HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». գյուղնախարարության կազմակերպությունը թունավորել է Ջերմուկ քաղաքի բաց տարածքները

Սա տեղի է ունեցել ՀՀ կառավարության պահուստային միջոցների հաշվին, սակայն այս և այլ բացահայտումների մասին` հերթով:

Վերահսկողություն իրականացնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու նրա ենթակայությամբ գործող կազմակերպությունների նկատմամբ` ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ) հայտնաբերել է խայտառակ բնույթի բազմաթիվ խախտումներ և ահռելի չափերի հասնող հավելագրումներ: Այնուհանդերձ, դատելով ամենից` ՎՊ-ն իր ունեցած նյութերն այս անգամ էլ չի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի դրանց համապատասխան քրեաիրավական գնահատական տրվի:

Մինչ լրագրային ծավալի սղության պատճառով բացահայտված փաստերի սոսկ մի մասը ներկայացնելը (առավել ուշագրավ մյուս փաստերը կհրապարակենք մոտ օրերս), տեղեկացնենք, որ ՎՊ-ի կատարած ստուգումն ընդգրկել է 2009 թ. հունվարի 1-ից 2011 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը: Այսինքն` խոսքը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, կարկառուն ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանի և ներկայիս նախարար, դարձյալ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սերգո Կարապետյանի պաշտոնավարման ժամանակաընթացքի մասին է:

Նախ մի փոքր, համառոտ անդրադարձ, թե ինչպես են վերականգնվել ինժեներական կառուցվածքները, վերանորոգվել շենքը: Ընտրանքային կարգով Հրազդանի անտառտնտեսության վարչական շենքի վերանորոգման և Կապուտան համայնքի հեղեղատարների հուների մաքրման և ափերի ամրացման 19060000 դրամի աշխատանքների չափագրություններից պարզվել է, որ թույլ է տրվել 1794000 դրամի հավելագրում, որից 1535000 դրամ` «Տիրանուն» ՍՊԸ-ի կողմից և 259000 դրամ` «Աննար» ՍՊԸ-ի կողմից:

Ափապաշտպան կառույցներում կատարված շրջայցից պարզվել է, որ ափապաշտպան կառույցները (գաբիոնների շարը և Գ-ատիպ երկաթբետոնյա կոնստրուկցիաները) որոշ տեղերում արդեն նստվածք են տվել, իսկ առանձին տեղերում նույնիսկ ամբողջովին քանդվել են:

Բույսերի կարանտինի և երկրագործության և Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունների գործունեության ստուգմամբ պարզվել է, որ բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և սննդամթերքի արտահանման և ներմուծման թույլտվությունների տրամադրումը կատարվել է գործող օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես՝ մինչև 10.09.2009 թ. գործող պարտադիր լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի, բուսական ծագում ունեցող մթերքի, սերմերի և տնկանյութի անվանացանկում ներառված բույսերի 5304 խմբաքանակի ներմուծման հավաստագրերը տրվել են առանց լաբորատոր փորձաքննության եզրակացության առկայության: 254736 գլուխ մանր եղջերավոր կենդանիների արտահանման սերտիֆիկատները տրամադրվել են առանց ներկրող երկրի անասնաբուժական պահանջներով նախատեսված հետազոտությունների և պատվաստումների իրականացման:

Արտահանման և ներմուծման թույլտվություն տալու 38723 դեպքերից գրանցվել է ընդամենը 5 մերժման դեպք:

«Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին իրականացվել են նաև Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների դեմ պայքարի միջոցառումներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ախտահանիչ միջոցառումներ իրականացնելու համար օգտագործված 1300 լիտր «Դիազոն-600» թունաքիմիկատը ձեռք է բերվել «Աղավնի Չիլյան» ԱՁ-ից, որը չի ունեցել թունաքիմիկատների վաճառքով զբաղվելու լիցենզիա, ավելին` տվյալ թունաքիմիկատը գրանցված չէ Անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցամատյանում: Ընդ որում, նշված թունաքիմիկատն օգտագործվել է Ջերմուկ քաղաքի բաց տարածքներում ցողելու միջոցով ախտահանումներ կատարելու համար, այն դեպքում, երբ տվյալ թունաքիմիկատի օգտագործումը բաց միջավայրում արգելվում է: Թերևս մնում է եզրակացնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող հիշյալ ՊՈԱԿ-ը Ջերմուկում զբոսաշրջության զարգացումը հասկացել ու դրան «նպաստել է» շատ յուրովի:

Թունանյութերի լաբորատոր փորձաքննության առումով ևս ուշագրավ փաստեր են բացահայտվել: 2009 թ. գրանցված և լիցենզավորված 50 վաճառքի կետերից 23-ից որևէ նմուշառում չի կատարվել: 2010 թ. գրանցված և լիցենզավորված 67 վաճառքի կետերից նմուշառումներ կատարվել են ընդամենը 38-ից, իսկ թե 29 վաճառքի կետերում ինչ թունաքիմիկատներ են իրացվում` այդպես էլ անհայտ է մնացել : Մինչդեռ երևի բոլորին է հայտնի, թե թունաքիմիկատների տեսակը, բաղադրությունը, որակը, ժամկետանց չլինելն ինչ կարևորություն ունեն բնակչության անվտանգության, առողջության, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքները չձախողելու առումով:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter