HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է վարչական տույժ՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի միջավայր չապահովելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է վարչական տույժ նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր չապահովելու պարագայում։

Նախարարությունը նախագիծ է քննարկման ներկայացրել՝ առաջարկելով բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի, տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելու դեպքում անձին/տնտեսվարողներին տուգանել 250 հազար դրամի չափով։ Իսկ հեռուստաընկերությունների կողմից լսողության խնդիրներ ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության նվազագույն պահանջները չապահովելու դեպքում հեռուստաընկերությունը կտուգանվի 50 հազար դրամով։

Նախարարությունը նախատեսում է օրենքը կիրառել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման ներկայացված նախագծում նշել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով սահմանվել են արգելող նորմեր՝ բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի, տրանսպորտային համակարգի շինարարության, վերակառուցման դեպքում համընդհանուր դիզայնի սկզբունքները չպահպանելու, հեռուստառադիոընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվության նվազագույն քանակները չապահովելու վերաբերյալ: Սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց է տվել, որ պատասխանատվության մեխանիզմների բացակայության պարագայում՝ իրավական նորմերի արդյունավետությունը նվազում է կամ դրանք չեն գործում:

Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում չեն իրականացվում ներպետական օրենսդրությամբ սահմանված՝ մատչելիության վերաբերյալ գործող նորմեր ու չափորոշիչներ, ինչպես նաև բավարար չեն քաղաքաշինության, կառուցապատման և հանրային, մասնավորապես՝ տրանսպորտային, տեղեկատվական և հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները:

«Կոմիտեին նաև մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը չի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի և չափորոշիչների խախտման համար, ինչպես նաև այն, որ պետական մակարդակով չեն գործում դիտանցման մեխանիզմներ` նման նորմերի և չափորոշիչների արդյունավետ իրականացումն ապահովելու համար»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter