HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը։

Նախկինում, հիշեցնենք, Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր  Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը)։ Այսինքն՝ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է։

Պաշտպանը նշեց, որ Քննչական կոմիտեն Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն Աբրահամյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 5 մլն դրամի չափով:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ Ռազմիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մեր հարցին՝ Աբրահամյանը որևէ անձի հետ առերեսվե՞լ է, պաշտպանը պատասխանեց, որ որևէ առերեսում տեղի չի ունեցել՝ չնայած հանգամանքին, որ գործում առկա են Աբրահամյանի ցուցմունքին հակասող ցուցմունքներ։

Նշենք, որ կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել փետրվարի 18-ին։ Այն քննվել է երեկ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նիստը տևել է մինչև ուշ գիշեր, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հովհաննես Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում իրենք ներկայացրել  էին գրավի միջնորդություն՝ չնշելով գումարի չափ։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն դատարանը, նախագահությանբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ էր ճանաչել նրա ձերբակալման որոշումն ու նրան ազատ արձակել։ Դավիթ Բալայանը քննել էր նաև Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Աբրահամյանին կալանավորելու  վերաբերյալ ու մերժել այն։  Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը փետրվարի 1-ին մերժել էր բողոքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter