HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ո՞վ է յուրացնում Համաշխարհային բանկի օգնությունը

Երբ ինչ-որ մի աղքատ երկիր Համաշխարհային բանկից ստանում է օգնություն ճանապարհ և ջրագիծ կառուցելու կամ կոռուպցիայի դեմ պայքարի համար, գրեթե միշտ տեղի է ունենում հրաշք․ աղքատ երկրից հանկարծ սկսում է փող արտահոսել։

Տնտեսագետները պարզել են, որ այն հոսում է ուղիղ դեպի օֆշորներ և, բոլոր տարբերակների վերլուծությունից հետո, հանգել են ամենահավանական տարբերակին. օգնության մի մասը յուրացվում է տվյալ երկրի իշխանական վերնախավի կողմից։ Աղքատ երկրներում միջինում այդ ցուցանիշը կազմում է 7,5 %, իսկ ծայրահեղ աղքատ երկրներում, ցուցանիշը կրկնապատկվում է, հասնելով մինչև 15 %: Երեք տնտեսագետներ, որոնցից մեկը Համաշխարհային բանկի աշխատակից, իրենց եզրակացությունները շարադրել են նախորդ տարի իրականացված հետազոտության մեջ, որոնք փոխանցվել են Համաշխարհային բանկին՝ քննարկումների և հրապարակումների նպատակով։ Նոյեմբերին զեկույցն արդեն պատրաստ է եղել։

Այդուհանդերձ, զեկույցի վերաբերյալ աշխարհն իմացել է միայն փետրվարին և, ընդ որում, բավականին սկանդալային պայմաններում։ Արևմտյան երկու խոշոր պարբերականների, որոնցից մեկն «Economist» պարբերականն էր, կապել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Փենի Գոլդբերգի հեռանալու մասին հրապարակման բացակայությունը, որն այդ պաշտոնում չհասցրեց պաշտոնավարել նույնիսկ կես տարի։

«Economist»-ը, այնուհետ նաև «Financial Times»-ը նկարագրել են չհրապարակված աշխատության բովանդակությունը, և Համաշխարհային բանկում տեղի ունեցած փոփոխությունները կապել զեկույցում ներկայացված փաստերի հետ։ Նրանք իրավիճակն անվանել են ահազանգ այն մասին, որ անկախ փորձաքննությունը և հետաքննությունը երբեմն դառնում են քաղաքական նպատակների զոհ, ինչն, ընդհանուր առմամբ, կասկածի տակ է դնում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, և, հատկապես, աղքատ երկրներին օգնությունը։

Մամուլում հարցի վերաբերյալ մեծ աղմուկ է բարձրացել։ Սկզբում զեկույցի համահեղինակներից մեկը, «բանկի համաձայնությունն ստանալուց հետո», հրապարակել է զեկույցի սևագիր տարբերակը, որն ստացել էր «Էլիտաների կողմից արտասահմանյան օգնության յուրացումը․ օֆշորային հաշիվներից վկայություններ» վերնագիրը։ Ավելի ուշ, առանց ավելորդ աղմուկի, Համաշխարհային բանկն իր պաշտոնական կայք էջում հրապարակել է հետազոտությունը։

Համաշխարհայն բանկը հայտնել է, որ չի արգելել հրապարակման տարածումը, այլ միայն ուշացրել է դրա հրապարակումը, քանի որ կասկածներ կային եզրակացությունների հաստատման վերաբերյալ։ Փենի Գոլդբերգը որևէ կերպ չի բացատրել իր հեռանալը։ «Bloomberg» գործակալությունը հայտնել է, որ բանկի ղեկավար Դևիդ Մալփասը էլ․փոստով հայտնել է աշխատակիցներին, որ Գոլդբերգը վերադառնում է Եյլի համալսարան և «շնորհակալություն հայտնել՝ Համաշխարհային բանկին բարձր մակարդակի գիտական հետազոտություններով ապահովելու համար»։

Ի՞նչ է եղել զեկույցի բովանդակության մեջ

Անդերսոնն իր գործընկերոջ հետ միասին մի քանի տարի առաջ ուսումնասիրել են նավթային երկրներից օֆշորային գոտիներ փողի արտահոսքը, որը տեղի է ունեցել նավթի գների անկումից անմիջապես հետո։ Համաշխարհային բանկի տնտեսագետներից մեկը հետաքրքրվել է սկանդինավցի գիտնականների աշխատությամբ և, շուտով, երեքով ձեռնարկել են համանման նախագիծ․ բացահայտել, թե արդյոք նույն գործընթացը տեղի չի ունենում միջազգային օգնության պարագայում։

Նրանք ուսումնասիրել են շուրջ երկու տասնյակ երկրներից տարադրամի փոխանցումների տվյալները, որոնք առավել կախված են եղել արտոնյալ վարկերից և Համաշխարհային բանկի դրամաշնորհներից։ Գիտնականները բացահայտել են, որ երբ այդ երկրները ստանում են էական ծավալներով օգնություն (երկրի ՀՆԱ-ի 1 %-ից ավելին), դրանց անմիջապես հաջորդում է փողի արտահոսքը դեպի օֆշորային գոտիներ։ Միջինում յուրացվում է ստացված օգնության 7,5 %-ը։

«Այսպիսի համեստ մասշտաբները նվազագույն շեմն են, քանի որ հաշվարկվում են միայն այն միջոցները, որոնք ուղարկվել են արտասահմանյան հաշիվներին և չեն ներառում անշարժ գույքի, շքեղության ապրանքների և այլ երևույթների վրա կատարված ծախսերը»,- նշվում է հետազոտության մեջ։

Եթե օգնության մասշտաբը հասնում է մինչև ՀՆԱ-ի 3 %-ը, ինչը բնորոշ է ծայրահեղ աղքատ երկրներին, որոնց տնտեսություններն ունեն միկրոսկոպիկ ծավալներ, արտահոսքի մասշտաբները հասնում են մինչև 15 %-ի։

«Միանշանակ կարելի է պնդել, որ օֆշորային գոտիներ փողի արտահոսքը ձեռնտու է տնտեսական էլիտաների ներկայացուցիչներին։ Օգնության ներհոսքից փողերի արտահոսքի վերածման հստակ մեխանիզմը բացահայտելը դժվար է, սակայն ամենապարզ և արժանահավատ վարկածը համարվում է քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից տրամադրված միջոցների յուրացումը»,- եզրակացնում են գիտնականները։

Նրանք բացատրում են, թե ինչու են դիտարկում արտահոսող կապիտալի օրինական ծագման վարկածը։ Առաջին հերթին, վերը ներկայացված փողի առկայության սկզբնական փուլում պաշտոնյաները նախընտրում են այդ գումարները պահել բանկային գաղտնիքի ապահովման հիմնական օրրաններում՝ Ցյուրիխում, Լյուքսեմբուրգում, Սինգապուրում և Կայմանյան կղզիներում։ Որևէ ակտիվություն չկա Լոնդոնի կամ Նյու Յորքի ֆինանսական կառույցների ուղղությամբ, չնայած վերջիններիս ունեցած բարձր դիրքը ֆինանսական շուկաներում։ Երկրորդը, քննադատության չի դիմանում այն ենթադրությունը, թե հարկումը միանգամայն օրինական կերպով օպտիմալացնելու համար, գումարները դուրս են բերում Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող նախագծերի կապալառու ընկերությունները։ Հետազոտության հեղինակներն օգտագործել են Համաշխարհային բանկի միջազգային հաշիվների վիճակագրությունը, որը հաշվի է առնում նման գումարների մուտքը ոչ թե որպես փոխանցում, ասենք, Հայաստանից, այլ որպես տեղական օֆշորային ընկերության ավանդների աճ, оրինակ, Բերմուդներում։

Եվս մեկ հավանական պատճառ է արտարժույթի արտահոսքը օֆշորներ։ Այս պարագայում առևտրային և կենտրոնական բանկերի պորտֆելների վերաբալանսավորումնը նույնպես բացառվում է, քանի որ հետազոտությունը վերաբերում էր միայն ոչ ֆինանսական կազմակերպություններին և մասնավոր անձանց փոխանցումներին։

Հետազոտության ուսումնասիրման օբյեկտում եղել են 22 երկրներ, որոնց թվում են Ղրղզստանը, Հայաստանը, Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Մադագասկարը, Մոզամբիկը, Մալավին, Մալին, Նիգերը, Ռուանդան, Սան Թոմե և Պրինսիպին, Սիերա Լեոնեն, Տանզանիան, Ուգանդան, Էրիթրեան և Եթովպիան։ Այս պետություններն ընտրվել են այն պատճառով, որ տնտեսության չափերի հետ համեմատած, օգնությունը բավականին մեծ է, իսկ տեղի բանկային համակարգը զարգացած չէ, իսկ որոշների դեպքում անգամ բացակայում է, այդ իսկ պատճառով էլ արտահոսքը նկատելի չէ։

Հեղիանկները նշում են, որ իրենց եզրակացությունները հաստատում են նախորդ հետազոտությունների արդյունքերը։ Դեռ 2000-ական թվականների սկզբին մի շարք տնտեսագետներ իրենց աշխատություններում ապացուցել են, որ չափից դուրս շատ օգնությունը կարող է նպաստել կոռուպցիայի տարածմանը և տապալել ինստիտուտներին, իսկ արտասահմանյան դոտացիաներից մեծ կախվածություն ունեցող երկրները մտնում են ամենաթույլ զարգացած և ամենակոռումպացված երկրների շարքերում։

նյութի աղբյուը՝ bbc.com

լուսանկարը՝ investopedia.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter