
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքից հանել խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումները
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում` փորձելով ընդլայնել խմբակցությունների լիազորությունները` խորհրդարանական լսումներ հրավիրելու հարցում:
Գործող կարգավորմամբ` խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում` իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:
Այսպիսով՝ սահմանափակվում է ոչ միայն խմբակցության հրավիրած լսումների քանակը, այլև՝ հարցերի շրջանակը:
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օրենքից հանել այդ սահմանափակումները և ամրագրել, որ ինչպես մյուս իրավասու սուբյեկտերը, այնպես էլ խմբակցությունը կարող է հրավիրել լսում` առանց ամրագրելու որևէ թիվ կամ հարցերի շրջանակ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն ունեն ԱԺ նախագահը, ԱԺ մշտական հանձնաժողովները, խմբակցությունները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը նախատեսում է այն մարմինների սպառիչ ցանկը, որոնք ունեն խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն: Ի տարբերություն Ազգային ժողովի մշտապես գործող մյուս երկու սուբյեկտների՝ (Ազգային ժողովի նախագահ, մշտական հանձնաժողով) խմբակցության՝ լսումներ հրավիրելու իրավասությունն անհիմն սահմանափակված է: Ընդ որում՝ այդ սահմանափակումը վերաբերում է ինչպես խորհրդարանական լսումների առարկային, այնպես էլ դրանց քանակին: Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ ենք համարում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքից հանել այն կարգավորումները, որոնք սահմանափակում են խմբակցությունների կողմից լսումներ հրավիրելու հնարավորությունը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ առաջարկում էր լսումներ հրավիրելու իրավասությամբ օժտել նաև ԱԺ փոխխոսնակներին, սակայն այդ նախագիծը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը և չէր ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:
Մեկնաբանել