HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է քրեականացնել ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը: Շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով:

Հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ նման գործողությունները սպառնում են երեխայի` կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքին, հակասում են ընտանիքի ամրապնդման պետական քաղաքականությանը, ընտանիքի բոլոր անդամների փոխօգնության և միմյանց նկատմամբ ունեցած պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին:

«Ծնողական իրավունքներից հրաժարվելու դեպքում երեխան զրկվում է զարգացման այն հնարավորություններից, որոնք ունենում են ընտանիքում ապրող երեխաները, նրանց մի մասը տեղափոխվում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն, որոնք, հետազոտությունների համաձայն` կարող են անդառնալի ազդեցություն ունենալ երեխաների կյանքի վրա այդ հաստատություններում նույնիսկ ամենալավ պայմանների առկայության պարագայում»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի ստեղծման համար հիմք են հանդիսացել նաև այն քաղաքացիների հայտարարությունները, որ առողջական խնդիրներ (հատկապես Դաունի համախտանիշ) ունեցող նորածինների ծնողներին, հատկապես` մայրերին, խոցելիությունից օգտվելով կամ խաբեությամբ հորդորում կամ որևէ կերպ հարկադրում են հրաժարվել ծնողական իրավունքներից:

«Այդ հանգամանքը պարզելով` հետագայում ծնողները դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` ակնկալելով ստանալ երեխայի կարգավիճակի, գտնվելու վայրի կամ որդեգիր ծնողների վերաբերյալ տեղեկություններ, ինչը հիմնականում անհնար է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից: Առաջարկվող կարգավորումը բխում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայիցև դրան կից «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրության հոդված 3-ից, Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա) հոդված 4-ից, ինչպես նաև Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ից, որը ստորագրվել է Հայաստանի կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ին»,-նշվում է նախագծում:

Նշենք, որ նախագիծը մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter