HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի

2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույն 10 մարզիկներից յուրաքանչյուրին Կառավարությունը կպարգևատրի 5 մլն դրամով:

Հաշվի առնելով այն, որ լավագույն տասնյակին պարգևատրելու միջոցառման ծրագիր 2019 թվականի բյուջեով նախատեսված չի եղել, և այն չի իրականացվել, անհրաժեշտություն է առաջացել այս տարի լավագույն տասնյակին խրախուսելու։

Պարգևատրման նպատակով ԿԳՄՍ նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 50 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարին օլիմպիական է և սկսած փետրվարի 23-ից՝ մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ մարզիկներին ոգեշնչելու, խրախուսելու և մեծարելու համար նպատակահարմար են գտել կազմակերպել և անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգևատրման երեկո:

«Օլիմպիական խաղերում առաջին տեղը զբաղեցրած մարզիկը կստանա 20 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 15 մլն դրամ, երրորդ տեղը՝ 10 մլն դրամ»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Վարչապետ Ն. Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքն ու ընկալումը սպորտի նկատմամբ:

«Մինչև 2050 թվականի ծրագրում ես առաջարկել եմ, որ կետ ֆիքսենք, որ Հայաստանը   պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և Ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- նշեց վարչապետը:

Տարվա լավագույն 10 մարզիկներն են Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գասպարյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Հակոբ Մկրտչյանը։

Տասնյակի մեծարման երեկոն կանցկացվի փետրվարի 21-ին, նախագահի նստավայրում:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter