
ԱՄՆ-ն և Թալիբանը ժամանակավոր հաշտություն են կնքել
Այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի, Աֆղանստանի կառավարության և Թալիբանի ներկայացուցիչները ժամանակավոր հաշտության համաձայնության են եկել։ Ըստ համաձայնության, կողմերը կեսգիշերից սկսած պարտավորվում են 7 oր զերծ մնալ միմյանց դեմ իրականացվող բոլոր տեսակի ռազմական գործողություններից։ Կողմերն այսպիսով հույս ունեն վերջնական դիվանագիտական լուծում տալու Աֆղանստանում արդեն 18 տարի ընթացող պատերազմին, որի արդյունքում զոհվել է շուրջ 150,000 մարդ, որոնցից 50,000-ը խաղաղ բնակիչներ են։
Բանակցությունների ավարտից հետո, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն (Mike Pompeo) հույս հայտնեց, որ այս համաձայնությունը կբերի կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կարող է տեղի ունենալ փետրվարի 29-ին, և որին կհաջորդեն ներաֆղանական բանակցություններ՝ երկրում վերջնական խաղաղություն հաստատելուն ուղղված։ Եթե բանակցությունները հաջող ընթանան, հնարավոր կլինի Աֆղանստանում տեղակայված շուրջ 12,000 ամերիկացի զինվորներին հայրենիք վերադարձնել, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից է եղել։
լուսանկարը՝ Rafiq Maqbool/Associated Press
Մեկնաբանել