HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Երկու դաշինք, տասը կուսակցություն. Արցախը պատրաստվում է ընտրությունների

Ամիսուկես անց Արցախը նոր խորհրդարան ու նախագահ կունենա:

Նոր Սահմանադրությամբ Արցախում առաջին անգամ կանցկացվեն համընդհանուր ընտրություններ՝ նախագահական և Ազգային ժողովի, դրանք կլինեն նույն օրը:

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակել է մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած նախագահի 14 թեկնածուների անունները և 2 կուսակցությունների դաշինքի ու 10 կուսակցության ընտրական ցուցակները:

Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած երկու դաշինքներն են՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ»-ն և «Նոր Արցախ»-ը:

(Դաշինքների ու կուսակցությունների հերթականությունն՝ ըստ ԿԸՀ կայքի)

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»-ի 65 թեկնածուներից բաղկացած ցուցակը գլխավորում է Արցախի նախկին վարչապետ, նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրան հաջորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ Կարեն Դանիելյանը: Երրորդը՝ «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության անդամ 1989 թվականին ծնված Արամ Հարությունյանն է:

«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին: Իսկ այս տարվա հունվարի 26-ին «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն արտահերթ համաժողովում նախագահական ընտրություններին Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում կայացրեց:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի մաս են կազմում նաև «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:

«Նոր Արցախ»

«Նոր Արցախ» դաշինքը կազմված է «Վաղվա Արցախ», «Ինքնություն և Միասնություն» և «Արցախի Ռամկավար Ազատական» կուսակցություններից։

Նախքան «Նոր Արցախ» դաշինքին անցնելը, հարկ է խոսել մի քանի անսպասելի զարգացումների մասին։

Փետրվարի 11-ին Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայրենիք» կուսակցությունն արտահերթ համագումարից հետո հայտարարություն տարածեց նախագահի թեկնածության հայտ ներկայացրած Մասիս Մայիլյանին սատարելու մասին։

Երկրորդ անսպասելիությունը «Վստահություն» կուսակցության նախագահ Գրիգորի Սահակյանի երկու հայտարարություններն էին։

Առաջինը վերաբերում է «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից և անդամությունից հրաժարվելուն։

«2019թ.-ի հոկտեմբերից սկսեցի կուսակցություն ստեղծելու գործընթացը: Առաջին իսկ օրվանից «Վստահություն» կուսակցությունն ուներ իր հստակ քաղաքական կողմնորոշումը: Սակայն, վերջին որոշ զարգացումները սկսեցին հակասել իմ սկզբունքներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գրիգորի Սահակյանը:

Իսկ փետրվարի 15-ի հայտարարությունը Մասիս Մայիլյանին աջակցելու վերաբերյալ էր․ «Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում սատարել նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին, ում գաղափարներն ու սկզբունքները կիսում եմ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում աջակցելու եմ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքին»:

Նախկին զինվորական Գրիգորի Սահակյանն անցած տարի իր թեկնածությունն է դրել Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին և ստացել է 4765 ձայն՝ զիջելով 7787 ձայն ստացած Դավիթ Սարգսյանին։

«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը գլխավորում է հենց Գրիգորի Սահակյանը։ Երկրորդը «Վաղվա Արցախ» կուսակցությունից առաջադրված բժիշկ Տիգրան Պետրոսյանն է։

Այժմ ներկայացնենք այն տասը կուսակցությունները, որոնք ընտրություններին կմասնակցեն առանձին ցուցակներով (հերթականությունը ԿԸՀ-ի կայքից՝ ըստ առաջադրման հաջորդականության):

«Արցախի Պահպանողական կուսակցություն» (ԱՊԿ)

16 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Երկրորդ հորիզոնականում ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Արայիկ Խաչատրյանն է։

Արցախի պահպանողական կուսակցությունը հիմնադրվել է 2019 թվականի ապրիլի 17-ին։

ԱՊԿ-ն Դավիթ Բաբայանին առաջադրել է նաև որպես նախագահական ընտրությունների թեկնածու։

«Միասնական հայրենիք» կուսակցություն

Այս կուսակցության հիմնադիր-նախագահը Սամվել Բաբայանն է։ Չնայած նրան, որ «Միասնական հայրենիքը» հայտարարել է նախագահական ընտրություններին Մասիս Մայիլյանին սատարելու մասին՝ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով։

62 հոգանոց ցուցակը գլխավորում է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցը։ Բաղունցը 2015թ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Շարժում-88» կուսակցության համամասնական ցուցակով:

Իսկ «Շարժում-88» կուսակցությունը՝ նախագահ Էդուարդ Աղաբեկյանի գլխավորությամբ, ներկայում սատարում է Արայիկ Հարությունյանին։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 2019 թվականին սեպտեմբերի 22-ին։

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակը 2019 թվականի տարեսկզբին նախաձեռնել է ստորագրահավաք: Նպատակը՝ Սահմանադրության մեջ փոփոխել այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին: Փոփոխությունը հնարավորություն կտար Բաբայանին և Սահմանադրության այդ նորմին չհամապատասխանող մյուս քաղաքացիներին առաջադրվել 2020 թվականի գարնանը կայանալիք ընտրություններում:

Օգոստոսի 29-ին, ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ կատարելու նախագծի ստորագրությունների վավերականությունը:

Ըստ առաջարկվող փոփոխության, նախագահի թեկնածու կարող է լինել «Վերջին 10 տարում ԱՀ և կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 3 տարում ԱՀ և կամ ՀՀ բնակվող քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք»:

Ավելի քան 21 հազար ստորագրություն (որից վավեր է ճանաչվել 19 934 ստորագրություն) հավաքած նախագիծն Ազգային ժողովում 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվել է:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն (ԱՎԿ)

«Ազգային վերածնունդ» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի 20 հոգանոց ցուցակով։

Ցուցակը գլխավորում է ԱՎԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը։

2017 թվականին Հայկ Խանումյանը պայքարում էր սահմանադրական փոփոխությունների դեմ:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հիմնադրվել է 2013 թվականի փետրվարին։

2015 թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր ԱՎԿ նախագահ Հայկ Խանումյանը, 2-րդ համարն էր Տիգրան Գրիգորյանը։ 2015 թ. ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում կուսակցությունը դարձավ խորհրդարանական ուժ՝ հավաքելով ընտրությունների մասնակիցների ձայների 5,38 տոկոսը։ Կուսակցության համամասնական ցուցակից պատգամավոր է ընտրվել Հայկ Խանումյանը։

Այսօր կուսակցության 2-րդ համարը դարձյալ մասնագիտությամբ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է։

Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը կմասնակցի նաև նախագահական ընտրություններին։

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»

ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, որը նաև նախագահի թեկնածու է։

33 հոգանոց ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում ՀՅԴ Արցախի ԿԿ Նախագահ, ԼՂՀ նախկին դատախազ Արթուր Մոսիյանը։

Երրորդը ցուցակում ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն է։

2015 թվականի խորհրդարանական ընտրությունների շնորհիվ Դաշնակցությունը ԱԺ-ում 6 մանդատ ստացավ։

«Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» (ԱԺԿ)

Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավորների թեկնածուները 32-ն են։ Այն գլխավորում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որը նաև առաջադրվել է նախագահական ընտրություններում։

Ցուցակի երկրորդ և երրորդ տեղերում ևս ԱԺԿ-ական պատգամավորներն են՝  Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը։

Անցած խորհրդարանական ընտրություններին ԱԺԿ-ն ստացել է 6 պատգամավորի մանդատ։

Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի սեպտեմբերին։ 35 թեկնածուից կազմված ցուցակը գլխավորում է անկուսակցական Վիտալի Բալասանյանը։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը վերջինիս առաջադրել է որպես նախագահի թեկնածու։

Երկրորդը ցուցակում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Մետաքսե Հարությունյանն է։

Կուսակցության ֆեյսբուքյան էջում գրած է, որ «Արդարությունը» ազգային ավանդական արժեհամակարգի վրա ստեղծված և սոցիալական ուղղվածության քաղաքական ուժ է:

«Արցախի հեղափոխական կուսակցություն»

«Արցախի հեղափոխական կուսակցության» 17 հոգանոց ցուցակը գլխավորում է Արցախի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Օսիպյանը, որը հայտնի է իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությամբ։

«Արցախի հեղափոխական կուսակցությունը» հիմնադրվել է 2019 թվականի դեկտեմբերին։

Կուսակցությունը նախագահի թեկնածու չունի։

«Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական» կուսակցություն

«Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական» կուսակցությունը ևս կմասնակցի ԱԺ ընտրություններին։ Նրանք 17 թեկնածուով ունեն:

Ցուցակը գլխավորում է Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմի Գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) բաժնի վարիչ, ԼՂԿԿ Շուշիի շրջկոմի 1-ին քարտուղար Գրիշա Հովհաննիսյանը։

«Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական» կուսակցությունը նախագահի թեկնածու չունի։

«Անկախության սերունդ» կուսակցություն

«Անկախության սերունդ» կուսակցության թեկնածուները 17-ն են։ Կուսակցության ցուցակը գլխավորում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը։

Ռուսլան Իսրայելյանը 2018 թվականի հունիսին հեռացել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից:

Գաղափարախոսությամբ ազգային-պահպանողական «Անկախության սերունդ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 11-ին:

«Անկախության սերունդ» կուսակցության նախագահի թեկնածուն Ռուսլան Իսրայելյանն է։

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցության պատգամավորական թեկնածուները 16-ն են։ Այն գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, վերջինս նաև նախագահի թեկնածու է:

«Հայկական 2 պետությունները մոտ ժամանակներում խաղաղ և անցնցում պետք է միավորվեն ու դառնան մեկ Հզոր Հայրենիք` Միացյալ Հայրենիք»,- կուսակցության պետական գրանցման օրը ուղերձ է հղել Բադասյանը:

Արցախում երբևիցե նման քանակությամբ նախագահի թեկնածուներ ու կուսակցություններ չեն առաջադրվել։

Կուսակցությունների դաշինքների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի 2020թ. փետրվարի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter