդոտել Սենատում օրինագծի ընդունմանը:
Սակայն դա անբավարար էր և մի քիչ ուշացած: Թուրքիայի ղեկավարների կրկին սանձազերծած ուժեղ քարոզչությունից հետո Ֆրանսիայի կառավարությունը Սենատում մեծամասնություն կազմող Սարկոզիի կուսակցությանը (Ժողովրդական շարժման միություն) հանձնարարել էր հակադրվել այդ օրինագծին: Մայիսի 4-ին' երեք ժամ տևած քննարկումներից հետո, Սենատը ձայների 196/74 հարաբերակցությամբ մերժեց օրակարգում պահել օրինագիծը:
Այս օրինագծի համար պայքարն ամենևին էլ չի ավարտվել: Այժմ ֆրանսահայերը, օգտվելով հարցախույզերում նախագահ Սարկոզիի ցածր վարկանիշից, պետք է իրենց ուժերը համախմբեն ֆրանսիացի ընտրողների մեծամասնության հետ' հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության թեկնածուին աջակցելու համար, ինչպես ամերիկահայերն են պատրաստվում ընդդիմանալ նախագահ Օբամային 2012 թ. ընտրություններում:
Ֆրանսիայի արդարադատության նախարարը, փորձելով գալիք ընտրություններում վերջնականապես չվանել ֆրանսահայ ընտրողներին, առաջարկել է հայերից և նախարարության պաշտոնյաներից կազմված մի համատեղ հանձնաժողով ստեղծել, որը դատարանների ուշադրությանը կներկայացնի Ցեղասպանության ժխտման դեպքերը: Սա ողջունելի քայլ է և համապատասխանում է Հոլոքոստի վերաբերյալ գոյություն ունեցող հանձնաժողովին, սակայն ֆրանսահայերը, այնուամենայնիվ, պետք է համառորեն պնդեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունենալը:
Քանի քաղաքական գործիչները թե Ֆրանսիայում, թե Միացյալ Նահանգներում վատ համբավ ունեն իրենց խոստումները դրժելու առումով, ապա երկու երկրում էլ հայերը կարող են իրենց նպատակներին հասնել' միայն իրենց ռեսուրսները միավորելով և ընտրողների համախմբված բլոկ ձևավորելով, որպեսզի սատարեն իրենց քաղաքական կողմնակիցներին և հակազդեն հակառակորդներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.' Ռ.Ավագյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել