HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Եվրոպական միության 2019թ. բյուջեով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 65 մլն եվրո արժողությամբ աջակցություն

Եվրոպական միության 2019թ. բյուջեով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 65 մլն եվրո արժողությամբ աջակցություն, որից 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրով մշակվել է երեք ֆինանսավորման համաձայնագրեր՝ ընդհանուր 46 մլն եվրո արժողությամբ, հավելյալ 17 մլն եվրո կտրամադրվի «Հարևանության ներդրումային պլատֆորմ» գործիքի շրջանակում և 2 մլն եվրո՝ Արևելյան գործընկերության հարթակին՝ քաղաքացիական հասարակության ծրագրերի համար:

Կառավարության նիստի օրակարգում ներառված 46 մլն եվրո արժողությամբ երեք ֆինանսավորման համաձայնագրերն են «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար»: Ըստ դրա՝  ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիր՝ 9 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Իսկ վերը նշված 17 մլն եվրոն կօգտագործվի որպես էներգաարդյունավետության վարկային ծրագրի դրամաշնորհային բաղադրիչ։

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել գոյություն ունեցող շենքերում, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, ինչպես նաև հանրային շենքերում, չգազիֆիկացված համայնքներում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում։

Երկրորդ՝ «Տեղական դերակատարների հզորացում զարգացման նպատակով» համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 14 մլն եվրո աջակցություն։

Ծրագրով կնախատեսվեն նորարարական մեթոդներ և գործիքներ՝ համայնքի ներկայացուցիչներին առաջնահերթությունների նախանշմանը և տեղական ռազմավարությունների մշակմանն առնչվող քննարկումներին ներգրավելու համար: Միաժամանակ կձևավորվեն գործողությունների իրականացման տեղական խմբեր, կխթանվի տարբեր շահագրգիռ կողմերի (հանրային, մասնավոր, քաղաքացիական հասարակության), ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև համագործակցությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև համայնքների ռազմավարությունների իրագործման գործընթացում առաջնային դերը և նախաձեռնությունը վերապահել համայնքի անդամներին։

Երրորդ համաձայնագիրը  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիր  բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագրի» ստորագրմանն է վերաբերում։ Ըստ համաձայնագրի՝ ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագիր՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter