
news.am-ի գործը մտավ դատաքննության փուլ. դատարանը կլսի հայցվորին, պատասխանողին և վկային
Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:
Այսօրվա նիստին հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը պետք է դատարանին ներկայացներ իր ինքնաբացարկի գրավոր միջնորդությունը, սակայն վերջինս դատարանին հայտնեց, որ չի ցանկանում ինքնաբացարկ հայտնել:
Դատարանը կողմերին տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին Հովհաննես Կաթրջյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին առ այն, որ ցանկանում է դատարանում սույն գործով որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող 3-րդ կողմ ընդգրկվել:
Մուրադ Ասրյանը այս միջնորդությանն առարկեց՝ պատճառաբանելով, որ վերջինս գործում որպես վկա է ներգրավված: Նույն հիմնավորմամբ միջնորդությանն առարկեց նաև պատասխանողի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը:
Դատարանը նույնպես մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ Հ.Կաթրջյանին որպես 3-րդ անձ ներգրավելը կողմերի իրավունքների և պարտականությունների վրա ազդեցություն չի կարող ունենալ:
Այնուհետև Մ.Ասրյանը դատարանին ներկայացրեց հերքման և պատասխանի տեքստ, որը հայցի բավարարման դեպքում վճռի հրապարակումից հետո news.am-ը պետք է հրապարակի իր կայքում:
Դ.Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ իրենց լրացուցիչ ժամանակ հարկավոր չէ հերքման տեքստին և պատասխանին ծանոթանալու համար, քնաի որ իրենց դիրքորոշումը պարզ է, և ներկայացվածի վերաբերյալ իրենց առարկությունները կհայտնեն դատաքննության փուլում:
Այսպիսով, կողմերի հետ համաձայնեցնելով, դատարանը որոշեց անցնել դատաքննության փուլ հետևյալ հաջորդականությամբ՝ լսել հայցվորին, հետո պատասխանողին, այնուհետև վկային:
Մեկնաբանել