HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Էլեկտրոնային կառավարման գործիքներ՝ ջրթույլտվություններ տրամադրելու եւ ջրօգտագործումը վերահսկելու համար

«Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում պատրաստվել են էլեկտրոնային կառավարման մի քանի գործիքներ, որոնց կիրառումը կնպաստի ոռոգման եւ խմելու ջրի արդյունավետ կառավարմանը, ջրային ոլորտը կառավարողների գործունեության թափանցիկությանը: Այդ գործիքներն ստեղծելու նպատակը ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարումն առավել թափանցիկ եւ արդյունավետ դարձնելն է։ Գործիքները նախատեսված են տարաբնույթ խնդիրներ լուծելու համար:

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջի «էլեկտրոնային կառավարում» պատուհանի ներքո կտեղադրվի մի գործիք, որով կկառավարվի ջրթույլտվությունների տրամադրման գործընթացը: Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանը հայտնեց, որ այդ գործիքը թույլ կտա հնարավորինս պարզեցնել ջուրթույլտվություններ տրամադրելու գործընթացը, կբարձրացնի աշխատանքի թափանցիկությունը, կօգնի նվազեցնել ջրային ռեսուրսների կորուստը: «Հայաստանում առաջին անգամ ներդրվում է էլեկտրոնային գործիք, որը կհեշտացնի քաղաքացի-Շրջակա միջավայրի նախարարություն կապը, կնվազեցնի պաշտոնյաների հետ շփումները, ինչն էլ կնպաստի փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացմանը»,- հայտնեց Է. Փիրումյանը:

Քաղաքացու ջրթույլտվություն ստանալու հայտը կհամարվի ընդունված՝ բոլոր դաշտերը պարտադիր լրացնելուց եւ պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ կցելուց հետո: Այս գործիքը ստեղծելու նախաձեռնությունը Շրջակա միջավայրի նախարարությանն է եղել, աջակցության համար դիմել էին ԱՄՆ ՄԶԳ-ին: Այն իրականացվել է «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում: 

«Արմավիր» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ) կայքէջ ունի՝ armavirwua.am: Այն միակ ՋՕԸ-ն է, որի համար «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն եւ ԵՊՀ «Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն»-ը էլեկտրոնային հարթակ են ստեղծել: Հիշյալ գործընկեր կազմակերպությունները հուսով են, որ կայքէջը կնպաստի ջրային ռեսուրսների մասնակցային կառավարմանը՝ ջրօգտագործողներին հնարավորություն տալով հաշվարկել ոռոգման համար իրենց անհրաժեշտ ջրաքանակը, տեղեկատվություն ստանալ ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ, ծանոթանալ ոլորտի վերջին նորություններին եւ այլն։ Շեշտվեց, որ առաջին անգամ ջուր օգտագործողը հնարավորություն ունի ծանոթանալու իր փաստաթղթերին:

Վեդի համայնքի բնակիչներն այսուհետ կկարողանան գնահատել ջրի հետ կապված ծառայությունների մատուցումը, անհրաժեշտության դեպքում բողոքել եւ առաջարկություններ ներկայացնել ծառայություն մատուցողներին։ Համայնքապետարանի պաշտոնական կայքէջում ավելացվել է «Ջուր» պատուհանը, քաղաքացիները խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված հարցերը կարող են մուտքագրել կայքում: 

Համայնքապետարանի աշխատողները դիմումն ուսումնասիրում են եւ փոխանցում համայնքապետարանի պաշտոնատար անձին, որն այն մակագրում է պատասխանատուին կամ փոխանցվում է տվյալ ծառայությունն իրականացնող հիմնարկին: Հարցի հասցեատերը կարող է լինել «Վեոլիա ջուրը», Ջրային կոմիտեն, համայնքը սպասարկող ՋՕԸ-ն եւ այլն: Քաղաքացիները հնարավորություն ունեն հետեւելու դիմումի կատարման ընթացքին: Այս հավելվածը պատրաստել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ն, որը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի հեղինակն է:

Մշակվել է նաեւ «Բյուրակն» հեռախոսային հավելվածը, որը ցույց է տալիս մոտակա ցայտաղբյուրի ճշգրիտ վայրը եւ հեռավորությունը։ Հավելվածը երիտասարդ գիտնականների մտահղացումն է, որն իրականացրել են «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում։ Այն արձագանքման եւ վերահսկման մեխանիզմ է ջրօգտագործողների համար:

Օրերս կայացած «Առցանց հարթակներ եւ խելացի մոտեցումներ» միջոցառման կազմակերպիչները տեղեկացրին, որ ներկայացված էլեկտրոնային հարթակների եւ գործիքների ստեղծումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նպատակն է՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում մշտապես դիտակետում պահել ստորերկրյա ջրերի նվազելու խնդիրը, ապահովել ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ կառավարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter