HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնվել էինք Ագաթա Քրիստիի դետեկտիվ պատմության մեջ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բանտախցում 5 հոգի էինք` զրկված հարազատներից հանձունք ստանալու, զբոսանքի, տեսակցությունների և այլ իրավունքներից. մի խոսքով` գոյատևում էինք: Խցակիցներիցս մեկին հարազատները ծանոթի միջոցով մի քանի զույգ նասկիներ էին ուղարկել: Բայց օրեր անց այդ նասկիներն անհետացան: Հայտնվեցինք Ագաթա Քրիստիի դետեկտիվ պատմության մեջ. փակ խուց, 5 հոգի, դուռ չի բացվել` ուրիշ մարդ ներս ու դուրս չի արել, սակայն նոր նասկիները հօդս են ցնդել: «Ժողով» հավաքեցինք` հանելուկը պարզելու համար: Ոչ ոք չէր խոստովանում, հետո սկսեցին ակնարկներ, հին ու նոր վիճաբանություններ հիշվեցին, բանը հասավ վիրավորանքներին: Որպեսզի մի կաթիլ մեղրի պատմությունը չդառնա, առաջարկ եղավ` բոլորս մեր պայուսակները դնում ենք մահճակալների վրա և հանում ողջ պարունակությունը: Խցակիցներից մեկը, ով ժամանակակից լեզվով ասած` ինքն իրեն համարում էր քրեական ենթամշակույթի կրող, կտրականապես դեմ էր:

-Հո մենք միլիցա չենք, որ մեզ շմոն անենք, - սա էր նրա մոտեցումը:

Նորից երկար քննարկումներ եղան և վերջում որոշում կայացվեց, որ, այնուամենայնիվ, պետք է «խուզարկություն» անցկացնենք, այլապես այդպես էլ հանելուկը չի լուծվի և երկրորդ` իրերի անհետացումը կարող է կրկնվել, ինչն անթույլատրելի է:

Յուրաքանչյուրս մեր պայուսակները դրեցինք մահճակալների վրա և ողջ պարունակությունը հերթով հանում էինք բոլորի աչքերի առաջ:

Իրեն քրեական ենթամշակույթի ջատագով հռչակած և այս խուզարկությանը կտրուկ դեմ արտահայտված դատապարտյալն էր մնացել, բայց այլ ելք չուներ` դանդաղ հանում էր պայուսակի պարունակությունը: Մնաց մի սրբիչ, որի վրա ձեռքով ցույց տվեց.

-Էս էլ սրբիչը, ըհը, իզուր տեղը վրեքներս շմոնչիկի բազառ ենք բերում…

Տղաներից մեկը կասկածանքով նայեց նասկիների տիրոջ վրա։

-Կարո՞ղ ա զուգարանն ես գցել…

Այս ենթադրությունը մի նոր վարկած էր, որի վերաբերյալ երկար «հետաքննություն» կարող էր սկսվել, բայց…

Տղաներից մեկը շմոնին դեմ արտահայտվողին ասաց.

-Մի հատ էդ սրբիչդ հանի սումկայիցդ…

Առեղծվածը բացահայտվեց: Նոր նասկիները նրա պայուսակի մեջ էին, ով դեմ էր խուզարկությանը: Նա չժխտեց, որ ինքն է գողացել և հանգիստ ասաց.

-Ես սաղ կյանքս գողցող եմ եղել, հանցագործ տղա եմ`էտի իմ կայնքն ա: Բա ինքը թազա նասկի ունենա, ես`չունենա՞մ: Ինքը բանտում «попутный пассажир» ա, ուղղակի «мужик» ա, հանցագործ կյանքով չի ապրում ու իրանից գողանալը «западло» չի:

Երկար փորձում էինք բացատրել, որ սիրուն բան չի արել, որ բոլորս էլ բախտակիցներ ենք`մահապատժի խցում նստած, բայց նա իր համոզմունքների մեջ համառում էր ու ասաց, որ նայողին`«палажени» կդիմի, ու մեզ կբացատրեն…

Այս դեպքը 90-ականներին է տեղի ունեցել, ու այն ժամանակ բանտում գտնվող քրեական հեղինակություններից մեկը պարզ և միանշանակ գրեց, որ «առհասարակ խցակցից բան գողացողը կռիս ա, այլ ոչ թե լավ տղա…»: Այդ գրի մեջ բացատրվում էր, որ կարելի է ղումար խաղալ և դիմացինից այդ կերպ վերցնել ուզածդ, որ նման մոտեցումը ազնիվ է: Միևնույն ժամանակ այդ հեղինակությունը ասել էր, որ մահապատժի բաժնում ավելի ճիշտ է`առհասարակ ոչ մի ղումար չլինի:

Այսպիսի պատմություն հիշեցի հեռավոր 90-ականներից: Հիմա պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ: Թե՛ կալանավորների, թե՛ բանտի աշխատակիցների շարքերում կան մարդիկ, ովքեր մտածում են` ինչպե՞ս պետք է վերահսկվեն ազատազրկման վայրերը, որ չլինի այսպես կոչված «беспредел», որը, ըստ իրենց, թույլ չէին տալիս քրեական հեղինակությունները: Այսպես մտածողներն ասում են, որ խցերում և գաղութներում համակարգի աշխատակիցները չեն կարող բոլորին և օրը 24 ժամ վերահսկել, հետևաբար` ներքին զսպող մեխանիզմ պետք է լինի, որ կարգ ու կանոնը չխախտվի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter