HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ. Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ փաստական տվյալներ է ստացել, թե «www.facebook.com» սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատերեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ:

Ըստ ԱԱԾ մամուլի հաղորդագրության՝ հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական և նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ Նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

ԱԱԾ-ն հավաստիացնում է, որ նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter