
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և պաշտոնեական կեղծիք կատարելը, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և պաշտոնեական կեղծիք կատարելը։
ՀՔԾ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը Բաբլոյանի և Բաբայանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար:
Նշենք, որ մինչ այս Արա Բաբլոյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, Արսեն Բաբայանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Գործը երկու անգամ, վերը նշված մեղադրանքներով ուղարկվել է դատախազություն, սակայն գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մեղադրանքը չէր հաստատել։
Լուսանկարում ձախից՝ Արա Բաբլոյանը, Արսեն Բաբայանը
Մեկնաբանել