HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» (ԵԺՊԿ) քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Երևանի  քաղաքաշինության ծրագրերի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Քաղաքային պլանավորման՝ քաղաքաշինության, ասպարեզում վերջերս տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ պատկան մարմինները դեռևս հեռու են հանրության կարծիքը լսելուց և հաշվի առնելուց: Չեն կատարվում Գրապալատի շենքի վերաբերյալ կառավարության կողմից տրված խոստումները՝ ստեղծել նոր հանձնաժողով, հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել նոր մրցույթ: Որոշում է ընդունվել Ֆիրդուսի թաղամասն իր այսօրվա ձևով վերացնելու վերաբերյալ: Քաղաքացիներն անհանգստացած են բազում այլ հարցերով: Դալմայի այգիները, Կոնդը, Լեոյի փողոցի շինարարությունը, Տիգրան Մեծի կանաչապատ տարածքի վերացումը, Հանրապետության հրապարակի տակի շինությունների բացման հարցը, Ռուսական թատրոնի կողքի բարձրահարկ շենքի կառուցման հարցը, Հաղթանակի այգու դիմաց ապօրինի շինարարությունը... Խնդիրները չափից դուրս շատ են:

Սա տեղի է ունենում այն պահին, երբ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, իսկ Երևանի Գլխավոր ճարտարապետ պարոն Մեսչյանը հայտարարում է, որ քաղաքացիների իրավունքը՝ բողոքարկել ապօրինի շինարարությունները, պիտի կրճատվի, քանի որ խանգարում է ներդրումներին և սառեցնում շինարարական աշխատանքները:

Պետք է հասկանալ, որ, ինչպես և նախորդ (մինչ 2018 թ.) իշխանությունը, այնպես էլ Հայաստանի ճարտարապետների և շինարարների խոշոր մասը, կորցրել են, ավաղ, հանրության վստահությունը, քանի որ, շահի ետևից ընկնելով, չափից դուրս շատ կոմպրոմիսներ են թույլ տվել, արդյունքում անվերականգնելիորեն աղավաղելով Երևանի տեսքը: Իրադրությունը պահանջում է շտապ փրկության քայլեր, արագ արձագանքման մեխանիզմների ներդրում, ինչը պիտի տեղի ունենա հանրության և պատկան մարմինների միջև գոյություն ունեցող երկխոսության արդյունավետության որակական փոփոխման միջոցով:

Այս իրադրության մեջ «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» (ԵԺՊԿ) քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում (կրկնում) է հետևյալ պահանջները.

ա) պատկան մարմինները պարտավոր են բացել և թափանցիկ ու պրոակտիվ դարձնել քաղաքի վերափոխման վերաբերյալ բոլոր կայացվող և այսուհետ կայացվելիք որոշումների մասին տեղեկատվությունը.

բ) մասնագիտական բոլոր հանձնաժողովների մեջ պետք է անհապաղ ընդգրկվեն հանրության ներկայացուցիչները։ Ճարտարապետներից և քաղաքաշինարարներից բացի, հանձնաժողովները պիտի համալրվեն քաղաքային միջավայրի խնդիրների հետ առնչվող այլ մասնագետներով՝ (մշակութաբաններ, արվեստաբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ և այլն).

գ) բոլոր հանձնաժողովների նիստերը պետք է լինեն թափանցիկ.

դ) վերափոխմանը կամ քանդմանն առնչվող բոլոր առիթներով պետք է հայտարարվեն բաց մրցույթներ.

ե) մրցույթների կազմակերպման չափանիշները պետք է մշակվեն հանրության ներկայացուցիչների և շահառուների հնարավորինս ընդգրկուն շրջանակների մասնակցությամբ. 

զ) մրցութային հանձնաժողովները պետք է համալրվեն հանրության կողմից առաջադրված թեկնածուներով, և հանձնաժողովների որոշումների կարգին տեղյակ պահվի հանրությունը.

է) հանրությունը պետք է որակյալ հնարավորություն ունենա մրցույթին մասնակցող բոլոր նախագծերը քննարկելու։

Ընթացակարգերի միայն այս մեթոդական սկզբունքային փոփոխությունները թույլ կտան քաղաքային պլանավորման (քաղաքաշինության) ասպարեզին՝ դուրս գալ և՛ քաղաքացիների կյանքը վատթարացնելու (մարդու իրավունքները խախտելու), և՛ կոռուպոցիոն-քրեական ու ռիսկային գործարքների մեջ անընդհատ խճճվելու փակուղուց և վերահաստատել հանրության վստահությունը  ճարտարապետների, շինարարների և ներդրողների, ինչպես նաև դեպի քաղաքային պլանավորման հարցերի ի պաշտոնե պատասխանատու պատկան մարմինների՝ անձերի և ինստիտուցիաների հանդեպ:

Այս և նման հարցերը քննարկելու նպատակով ԵԺՊԿ-ն մոտակա ժամանակներում կազմակերպելու է հանրային բաց քննարկում՝ հստակ մեթոդաբանությամբ: Քննարկման տեղը, ամսաթիվը, օրակարգը և գրանցման ձևաթուղթը կհրապարակվեն մոտ օրերս:

Քննարկումից անկախ, ԵԺՊԿ-ն ակնկալում է պատկան մարմիններից անհապաղ պատասխաններ՝ նախապես ձեռք բերված «համաձայնությունների» կարգավիճակի վերաբերյալ, այն է, ե՛րբ ԵԺՊԿ անդամները կհրավիրվեն հանձնաժողովի կազմ, որը պետք է Գրապալատի շենքի նոր նախագծի վերաբերյալ մշակի մրցույթի կանոնները»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter