HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով:

  1. Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին:

Հանրաքվեի գործընթացն իրողություն է և անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետևաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով:

  1. Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան և հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո:
  2. Դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները:
  3. Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ:
  4. Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում և հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:
  5. Ապահովվելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը:
  6. Հանրաքվեի գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաև գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ:
  7. Մարդու իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը:
  8. Պաշտպանի ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը:

Պաշտպանը հատուկ արձանագրում է անում այն մասին, որ այս երևույթները խոսքի ազատության երաշխիքներով չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են:

  1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս գործընթացում:

Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները:

  1. Հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումների ներքաշվելուց:

Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում:

  1. Հանրաքվեին մասնակցելու և հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter