HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի եւ Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումները «Հետքի» հրապարակմանը

«Հետք»-ի «Որ ՀԿ-ներն են ստացել գումարային աջակցություն Գյումրու քաղաքապետարանից 2017-2019թթ.-ին» հոդվածի հրապարակումից հետո՝ փետրվարի 10-ին, խմբագրություն էր դիմել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը՝ հերքման կամ պարզաբանման պահանջով, քանի որ համաձայն չէր հոդվածում տեղ գտած որոշ տեղեկությունների հետ: Հիշեցնենք, որ հոդվածը հրապարակվել էր պաշտոնական հարցման եւ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնից ստացված պաշտոնական տեղեկատվության հիման վրա:

Քանի որ պատասխանը լիարժեք չէր, տրամադրվել էր թերի տեղեկատվություն, հոդվածի վերջում՝ հետգրության մեջ նշվել էր, որ կրկնակի հարցման եւ որոշ տեղեկությունների լրացուցիչ պարզաբանման կարիք ունի նաեւ խմբագրությունը: Քաղաքապետարանից փոխանցեցին, որ շփոթմունքի հետեւանքով սխալ տեղեկատվություն է տրամադրվել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի վերաբերյալ, որի անունը մշակույթի բաժնի 2017-2019թթ.-ի միջոցառումների ցանկում նշված է որպես «Երիտասարդաց միություն»:

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանի փոխանցմամբ, իրենք Գյումրու քաղաքապետարանի հետ ակտիվորեն սկսել են համագործակցել 2015-ից, երբ առաջին անգամ մեծ մասշտաբով նշվել է Երիտասարդների միջազգային օրը:

«Քաղաքապետարանի հետ առավել ակտիվ համագործակցությունը սկսվել է 2015թ.-ից, երբ ՀՀ-ում առաջին անգամ, Գյումրի քաղաքում ձեռնամուխ եղանք եւ իրականացրեցինք Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք,-ասում է Արթուր Նաջարյանը,-քաղաքապետարանից, մեր դիմումի համաձայն, ունեցել ենք համաֆինանսավորում, որը կազմել է ընդամենը 250 հազար դրամ: Այդ օրը տեղի է ունեցել երիտասարդական կառույցների եւ երիտասարդ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կենտրոնական զբոսայգում, հետո տեղի է ունեցել ֆլեշմոբ, իսկ երեկոյան՝ բացօթյա համերգ Վարդանանց հրապարակում: Հիմնականում այդ բեմի եւ տեխնիկայի տրամադրման համար է եղել համայնքի աջակցությունը: Մեր սեփական ներդրումը կազմել է 700 հազար դրամ»:

2019թ.-ի վերաբերյալ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, որ կազմակերպությունը Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների անցկացման համար բյուջեից ստացել է 600 հազար դրամ, հիմնավորված է քաղաքապետարանից ստացված ավագանու նիստի արձանագրությամբ, տեղեկատվությունը հաստատում է նաեւ Արթուր Նաջարյանը՝ շեշտելով, որ սա նույնպես, ինչպես եւ նախորդը, եղել է համաֆինանսավորում: «Սա արդեն համաքաղաքային, մեկօրյա միջոցառումների շարքին է վերաբերում: Ունեցել ենք երկու մեծ կոնֆերանս. մեկը տեղական մակարդակով՝ երիտասարդների հիմնախնդիրների հետ կապված, մյուսով՝ Հայաստանում պաշտոնապես մեկնարկ տրվեց Եվրոպական միության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրին: Սա համաֆինանսավորված ծրագիր էր, քանի որ, բացի քաղաքապետարանից, գումար էին տրամադրել SALTO ռեսուրս կենտրոնը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Այս երկու տարին է, որ համայնքից մենք ստացել ենք գումար, մյուս տարիներին համագործակցությունը կրել է տեխնիկական բնույթ»:

Ա. Նաջարյանը պարզաբանում է, որ ՏԻՄ-ի հետ համագործակցությունը բխում է իրենց կազմակերպության սկզբունքներից: Այսինքն, եթե միջոցառումը համաքաղաքային է, ապա համայնքը եւս պետք է ունենա գործուն մասնակցություն: Ինչ վերաբերում է 2018թ.-ի ապրիլին Սբ. Զատիկի տոնի միջոցառմանը, որի անցկացման համար բյուջեից տրամադրվել է 300 հազար դրամ, ապա «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այդ ամենի հետ կապ չունի: Քաղաքապետարանից նույն միջոցառման առնչությամբ «Հետք»-ին փոխանցեցին, որ եղել է թյուրիմացություն եւ սխալ տեղեկատվություն է տրամադրվել: Նշված միջոցառումն անցկացվել է «Մեղվիկ» ՀԿ-ի, «Ընտանիք կենտրոն»-ի եւ «Փյունիկ» ՀԿ-ի հետ համատեղ: Գումարը տրամադրվել է այս երեք կազմակերպություններին:

«Մեր ՀԿ-ն երիտասարդների համերաշխության օր չի իրականացրել, կամավորներին նվիրված օր նշել ենք, սակայն դա չի եղել համագործակցությամբ քաղաքապետարանի հետ, այլ եղել է մեր կազմակերպության կամավորների միջոցառումը, որին պարզապես ներկա է եղել  փոխքաղաքապետը եւ շնորհավորական ելույթ է ունեցել: Մենք չենք մասնակցել եւ չենք ունեցել ֆինանսավորում նաեւ 2019թ.-ի Գյումրու օր միջոցառմանը, եւ հոդվածում տեղ գտած տեղեկությունը, թե 500 հազար են տվել, չի համապատասխանում իրականությանը: Կարող եմ ասել, որ մենք մեկ անգամ դիմել ենք, որ մեզ 500 հազար դրամով ֆինանսավորեն, բայց դա եղել է 2017թ.-ին եւ ստացել ենք մերժում»:

2017թ.-ին Երիտասարդների միջազգային օրվա առիթով «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հուլիս ամսին դիմել էր քաղաքային իշխանություններին՝ ակնկալելով 500 հազար դրամի աջակցություն: Քաղաքապետարանից հուլիսի 17-ին ստացած պատասխան գրությամբ խնդրանքը մերժվել էր՝ պատճառաբանությամբ, որ համայնքի բյուջեն կազմվել ու հաստատվել է նախորդ տարեվերջին եւ առաջիկա երեք ամիսներին ավագանու նիստ չի լինելու, հետեւաբար եւ ֆինանսական հատկացումներ չեն քննարկվելու (Երիտասարդների միջազգային օրը նշվում է օգոստոսի 12-ին-հեղ.): Դրա փոխարեն քաղաքապետարանից խոստացել էին աջակցել տրանսպորտային միջոցով՝ համերգին մասնակից խմբի՝ Երեւանից Գյումրի տեղափոխումն ապահովելու նպատակով:

Մեկ այլ, ԵՆԿ-Գյումրու քաղաքապետարան երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հոդվածում տեղ գտած տեղեկատվությանը Ա. Նաջարյանը նույնպես անդրադառնում է: Գրել էինք, որ 2019թ.-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն եւ Գյումրու քաղաքապետարանը կնքել էին փոխըմբռնման հուշագիր, որով համայնքապետարանը պարտավորվում է վճարել տարեկան 600 հազար դրամ՝ որպես «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պահպանման ծախսեր: Նշված կենտրոնը ստեղծվել է 2 տարի առաջ եւ գործում է ԵՆԿ-ի ենթակայության ներքո: Հուշագիրը գործելու է մինչեւ 2027թ.-ը, եթե կողմերից որեւէ մեկը չորոշի այն վաղաժամկետ լուծարել:

«Մենք 2018թ.-ին հիմնել ենք «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը՝ Հայաստանում առաջին անգամ ներդնելով պրոֆեսիոնալ բաց երիտասարդական աշխատանքի մոդել,-ասում Ա. Նաջարյանը,-կատարել ենք գրեթե 60 հազար եվրոյի ներդրում: Քաղաքապետարանը մեզ անհատույց, 10 տարով տրամադրել է «Լիլիթ» մանկապարտեզի չօգտագործվող հատվածը, որպեսզի վերանորոգենք ու օգտագործենք, եւ կնքել ենք հուշագիր, որի համաձայն, սկսած 2020թ-ից՝ քաղաքապետարանը ֆիքսված գումար (600 հազար դրամ) է փոխանցելու կոմունալ եւ պահպանման ծախսերի համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter