HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

6000 պատանի մեկ տարով կազատվի բանակից

Ազգային ժողովում այսօր քննարկվեց կառավարության ներկայացրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսված նոր կրթական չափորոշիչների ներդրման և կիրառման արդյունքում ուսումնական հաստատություններում սովորող անձինք, դեռևս ուսումը չավարտած, հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքի և ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության:

Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներին մինչև նրանց 19 տարին լրանալը տալ տարկետման իրավունք, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի տված տեղեկանք' տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Անդրադառնալով դպրոցն ավարտելուն' պատգամավորներից մեկը նշեց, որ հնարավոր է' աշակերտը մի քանի անգամ մնա նույն դասարանում, և դրանով լուծվի նաև բանակից ընդհանրապես ազատվելու հարցը, քանի որ կլրանա բանակում ծառայելու տարիքային շեմը:

«Եթե ամեն դասարանում անձը 3-4 տարի սովորի, ապա այդպես կլրանա նրա 27 տարեկանը, և ստացվում է, որ նա ծառայությունից կազատվի: Բայց ըստ նախագծի` եթե սովորում է հանրակրթական դպրոցում, և նրա 19 տարին լրացել է, ապա նա կգնա բանակ, քանի որ տարիքային շեմ է դրված օրենքում, այլ ոչ նրա դպրոց ավարտելը: Գործադիրը դա հաշվի առել է»,-ասաց Հ. Թովմասյանը:

Օրենքի փոփոխությունը վերաբերում է մոտ 6 հազար պատանու, ովքեր այժմ սովորում են դպրոցում:

Պատգամավոր Մարզպետունի Մանուկյանը մտահոգվեց, որ նշված պատանիները բաց են թողնում 2 զորակոչ, իսկ բանակը' զինվորների թվաքանակ: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն էլ ասաց, որ բոլոր դեպքերում առավելությունը պետք է տալ նրան, որ երեխան ավարտի դպրոցը, հետո նոր գնա բանակ, իսկ այդ ռեսուրսները լրացնելու այլ ճանապարհներ կառավարությունը հաստատ կգտնի:

Լուսանկարը` mil.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter