«Ո՛չ ՏԻՄ-երի լիակատար կուսակցականացմանը»
«Անկախ ավագանի» նախաձեռնությունը այս կարգախոսով հանդես եկավ փետրվարի 19-ին, Կոնգրես հյուրանոցում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հրավիրած «Տեղական ինքնակառավարման օրենսդրական նախաձեռնություններ» թեմայով քննարկման ժամանակ: Հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվում էր «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ԵԽ-ի փորձագետի ներկայացրած առաջարկները:
Տեղական ինքնակառավարման համակարգի ընտրակարգում նախատեսվող փոփոխություններով՝ ՏԻՄ-երը պետք է ձեւավորվեն համամասնական ընտրությունների միջոցով։ Առաջարկվում է սահմանել երկու տեսակի ընտրակարգ՝
- մինչեւ 10 000 ընտրող ունեցող համայնքներում ավագանու մեծամասնական կարգով ընտրություն եւ համայնքի ղեկավարի ուղղակի կարգով մեծամասնական ընտրություն
- 10 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու համամասնական ընտրություն, համայնքի ղեկավարի անուղղակի կարգով ընտրություն (ավագանու կողմից՝ վերջինիս կազմից):
Այս փոփոխություններով համամասնական ընտրակարգով միայն կուսակցությունները կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին:
«Անկախ ավագանի» նախաձեռնությունը պահանջում է քաղաքացիական նախաձեռնող խմբերին նույնպես հնարավորություն տալ մասնակցելու ընտրություններին՝ համամասնական ընտրակարգով: Հայտարարությանը միացել են հանրապետությունում հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող մի շարք հասարակական կազմակերպություններ եւ համայնքներում հասարակական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներ՝ 68 հոգի:
Նախաձեռնության հայտարարությունը քննարկման ժամանակ ներկայացրեց Ալավերդի համայնքում գործող «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը: Նախաձեռնությանն աջակցողների կարծիքով՝ համամասնական ընտրակարգով միայն կուսակցություններին մասնակցելու հնարավորություն տալու պարագայում համայնքները մեծապես կզրկվեն ակտիվ, համայնքահեն, իրավապաշտպան, ժողովրդավար գործունեություն իրականացնող ավագանու անդամներ ունենալու հեռանկարից, ինչը բացասաբար կանդրադառնա համայնքների զարգացման ու ավագանու ինստիտուտի կայացման վրա։ «Տեղական իշխանությունների լիակատար կուսակցականացումը կհանգեցնի համայնքների ՏԻՄ մեկուսացմանը համայնքահեն եւ այլ շրջանակներից»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախաձեռնությունը հայտնում է, որ այսօր Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում կան քաղաքացիներ, ովքեր ակտիվ համայնքահեն գործունեություն են ծավալում՝ միաժամանակ ցանկություն չունենալով անդամագրվել կամ ասոցացվել որեւէ կուսակցության հետ՝ ելնելով տարբեր պատճառներից։ Կարեւորագույն հանգամանքներից է նաեւ այն, որ կուսակցությունները եւ նրանց տարածքային կազմակերպությունները դեռեւս ունեն կայանալու եւ գաղափարահեն գործունեություն ծավալելու խնդիր։
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն հայտնեց, որ գյուղերում կուսակցականներ չկան: Բացի այդ, երկրում փոփոխություններ բերողը քաղաքացիական նախաձեռնություններն են, որոնք, առաջարկվող ընտրակարգով, զրկվելու են համայնքային կառավարմանը մասնակցելու իրավունքից:
Նախաձեռնությանը միացած «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը օրենսդրական այդ առաջարկի անընդունելի լինելու իր փաստարկների մեջ շեշտեց այն միտքը, որ նոր ընտրական համակարգ ստեղծելու նպատակը պետք է լինի լավ տեղական ինքնակառավարում ունենալը: Իր պատկերացումով՝ լավ տեղական ինքնակառավարումը ինքնուրույն, մասնակցային կառավարումն է, որը չի երաշխավորվում այս փոփոխություններով, իսկ քաղաքացիական նախաձեռնություններին համայնքային կառավարումից զրկելը հակասում է Սահմանադրությամբ, Եվրոպական խարտիայով եւ այլ օրենքներով ամրագրված տեղական ժողովրդավարության գաղափարին:
«Մեզ պետք է խիստ անհանգստացնի այն միտքը, երբ ասում են՝ դա անում ենք կուսակցությունները կայացնելու համար: Տեղական ինքնակառավարման համակարգը քանդելու գնով կուսակցություն մի ստեղծեք: Ես համոզված եմ, որ սա պետք է միայն նրա համար, որ տեղերում ստեղծեն այդ կուսակցության գրասենյակները, նրանք կունենան իրենց կուսակցությունից ավագանիններ: Մյուս վտանգը տեղական ինքնակառավարման ինքնուրույնության գաղափարն է, այս օրինագծով ցանկացած համայնքի ղեկավարի 5 րոպեում կարելի է հանել: Ժամանակին, երբ Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել ենք այս մոդելի վտանգները, նրանք համաձայնել են, որ լուծումը քաղաքացիական նախաձեռնություններին իրենց համայնքի կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալն է»,- ասաց Վահան Մովսիսյանը:
«Անկախ Ավագանի» նախաձեռնությանը միացածների կարծիքով՝ տարիներ շարունակ ՏԻ համակարգը գործել է թերացումներով՝ մասնավորապես ավագանու ինստիտուտի չկայացած լինելու պատճառով։ Ավագանու ինստիտուտի չկայանալու պատճառներից մեկն այն է, որ համայնքում ակտիվ, համայնքահեն եւ հանրային գործունեություն իրականացնող անձինք անարդար ընտրությունների պարագայում մեծ մասամբ դուրս էին մնում գործընթացներից եւ դժվարությամբ էին հայտնվում ավագանու կազմում։ Այն համայնքներում, որտեղ ավագանու կազմում հաջողվում էր ընդգրկվել հանրային ակտիվ գործունեություն իրականացնող անձի, ավագանու ինստիտուտը համեմատաբար գործում էր (առկա են հաջողված օրինակներ)։
Քննարկման մասնակիցներից ոմանք կարծիք հայտնեցին, որ միանգամից համամասնականին անցնելն այնքան էլ ճիշտ չէ, քանի դեռ Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում ներդրված այս ընտրահամակարգի փորձը լիարժեք չի ուսումնասիրվել: Ներկայացրին Երեւանի ավագանու այսօրվա վատ նախադեպը, երբ պատահականությամբ կուսակցական ցուցակներում ընդգրկված մարդիկ հայտնվեցին այնտեղ, եւ անթույլատրելի վարքագիծ են դրսեւորում:
Հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդլայնել նաեւ համայնքների ավագանիների կազմը: Այս առաջարկը հիմանավորվում է նրանով, որ խոշորացված համայնքներում ընդլայնվել է բնակավայրերի թիվը եւ անհրաժեշտ է ավագանու ներկայացուցչություն ապահովել բոլոր բնակավայրերի համար, նաեւ՝ ընդլայնված կառավարում ապահովելու նպատակով:
Նախատեսվում է նաեւ մանդատների բաշխմանը մասնակցելու համար նվազեցնել անցողիկ շեմը: Կուսակցությունների համար սահմանել 3 %՝ գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 5 %՝ գործող 8-ի փոխարեն: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 3 % (5) % կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 4-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 4 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 4 կուսակցություն (կուսակցությունների դաշինք):
Լուսանկարները տրամադրել է Եվրոպայի խորհրդի գրասենյակը
Մեկնաբանել