HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարարը ներկայացրեց դատական օրենսգրքով առաջարկվող հիմնական փոփոխությունները

«Իմ` նախարար նշանակվելուց հետո նախարարությունում երկու պրոցես սկսվեց՝ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարական փաստաթղթերի մշակումը»:

Այս մասին ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած` «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու խորհրդարանական լսումներին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Երկուսով էլ ամրագրեցինք, որ խորքային խնդիրներ կան, այդ թվում նաև պետական կառավարման համակարգում առհասարակ: Ես բազմիցս նշել եմ` այն խնդիրները, որոնք կան դատական համակարգում, առկա են նաև իրավապահ մարմիններում: Հարց էր առաջացնում՝ ինչու հենց դատականից սկսել, հարցը ավելի քան պարզ պատասխան ուներ՝ քանի որ դատական իշխանությունն է երաշխավորը մարդու իրավունքների»,- ասաց նախարարը:

Ռուստամ Բադասյանի խոսքով` Դատական օրենսգրքի փաթեթը բավական քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, կա նաև Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը առաջարկվող փաթեթի վերաբերյալ:

«Անդրադառնամ հիմնական կարգավորումներին` ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը մոդելն առաջարկվում է փոխել. հանձնաժողովն ութ անդամից է բաղկացած լինելու` երկուսը մասնագիտացված դատավորներից, երկուսը` առաջին ատյանի քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներից, մեկը` վերաքննիչ դատարանից, մեկը` վճռաբեկ դատարանից, և երկու հեղինակավոր իրավաբան-գիտնական: Հիմնական նորամուծությունը ՀԿ-ների կողմից առաջադրվող երկու իրավաբան-գիտնականի մոդելն է, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական արձագանքի է արժանացել»,- ասաց նախարարը:

Ռուստամ Բադասյանի խոսքով` դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից:

«Մեկական դատավոր տարբեր ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Այսինքն նույն մոդելը` ՀԿ-ների կողմից առաջադրման կարգի որոշակի առանձնահատկություններով, նախատեսված է նաև դատավորների գնահատման հանձնաժողովի համար: Ինչ է իրականացնելու գնահատման հանձնաժողովը, քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ, և եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, նման դեպքերում գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարի ներկայացմամբ` դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել. հարցազրույցի ընթացքում ԲԴԽ-ն հաշվի է առնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված խորհրդատվական բնույթի եզրակացությունը թեկնածուի բարեվարքության վերաբերյալ:

«Հոգեբանական թեստի չափանիշները, ըստ նախագծի, պետք է սահմանվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից, և այդ չափանիշների հիման վրա էլեկտրոնային հարթակ պետք է մշակվի, որը խորհրդատվական բնույթի եզրակացություն է ներկայացնելու ԲԴԽ-ին` որոշում ընդունելու ժամանակ»,- ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով` առաջարկվող փաթեթով ներդրվել է գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը:

«Գույքի փոփոխությունը եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, նման դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին: Իհարկե, ՍԴ դատավորների դեպքում կա առանձնահատկություն, այդ դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ թե դիմում է ԲԴԽ-ին, այլ` խորհրդարանին` ՍԴ-ի դատավորի դեմ էական կարգապահական խախտման հիմքով հարցը քննարկելու համար ՍԴ դիմելու հարցով»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` առաջարկվում է կարգապահական վարույթի շրջանակներում ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի անդամների լիազորությունները:

«Մասնավորապես վկա հրավիրելու, փորձաքննություն նշանակելու հարցերով, ներդրվել է նաև բողոքարկման մեխանիզմ` ԲԴԽ-ի որոշումների` նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով: Իհարկե Վենետիկի հանձնաժողովի կարծքին այն է, որ ԲԴԽ-ի բոլոր ակտերը բողոքարկման հնարավորություն պետք է ունենան, սակայն դա հնարավոր չէ իրականացնել մինչև սահմանադրական փոփոխություների իրականացումը, դրա համար այս մոդելն է ընտրվել»,- մանրամասնեց Բադասյանը:

Ինչ վերաբերում է մինչ նշանակումը դատավորի և այլ բարձրաստիճան պաշտոնյայի բարեվարքության ստուգմանը` նախարարն ասաց.

«Բարեվարքության ստուգումը ենթադրում է անձի որոշակի անցյալ գործունեության հետ կապված տեղեկատվությունների հավաքում: Այս մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն ունի դիմել պետական, տեղական կառավարման մարմիններին` որոշակի տեղեկություններ հավաքելու համար, հնարավորություն կա ուսումնասիրել սոցիալական ցանցերը, ընդհանրապես անձի վերաբերմունքը մարդու իրավունքների վերաբերյալ, կոռուպցիոն գործարքներում հնարավոր դրսևորումները: Նաև դատավորի թեկնածուն լրացնում է հարցաթերթիկ, եթե նախկինում տվյալ անձը չի ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր, այնուամենայնիվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելի կլինի վերջինիս լրացրած հարցաթերթիկը, որի միջոցով հնարավոր կինի պարզել տվյալ անձի և նրա հետ համատեղ բնակվող անձի գույքային դրության փաստացի համապատասխանությունը վերջիններիս օրինական եկամուտներին»,- ասաց Բադասյանը:

Նոր նախագծով առաջարկվում է դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից իջեցնել 25-ի:

«Սա լայնորեն քննարկված թեմա է, ֆիքսենք, որ սա նշանակում է՝ դատավոր են դառնալու 25 տարեկանում, սա նշանակում է, որ հավակնորդը, 25 տարեկանից սկսած, կարող է դիմել: Սա որոշակի դաշտ է ստեղծում նոր սերնդի ներկայացուցիչների մուտքը դատական համակարգ ապահովելու համար»,- ասաց նա:

«Մեկ փոքրիկ, բայց կարևոր փոփոխություն. օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու գործերը պահվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ բոլոր դատավորներին` ի տարբերություն գործող կարգի, որով նման թույլտվությունը ԲԴԽ-ի կողմից տրված է որոշ դատավորների»,- ասաց Բադասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter