
Միկրոձեռնարկատիրություն. նոր համակարգի խութերը
Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը, որի շրջանակներում գործող տնտեսվարողները, որոշակի բացառություններով, ազատվում են պետական հարկերից։ Սա նախորդ տարի ընդունված հարկային փոփոխությունների մի մասն է։ Այն միտված է փոքր բիզնեսի զարգացմանը և էականորեն նվազեցնում է նրանց հարկային բեռը։ Սակայն, միևնույն ժամանակ, Հարկային օրենսգրքի՝ միկրոձեռնարկատիրությանը վերաբերող հատվածում տնտեսվարողներն ու հաշվապահները խութեր են նկատում. օրենսգիրքը տարընթերցումների տեղիք է տալիս, ոմանք չեն կարողանում կողմնորոշվել՝ կարո՞ղ են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում, թե՞ ոչ։
Ինչով է տարբերվում միկրոձեռնարկատիրությունը մյուս համակարգերից
2019 թվականին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո այսօր Հայաստանում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր։ Առաջինը հարկման ընդհանուր համակարգն է, որի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով (20 տոկոս դրույքաչափով) և (կամ) շահութահարկով (18 տոկոս դրույքաչափով):
Իսկ գործող մյուս համակարգերը ենթադրում են հարկային ավելի ցածր բեռ և համարվում հատուկ համակարգեր։ Դրանք են շրջանառության հարկի համակարգն ու միկրոձեռնարկատիրությունը։
Շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպություններն ազատվում են ԱԱՀ-ից ու շահութահարկից և փոխարենը հարկվում են շրջանառության հարկով (1.5-25 տոկոս դրույքաչափով՝ կախված եկամտի տեսակից)։
Իսկ միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվում են ինչպես ԱԱՀ-ից, շահութահարկից, այնպես էլ՝ շրջանառության հարկից։
Միկրոձեռնարկատիրության ոլորտներն ամբողջությամբ հստակեցված չեն
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների իրացման տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 մլն դրամը։ Հարկային օրենսգրքով սահմանված է, թե որ ոլորտներում ու ենթաոլորտներում գործող սուբյեկտները կարող են համարվել միկրոձեռնակատիրության սուբյեկտներ և ովքեր չեն կարող։ Այս մասին իրազեկման թերթիկներ է տարածել նաև Պետական եկամուտների կոմիտեն։ Սակայն, հաշվապահներն ու տնտեսվարողներն այդ ցանկերում հակասություններ են տեսնում։
Հաշվապահ Տիգրան Քեյանը գործունեության մի քանի ոլորտներ է նշում, որոնց մասով հստակեցված չէ՝ կարո՞ղ են աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, թե՞ ոչ։ Նա Էկոնոմիկայի նախարարությանը հրապարակավ խնդրել է հստակեցնել՝ արդյոք անշարժ գույքի գործակալությունները, ավիատոմսերի վաճառքի գործունեություն իրականացնող կազմակերպությունները, օտար լեզուների դասընթացներ կազմակերպողները, հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնք հաճախորդների ցանկության դեպքում ապահովում են նաև սննդի մատուցում և այլք, կարո՞ղ են միկրոձեռնակատիրության համակարգում իրենց գործունեությունը ծավալել, թե՞ ոչ։
«Օրենսդրության մեջ մի քանի ոլորտների մասով տեղեկություններ կան, թե ովքեր կարող են աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում և ովքեր չեն կարող։ Բայց կան հակասություններ։ Օրինակ՝ նշվում է, որ այս դաշտում չեն կարող աշխատել հաշվապահական ծառայություններ մատուցողները, խորհրդատվական ծառայությունները, նրանց համանման ծառայություններ մատուցողները և այլն։ Հենց այստեղ են խնդիրները։ Օրինակ՝ ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե խորհրդատվական ծառայությունների համանմանը ո՞րն է կամ ովքե՞ր են խորհրդատվություն տալիս։ Հիմա ասում ենք, որ վարսավիրական ծառայություններ մատուցողները պետք է ներառվեն միկրոձեռնակատիրության դաշտում, բայց երբ այդ վարսավիրը քեզ խորհուրդ է տալիս մազերդ ինչպես կտրել, դա համարվու՞մ է խորհրդատվություն, թե՞ չէ։ Մինչ օրս Էկոնոմիկայի նախարարությունը հստակ պատասխաններ չի տվել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը։
Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չգիտեն՝ իրենք կարո՞ղ են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում, թե՞ ոչ, ռիկսի են դիմում՝ հայտ ներկայացնելով այդ դաշտում գործելու համար։ Խնդիրն այն է, որ աշխատելուց որոշ ժամանակ անց ՊԵԿ-ը կարող է վերլուծել ու եզրահանգել, որ նշված տնտեսվարողը իրավունք չուներ գործել որպես միկրոձեռնարկատիրություն, օգտվել հարկային արտոնություններից ու պահանջել, որ նշված տնտեսվարողը տույժեր ու տուգաններ վճարի։ Նշենք, որ հայտ ներկայացնելիս տնտեսվարող սուբյեկտն ինքն է որոշում, թե որ դաշտում կարող է գործել՝ հաշվի առնելով իր նախորդ տարվա շրջանառությունը։
«Դուք այսօր ձեզ համարել եք միկրո և այդ դաշտում գործելու դիմում եք ներկայացրել։ Ձեր գործարքներն ամբողջությամբ երևում են ՊԵԿ-ում։ Հունիսին կարող է ՊԵԿ-ի մոնիտորինգի բաժինը վերլուծել ձեր գործունեությունը և տեսնել, որ դուք միկրո չեք կարող համարվել, բայց միկրոյի դիմում եք ներկայացրել ու միկրոյի դաշտում եք աշխատել։ Եվ ձեզ ծանուցում է ուղարկում, որ չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և պետք է ներկայացնեք այլ հաշվարկ։ Եթե դուք շրջանառության հարկում աշխատելու դիմում չեք ներկայացրել, այլ՝ միկրոձեռնարկատիրության, որի իրավունքը չունեինք, դուք ավտոմատ տեղափոխվում եք ԱԱՀ-ի՝ ընդհանուր հարկման դաշտ, և պետք է այդ դաշտին համապատասխան հարկերը վճարեք։ Դա կարող է 6 ամիս հետո լինել, կարող է 2 տարի հետո լինել»,- նկատում է Տիգրան Քեյանը։
Ըստ նրա՝ մինչև այսօր փետրվարի 20-ը ներառյալ, տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ունեցել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտ ներկայացնել Պետական եկամուտների կոմիտե, բայց հետագայում նրանց մի մասը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել՝ իր ոլորտը ճիշտ որոշած չլինելու համար։
«Ավելի քան 20 հազար տնտեսվարող է հայտ ներկայացրել։ Այսօր ՓՄՁ-ի և ամբողջ բիզնեսի զարգացման պատասխանատուն Էկոնոմիկայի նախարարությունն է։ Պետք է լուծել այս հարցը։ Հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված են տնտեսական գործունեության դասակարգիչներ, որոնք ունեն խմբեր ու ենթադասեր։ Օրինակ՝ հաշվապահապան ծառայությունների մասով օրենքով արգելված է, որ համարվեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Երբ մենք Էկոնոմիկայի նախարարությանը հարցրել ենք, թե հաշվապահականի համանմանը ո՞րն է, պատասխանել են, որ դրա մեջ ներառվում է նաև հաշվապահապան դասընթացները, այսինքն՝ անգամ եթե դու հաշվապահություն չես անում, բայց դասընթացներ ես անցկացնում միայն, չես կարող միկրո համարվել։ Իսկ եթե հաշվապահական դասընթացները դիտարկում ես ըստ դասակարգիչների, ապա այն ներառված է մի շարք դասընթացների խմբի մեջ, որտեղ կան նաև օտար լեզուների դասընթացներ, մասնագիտական դասընթացներ։ Հիմա օտար լեզուների դասընթացներ կազմակերպողները կարո՞ղ են համարվել տնտեսվարող սուբյեկտներ, թե՞ ոչ»,- նշում է հաշվապահը։
Էկոնոմիկայի նախարարությունից «Հետքին» տեղեկացրին, որ ծանոթ են այս խնդրին։ Ըստ նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի՝ խնդիրն արձանագրել են, սակայն ավելին այս պահին չեն կարող ասել։ Նախարարությունից խոստացան լրացուցիչ հստակեցումների դեպքում հայտնել մեզ։
Տիգրան Քեյանին նախարարությունից պատասխանել են, որ ներկայացված խնդիների լուծման նպատակով նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Առաջիկայում «Հետքը» կդիմի նաև վարչապետի աշխատակազմին և ֆինանսների նախարարությանը՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվում։
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել