«Առավոտ». գարունը Իջեւանում վանդալիզմով եկավ
Գարնան առաջին օրը Իջեւանի քաղաքային զբոսայգում, Տավուշի մարզպետարանից 50 մ հեռավորության վրա, աղտոտված էին խորհրդային տարիներին իջեւանյան քանդակի սիմպոզիումների ընթացքում կերտված 2 քանդակ, նաեւ մի նստարան:
Նստարանն ապականված էր փչվող փրփուրով, փրփուրով աղտոտված էին նաեւ 2 քանդակներ: Քանդակներից մեկի վրա (որի հեղինակն է թուրքմեն քանդակագործ Ջմուդուրդան) դրված էր մետաղյա ջարդված աթոռ: Իսկ արձանի կողքին օղու եւ կոնյակի դատարկ շշերով ցելոֆանե փաթեթ էր:
Քանդակված կնոջ բերանին խոշոր քարակտոր կար դրված: Որոշ իջեւանցիների կարծիքով` հավանաբար այդ ամենը կապ ունի Իջեւանում ներկայումս տիրող լարված քաղաքական իրավիճակի հետ եւ ինչ-որ «մեսիջ է»:
Դեպքի վայրում եղան Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ:
Քաղաքային զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով` այդ բարբարոսությունը գիշերով է տեղի ունեցել եւ, ըստ նրա, միտումնավոր է արված: Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության բանվոր Ռազմիկ Բախչագուլյանի կարծիքով էլ` պարզապես «թշնամություն» է: Նրա խոսքերով` նախօրեին քաղաքապետ Վարդան Ղալումյանի գլխավորությամբ իրենք 17 արծաթափայլ եղեւնի են տնկել քաղաքի Ազատամարտիկների հրապարակում, եւ ծառատունկը ոմանք ծանր են տարել:
Հավելենք, որ Իջեւանի զբոսայգում նախկինում էլ են եղել վանդալիզմի դեպքեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել