HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խախտումներ Արմավիրի մարզպետարանում. Հաշվեքննիչ պալատը հրաժարվել է եզրահանգում ներկայացնելուց

2018թ.-ին Արմավիրի մարզպետի որոշումներով 789 քաղաքացիների տրվել է ընդհանուր մոտ 29 մլն դրամ օգնություն: Դրանք ամբողջությամբ տրվել են կանխիկ եղանակով և դրամարկղային գործառնությունների կարգի խախտումներով: Ավելին, մարզպետարանը չի հաստատել դրամական օգնություններ տրամադրելու կարգ:

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության է ենթարկել Արմավիրի մարզպետարանի՝ դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա ֆինանսական հաշվետվությունը և ծրագրերի կատարման համապատասխանությունն օրենքներին, քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված այլ գործարքների չափորոշիչներին և պահանջներին:

Հաշվեքննությամբ ի հայտ է եկել, որ դրամարկղի գրքում և օրդերներում առկա են եղել ջնջումներ, ուղղումներ: Որոշ դեպքերում բացակայել է օգնություն ստացողի ստորագրությունը, թեև վճարումը կատարվել է:

Մարզպետարանից տեղեկացրել են, որ որևէ իրավական նորմատիվ ակտով նախատեսված չէ վճարման կարգ, որով մարզպետարանը կարողանա առաջնորդվել: Այդ իսկ պատճառով մարզպետի 2018թ. հունիսի 15-ի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկում է և ըստ կարիքավորության աստիճանի մարզպետին է ներկայացնում ընտանիքին առաջարկվող դրամական աջակցության չափը: Կարգ ունենալու առաջարկն ընդունելի է եղել մարզպետարանի համար, և միջոցներ կձեռնարկվեն այն մշակելու ուղղությամբ:

Սակայն, այս ամենով չեն սահմանափակվում մարզպետարանում առկա բացթողումները: Հաշվեքննիչ պալատի մասնագետները որոշ դեպքերում տվել են բացասական եզրակացություն և հրաժարվել են եզրահանգում ներկայացնելուց: Պատճառն այն է, որ մասնագետները չեն կարողացել ձեռք բերել բավարար հաշվեքննության ապացույցներ՝ ֆինանսական հաշվետվությամբ կարծիք հիմնավորելու համար: Հետևաբար, չեն արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվության վերաբերյալ:

Օրինակ, պարզվել է, որ 2018թ.-ին մարզպետարանի աշխատավարձի հաշվարկներն իրականացվել են «MS EXCEL» ծրագրով, ինչը չի բխում օրենքի պահանջից: Ընդ որում՝ արձակուրդային վճարների, վերջնահաշվարկների, անաշխատունակության նպաստների, պարգևատրումների և աշխատողներին տրվող օգնությունների հաշվարկները կատարվել են առանձին: Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով աշխատողների համար հաշվարկված համախառն եկամուտների հաշվարկներ՝ վերահաշվարկներ չեն իրականացվել: Աշխատողների առանձին տեսակի եկամուտներից հարկերի և այլ վճարների պահումները կատարվել են առանձին հաշվարկներով:

Ամսական կտրվածքով աշխատողների համախառն եկամտի վերահաշվարկներում դրանք չեն համախմբվել, ինչի արդյունքում աշխատավարձի ամսական հաշվարկներում, որոշ դեպքերում, ներառվել են այլ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվեգրված եկամուտներ: Հաշվեքննության ընթացքում մարզպետարանը չի կարողացել ամբողջությամբ վերականգնել եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացված հաշվարկների հիմնավորումը:

Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները եզրակացրել են, որ Արմավիրի մարզպետարանի կողմից օրենսդրության սահմանված կարգով հաշվապահական հաշվառում չվարելը հանգեցնում է հսկողության համակարգի թերացման և ֆինանսական հաշվետվությունների բացակայության: Սա բերում է նաեւ մարզպետարանի ակտիվների, պարտավորությունների, ծախսերի և եկամուտների կառավարման անհնարինության: Առաջարկվել է անցում կատարել ավտոմատացված համակարգով հաշվապահական հաշվառման վարման, որը սահմանվել է ֆինանսների նախարարության  կողմից:

Արմավիրի մարզպետարանից պարզաբանել են, որ հանձնարարվել է եռամսյա ժամկետում անցում կատարել ավտոմատացված համակարգին: Այն վերաբերում է նաև մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ-ներին:

Պարզվել է, որ նույն վիճակում նաև մարզպետարանի ենթակայության տակ գործող դպրոցները: Օրինակ, ըստ եզրակացության՝ Վաղարշապատի թիվ 1 դպրոցը հաշվապահական հաշվառումը վարել է ԽՍՀՄ տարիներին գործող հաշվարկային պլանով:

Մարզպետարանի ենթակայության դպրոցների զգալի մասում աշխատավարձերի ամսական հաշվարկները կազմվել են թղթային, ձեռագիր եղանակով, և որոշ դեպքերում չեն հաստատվել գլխավոր հաշվապահի և տնօրենի կողմից: Աշխատավարձի ձեռագիր թղթային հաշվարկներում և մարզպետարանին տրամադրվող հաշվետվություններում կատարվել են ձեռքով ուղղումներ՝ առանց պատշաճ հաստատման: Հաշվարկներում չի նշվել հաշվետու ամիսը, հանրագումարները ճիշտ չեն հաշվարկվել, աղյուսակների վերնագրերը չեն համապատասխանել հաշվարկի բովանդակությանը:

Ավելին, պարզվել է, որ 2018թ. Ջրառատի, Լենուղու միջնակարգ և մի շարք այլ դպրոցներում իրականացվել են կանխիկ վճարումներ: Մարզպետարանից փոխանցել են, որ նույն տարվա դեկտեմբեր ամսից այդ դպրոցներն անցել են գանձապետական հաշիվների և կանխիկ գործառնություններ չեն իրականացնում:

«Կանխիկ վճարումների կատարումը հանգեցնում է հսկողության գործընթացների թուլացմանը, մարզպետարանի կողմից հանրակրթական դպրոցի ընդհանուր կառավարման դժվարացմանը, ինչպես նաև կարող են հանգեցնել դրամական միջոցների առավել հեշտ յուրացմանը»,-արձանագրել են Հաշվեքննիչ պալատի մասնագետները:

Նշենք, որ 2018թ.-ին Արմավիրն ունեցել է 3 մարզպետ: Հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Դրանից հետո մի քանի ամիս պաշտոնավարել է Գագիկ Միրիջանյանը, իսկ Արմավիրի գործող մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնը ստանձնել է Կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter