
Նախարարը կիսում է վարդենիսցիների մտահոգությունը, բայց դեմ է դասադուլին
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկվանից դասերը դադարեցրել են Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում: Պատճառն այն է, որ ծնողներն այլեւս չեն ցանկանում իրենց երեխաներին ուղղարկել 4-րդ կարգի վթարայնություն ունեցող դպրոց, որն ամեն պահի կարող է փուլ գալ:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խնդրին քաջատեղյակ է, սակայն դպրոցին ու ուսուցիչներին խոստումներ չի կարող տալ: Արմեն Աշոտյանի ասելով՝ Հայաստանում կա վթարային 36 դպրոց, որն իրոք վատ բան է:
«Այդ մարդկանց հոգսը, մտահոգությունը կիսելով չեմ կարծում' դասադուլը լավագույն ձեւ է: Դպրոցը մարզային ենթակայության է, բայց ինձ մտահոգում է դասադուլի փաստը: Փորձելու ենք լուծումներ գտնել, որպեսզի դասերի շարունակականությունը շենքային պայմանների հետ չկապեն: Դասադուլը միգուցե խնդրի վրա ուշադրություն սեւեռելու տարբերակ է, բայց խնդրի լուծման տարբերակ չէ, դրա համար դասերը պետք է զանազանենք շենքային խնդիրներից»,-«Հետքի» հետ զրույցում ավելացրեց նախարարը:
Արմեն Աշոտյանի հավաստմամբ՝ նախարարության մասնագետներն առաջիկայում կամ կայցելեն Վարդենիս գյուղ, կամ էլ իրավիճակը Երեւանից կուսումնասիրեն, որպեսզի հասկանան, թե ինչ այլ տարբերակներ կան:
Մեկնաբանել