
6 հարց պատգամավոր Հերմինե Նաղդալյանին
Արդեն մի ամիս է, ինչ փորձում ենք զրուցել պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ իր ամուսնու ազատման դիմումի եւ «Նորաշեն 2007» կոոպերատիվի գործի մասին: Սակայն տիկինը շարունակ խուսանավում է՝ անպատասխան թողնելով մի շարք հարցեր: Նա «Հետքի» թղթակցին խոստացել էր, որ հարցազրույց կտա, սակայն, տեղեկանալով թեմայի մասին, ամեն կերպ խուսափում է: Այսքանին հետո Հերմինե Նաղդալյանին մեր հարցերն ուղղում ենք հրապարակավ, չնայած նրանից պատասխան ստանալու ակնկալիք առանձնապես չունենք: Սրա պատճառն էլ այն է, որ պատգամավորն իր ու իր ամուսնու հետ կապված սկանդալային պատմության եւ դրա մանրամասների մասին խոսելու բան չունի, ավելի ճիշտ՝ պարզապես չի ուզում խոսել: Առջեւում ընտրություններն են, ու, ինչպես արդեն նշել ենք, այս պատմության մասին բարձրաձայնելն ուղղակի ձեռնտու չէ հանրապետականներին:
Եվ այսպես՝ մեր հարցերը տիկին Նաղդալյանին:
1. Մեր տեղեկություններով՝ Ձեր ամուսինը՝ Արարատի հարկայինի այլեւս նախկին պետ Դավիթ Բեգլարյանը, տուժած շահառուների՝ ՊԵԿ-ին ուղղված նամակից հետո զգուշացում է ստացել ղեկավարությունից, որպեսզի «Նորաշեն 2007»-ի հետ կապված աղմուկ նրա պատճառով այլեւս չբարձրանա: Սակայն երբ շահառուները երկրորդ անգամ են դիմել ՊԵԿ-ին, Բեգլարյանին հանձնարարել են նամակ գրել ու աշխատանքից ժամանակավոր դուրս գալ, քանի որ այս ամենը ընտրություններից առաջ խաթարում է ՀՀԿ-ի վարկը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:
2. Մամուլին ասել էիք, որ Ձեր ամուսինը հիվանդ է եւ իր՝ այլ աշխատանքի անցնելու ցանկության պատճառով է դիմում գրել: Որտե՞ղ է նա այժմ աշխատում եւ, եթե գաղտնիք չէ, ի՞նչ հիվանդ է:
3. Չաուշի 14/3 շենքի 8 շահառուների բնակարանները վերադարձնելու հարցն ի՞նչ փուլում է: 6-ի հետ համաձայնության էիք եկել, ի՞նչն է պատճառը, որ այս 8 հոգու հետ ընդհանուր լեզու չեք գտնում:
4. Այս 8 հոգուց Դուք գումար պահանջե՞լ եք բնակարանները վերադարձնելու դիմաց: Բնակիչները պատմել են, որ նրանցից, ում հետ հաշտության եք եկել, տարբեր չափի (5-10 հազ. դոլար) գումար եք վերցրել, ինչը Դուք չեք հերքել: Մեր տեղեկություններով՝ վերջերս նման կերպ փորձել եք ընդհանուր եզրեր գտնել շահառուներից երկուսի հետ, որոնք Ձեզ դեմ քաղհայցեր են ներկայացրել դատարան, սակայն նրանք չեն համաձայնել գումար վճարել Ձեզ, որպեսզի վերադարձնեք բնակարանները:
5. Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ձեզ եւ Ձեր ամուսնուն տեսել են դատարանի նախագահի սենյակ մտնելիս, որտեղից դուրս եք եկել 2-3 ժամ անց: Ճի՞շտ է, որ հենց «Նորաշեն 2007»-ի այդ 8 բնակիչների քաղհայցերի գործերով էիք գնացել այնտեղ եւ ասել, որ բանակցում եք նրանց հետ՝ հաշտություն կնքելու համար:
6. Բնակիչները հավաստիացնում են, որ ոչ մի բանակցություն էլ չի ընթանում: Նշանակու՞մ է սա, որ բնակարանները չեք վերադարձնելու: Չէ՞ որ այդ անձինք Ձեզնից առաջ արդեն այդ բնակարանների հետ կապված են եղել նախավճարի պայմանագրերով:
Մեկնաբանություններ (42)
Մեկնաբանել