HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ձմեռային զորակոչի շրջանակներում դեսպանատներ և ՊՆ վարչական շենք զինծառայողներ չեն զորակոչվել

Պաշտպանության նախարարությունից վստահեցնում են՝ 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում որևէ զինծառայող զինծառայության չի նշանակվել պաշտպանության նախարարության վարչական շենքում` Բագրևանդի 5 հասցեում: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունից նաև հայտնել են, որ նույն զորակոչի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) և Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Հայաստանի դեսպանություններում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու զինծառայողներ չեն ընտրվել և չեն գործուղվել:

Մեզ հայտնի դարձավ, որ վերջին անգամ դեսպանությունների տարածքներ զինծառայողներ գործուղվել են 2017 թվականին: Այժմ նախարարությունում քննարկումներ են ընթանում օրենքի շրջանակում այդ հարցը կրագավորելու համար, որպեսզի զինծառայողների զինծառայության վայր չնշանակվի որևէ դեսպանության տարածք:

ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք, թե այժմ ինչպես է իրականացվում Իրանի Իսլամական Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության տարածքների պահպանությունը: ԱԳՆ-ից հայտնեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանի դեսպանության տարածքի արտաքին պահպանությունն իրականացնում է ԻԻՀ-ի դիվանագիտական ոստիկանությունը, իսկ ՌԴ-ի դեպքում՝ տեղական ոստիկանության դիվանագիտական պահպանությամբ զբաղվող ստորաբաժանումը:

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ-ի՝ 2009 թվականից սկսած ՊՆ ժամկետային զինառայողները օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանությունների տարածքում իրականացնում են պարտադիր զինվորական ծառայություն:

Զինծառայողներն ընտրվում են՝ հաշվի անելով նրանց ֆիզիկական պատրաստվածության և օտար լեզուների իմացության մակարդակը:

ԱԳՆ-ից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը բացել է դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր երկրներում, Մոսկվայում և Թեհրանում ՀՀ դեսպանություններից հայտեր են ստացվել՝ Զինված ուժերի կողմից նրանց պահպանությունն իրականացնելու վերաբերյալ:

«Այս հարցում դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ հնարավորությունները թույլ են տալիս, որպեսզի զինծառայողները բնակվեն դիվանագիտական ներկայացուցչության շենքում»,- այսպես էր բացատրել ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter