
Երբ հաշմանդամությունը խոչընդոտ չէ ապագայի ծրագրեր կազմելիս
Իմ ներկայությունը խոհանոցում չի խանգարում Արեւիկին: Վերջինս շարունակում է հանգիստ աշխատել՝ դասավորելով սենդվիչի համար նախատեսված մթերքները: Հետո վարժ շարժումով, արդեն պատրաստի բրդուճները դասավորում է մատուցարանի վրա ու բերում սրճարանի բարի հատված: Դրամարկղի մոտ կանգնած Անուշը թեթեւակի ժպտում է: Ընկերուհիներն արդեն վարժվել են լրագրողների հետ շփումներին: Այստեղ շատերին են հյուրընկալում իրենց փոքրիկ ու ջերմ տարածքում, որ մշտապես բուրում է թարմ թխվածքի, ֆրանսիական հացաբուլկեղենի, տաք կաթի ու բազմազան թեյերի բույրով:
Գյումրու Աբովյան ճեմափողոցում, 2018թ-ի սեպտեմբերին բացված «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը Անուշի եւ Արեւիկի համար պարզապես աշխատավայր չէ: Այստեղ գոյություն չունեն տարբերակումներ, չկան առավել կամ նվազ կարողությունների տեր մարդիկ՝ բոլորը հավասար են: «Այստեղ մարդուն դիտարկում են՝ որպես հմտությունների տիրապետող մեկը, եւ եթե դու հաշմանդամություն ունես, դա չի նշանակում, որ զիջում ես առողջներին: «Արեգակ»-ում հավասարության նշան է դրած բոլորի համար»,- ասում է Անուշ Մկրտչյանը, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխատում է սրճարանում եւ 2 ամիս առաջ, շնորհիվ «Արեգակ»-ի` կազմել է ընտանիք:
27-ամյա Անուշը 2-րդ կարգի հաշմանդամ է՝ բացակայում են արմունկների ոսկրափոսիկային հատվածները: Ոսկորների թերաճը հայտնաբերվել է ծնվելուց հետո: Ծնվել է 1992թ-ին, Գյումրիում, ընտանիքում 3 երեխաներից երկրորդն է: «Իմ միակ պրոբլեմը էն է, որ ձեռքերս չեմ կարողանում վեր պարզել»,- Անուշը ժպտում է, հետո ծիծաղելով պատմում, որ խոհանոցի բոլոր աշխատակիցների հետ ձեռքի ուժը չափելիս հաղթող է դուրս եկել:
Անուշը մասնագիտությամբ բժիշկ-դեղագետ է: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել է Գյումրիում, ավարտել՝ Երեւանում: Մեծ դժվարություններ է ունեցել դեղագետի աշխատանք փնտրելիս․ գրեթե բոլոր գործատուները պահանջել են աշխատանքային փորձ: «Ես չեմ հասկանում, թե որտե՞ղ պիտի ես այդ փորձը ձեռք բերեի, եթե բոլորը պահանջում են, սակայն ոչ մեկը հնարավորություն չի տալիս,- տարակուսում է Անուշը,- երկար փնտրելուց հետո Գյումրու դեղատներից մեկում աշխատանք գտա, սակայն ինձ 45 հազար դրամ էին տալիս: Մեր ընտանիքն այդ տարիներին ապրում էր Ջրափի գյուղում, ես 1000 դրամ ամեն օր տրանսպորտի վրա էի ծախսում, աշխատավարձից գրեթե բան չէր մնում, էնպես որ էդ աշխատատեղից էլ ես հրաժարվեցի»:
Որոշում է փոխել մասնագիտությունը՝ շուկայում պահանջարկ ունեցող մեկ այլ մասնագիտական որակավորում ստանալով: 2015թ.-ին «Ֆես հաուս»-ում 6 ամիս սովորում է խոհարարություն: Հմտությունները պետք են գալիս, երբ մոր հետ տեղափոխվում են եղբոր մոտ՝ Արեւմտյան Սախալին: Այնտեղ աշխատում է կիսաֆաբրիկատների փոքրիկ ձեռնարկությունում: «Բլինչիկի թերթիկներ կսարքեի, մի քանի օր փորձնական գնացի, հետո անմիջապես աշխատանքի վերցրին: Ուղղակի մեկ տարուց ավելի չկարողացանք մնալ․ մայրս ոսկրերի փխրունություն ուներ, խոնավ կլիման վատ էր տանում եւ 2018թ.-ին հետ եկանք Գյումրի»:
Անուշին ընկերները խորհուրդ են տալիս մասնակցել «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրին, որը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երիտասարդներին առավել հեշտությամբ աշխատանք գտնել: «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը նոր էր բացվել, Անուշը հանդիպում է տնօրենին՝ Տիգրանուհի Հակոբյանին, ստանում մաքրուհու եւ սպասք լվացողի առաջարկ։ «Ես անմիջապես համաձայնեցի, 20 օր կամավորությունից հետո անցել եմ աշխատանքի, երեք ամիս աշխատելուց հետո ինձ վստահեցին գանձապահի աշխատանքը»:
Անուշը ամուսնու՝ Միշայի հետ ծանոթացել է «Արեգակ» սրճարանում: Միշա Ասոյանը «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ռեսուրս կենտրոնում աշխատում էր որպես այգեպան: «Սկզբում ինձ թվացել էր, որ մատուցողուհի գործընկերուհուս համար է գալիս Միշան, հետո պարզվեց, որ հետաքրքրության օբյեկտը ես էի,- Անուշը ծիծաղում է,- նոյեմբերի 29-ին նշանադրվել ենք ու արդեն երկու ամիս է՝ Ազատանից, սկեսրանցս տանից եմ աշխատանքի գալիս»:
Միշայի մասին խոսելիս Անուշի աչքերը փայլում են, խոստովանում է, որ հենց սկզբից էլ երիտասարդն իրեն դուր է եկել, շատ հեշտ ու արագ են ծանոթացել, շփվել: Ապագայի ծրագրերից խոսելիս Անուշը չի թաքցնում, որ երազում են բալիկի մասին: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա այս հարցում էլ ծրագրերը հստակ են: Երիտասարդ ամուսինները ծրագիր են ներկայացրել Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոն: Անուշն ասում է, որ Միշան մտադիր է Ազատանում անասնապահությամբ զբաղվել: «Մենք որոշեցինք դիմել, որ ստանանք գումար անասուն գնելու համար, այդ ծրագրով նաեւ գումար են տալիս, որ կարողանանք մարդ վարձել մեզ օգնելու համար: Փորձելու ենք առանձին տնտեսություն ստեղծել: Մի խոսքով՝ ապրում ու երազում ենք ինչպես շատ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներ»,-խոստովանում է զրուցակիցս:
Սրճարանի պատը զարդարող լուսանկարներից առանձնացնում եմ Արեւիկ Ենգոյանի լուսանկարը: «Պահեմ, նկարի»,-առաջարկում է Արեւիկը: «Պահի, քեզ էլ հետը նկարեմ»,-ծիծաղում եմ ես: «Սա իմ առաջին արտադրանքն էր այսպես ասած,- բացատրում է Արեւիկը,- երեխեքն ասեցին՝ արի, քեզ քո թխած հացերի հետ նկարենք, էդպես ծնվեց էս լուսանկարը»,- պատմելուն զուգահեռ՝ նկարը հարմարեցնում է նախկին տեղում եւ նստում դիմացս: Արեւիկը 30 տարեկան է: Դժբախտ պատահարի հետեւանքով 15 տարեկանում այրվել են դեմքն ու ձեռքերը:
«Ես ծնունդով Հոռոմ գյուղից եմ, հիմա էլ եմ այնտեղ ապրում: Դեպքը տեղի է ունեցել 2004թ.-ին: Դասարանիս տղայի ոտքը կպավ սալյարկայի վառարանին ու տաք սալյարկեն լցվեց վրաս: Հիմնականում դեմքս էր տուժել, ձեռքերս էլ տուժեցին, որովհետեւ վառվող հագուստս էի փորձում հանգցնել»: Արեւիկը պատմում է շատ հանգիստ։ Հինգ պլաստիկ վիրահատություն է տարել, ասում է, հիմա, երբ հերթը հասել է կոսմետիկ վիրատություններին, այլեւս չի ուզում, հոգնել է հիվանդանոցներից, բացի դրանից, ինքն իրեն այսպես էլ է սիրում:
Անուշն ու Արեւիկը ընկերուհիներ են, ծանոթացել են 7 տարի առաջ, Գյումրու «Ագաթ» հասարակական կազմակերպությունում: Հետագայում, գրեթե միասին էլ աշխատանքի են անցել «Արեգակ» սրճարանում: Արեւիկն առաջին մասնագիտությամբ հաշվապահ-օպերատոր է: Ներկայում հոգեբանություն է ուսանում ՇՊՀ-ում, հեռակա 2-րդ կուրսում է: Սրճարանում աշխատանքի է անցել «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրին մասնակցելուց հետո: «Հենց առաջին օրն առաջարկեցին բարմենի կամ հրուշակագործի օգնականի աշխատանք, 6 ամիս անց ինձ կարգեցին սենդվիչի մասնագետ, հացթուխի ազատ օրերին էլ հաց եմ թխում»: Հոռոմից վաղ առավոտյան աշխատանքի հասնելու խնդիրը լուծում է սրճարանի տնօրինությունը՝ վճարելով Արեւիկի տրանսպորտային ծախերը:
«Աշխատանք գտնելու առումով շատ մեծ խնդիրներ չեմ ունեցել, նախկինում հաշվապահի օգնական եմ աշխատել Երեւանում, Գյումրիում դասընթացավար եմ աշխատել տարբեր ծրագրերում՝ ուղղված կոնկրետ հաշմանդամների խնդիրներին, անգամ վարսավիրություն եմ սովորել: Հիմա էլ ակտիվ ծրագրեր եմ կազմում, բայց սրճարանում աշխատելն ինձ համար լրիվ ուրիշ զգացողություն է: Էն, որ սոցիալական խնդիր լուծելուն զուգահեռ հասկանում ես, որ անում ես գործդ սիրով, ոչ թե պարտադրված, ոչ թե կարիքից դրդված»:
Արեւիկը երեք ծրագիր-գաղափար ունի: Դրանցից առաջինը վերաբերում է հանրակրթական դպրոցներում ներառական կրթության անցնելու կապակցությամբ մանկավարժների օգնականների հետ տարվող աշխատանքներին: Մյուս ծրագրով պետք է մոնիթորինգ անցկացնեն հաշմանդամների համար հանրային վայրերում մատչելի միջավայր ստեղծելու վերաբերյալ: Եվ երրորդ ծրագիրը՝ 15 համախոhներով պատրաստվում են հասարակական կազմակերպություն բացել՝ արդեն 7-8 ամիս է այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:
Անուշն էլ, Արեւիկն էլ միաբերան պնդում են, որ վերջին մեկ տարում, իրենց կյանքում տեղի ունեցած դրական փոփոխությունների համար պարտական են «Արեգակ»-ին: Արեւիկը խոստովանում է, որ Երեւանից աշխատանքի հրավեր ունի, սակայն չի պատրաստվում տեղափոխվել՝ վստահ չէ, որ կգտնի մարդկային այն ջերմությունը, անմիջականությունն ու անկեղծությունը, որ կա «Արեգակ»-ում:
Մեկնաբանել