HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրաքվեն ծուղակ է

Իշխանությունը, որպես ամենահրատապ հարց, օրակարգ է մտցրել Սահմանադրական դատարանի լիազորությունները դադարեցնելու հանրաքվեն:

Ըստ պաշտոնական հիմնավորման` ՍԴ-ի 9 դատավորներից 7-ը նշանակված է նախորդ իշխանությունների կողմից, մշտապես ենթարկվել են նրանց, չեն ընդունել գործող լեգիտիմ իշխանության կանոնները, հետևաբար անկանխատեսելի են:

Ներկայացվեց, որ նոր նշանակվող դատավորներն՝ ըստ Սահմանադրության, իրենց կարգավիճակով տարբերվում են ՍԴ գործող անդամներից, և վերջիններս այլևս չեն կարող մասնակցել դատարանի որոշումների ընդունմանը: ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը տեղում  հայտարարեց՝ քանի որ նոր կարգով ընտրված երկու դատավոր կա, ուրեմն ինքն է ՍԴ նախագահը: Թողած տպավորությունն անլուրջ էր, և այդ փաստարկի շրջանառությունը դադարեցվեց: Ապա հայտարարվեց, որ ԱԺ-ի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց կամ փոփոխությունները հանրաքվեի դնելուց առաջ պարտադիր չէ, որ ԱԺ-ն ստանա ՍԴ-ի դրական եզրակացությունը: Հետո նոր հիմնավորում գտնվեց. ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, և իր ճակատագրին վերաբերող հարցով նպատակահարմար չէ դիմել հենց ՍԴ:

Բարոյական հարթություն անցնելով՝ հիշեցնում են, որ ՍԴ նախագահը  քաղաքական թիմի անդամ է եղել, մյուս անդամներն էլ կատարում էին նախորդ իշխանության իջեցրած պատվերները: Թեև իրենք էլ արձանագրում են, որ, ըստ գործող օրենսդրության, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել՝ առանց ՍԴ-ի եզրակացության: Ու քանի որ Հայաստանի Հանրապետությունում չկա մի խնդիր, որի լուծման լիազորություն, իրավասություն, իշխանություն չունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ապա այդ հարցը պետք է լուծել և կլուծվի հանրաքվեով:

Յոթ դատավոր զոհելու գործում պետք է հնարավորինս շատ ժողովուրդ ներքաշել: Բոլորը հասկանում են, որ կատարվում է խարդախություն, բայց ունեն արդարացում՝ խարդախությունը նախո՛րդ իշխանության հանդեպ է:
Մոլորեցնում են, որ եթե հանրաքվե է, ուրեմն ամենաիրավականն է: Ո՛չ վարչապետը, ո՛չ շարքային քաղաքացին ցանկացած հարց կամայական ձևով լուծելու իրավունք չունի, հատկապես ապօրինի հանրաքվեի միջոցով:

Սա վատ տեղ է տանում. նույնն է, որ ընկածի վրա ամբոխով հարձակվեն ու արդարանան, թե իրենք ճիշտ են, քանի որ շատ են:

Ապօրինի այս միջոցառման հետևանքները ծանր են անդրադառնալու առաջին հերթին հենց քաղաքացիների վրա: Առաջին անգամ ապօրինության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու (կամ բարդվելու) է քաղաքացիների վրա: Սրանից հետո ամեն օր մի դաղալություն անելը արդեն դժվար է լինելու զսպել. ամեն մեկն իր դիրքում մի արդարացում կգտնի:

Մինչև հիմա՝ սկսած 1995,1996 թթ.-ի և մնացած ընտրություններից ու սահմանադրական հանրաքվեներից ապօրինությունները կազմակերպում էին օրվա իշխանությունները՝ ժողովուրդը կամ ընդվզում էր, կամ գոնե դրանից հեռու էր փորձում մնալ: 1998 թ.-ից, ժողովրդի ընդվզումը թուլացնելու նպատակով, համատարած ներդրվեց մրցակիցներին գնելու և ժողովրդին կաշառելու միջոցը: Իշխանությունները ձգտում էին համապետական անօրինականության մեջ ներգրավել ժողովրդին և ընդդիմությանը՝ նրանց ևս պատասխանատվության մասնակից դարձնելու համար:

Համապետական ամեն մի ապօրինության արդյունքում տուգանվել են թե՛ պետությունը, թե՛ կազմակերպիչները: Առաջինը՝ 1995-ի ԱԺ-ի ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի կեղծիքների կազմակերպման պիոներ Է. Եգորյանը, այդ պրոցեսում կառավարման լծակները կենտրոնացնելով իր ձեռքերում՝ վտանգավոր դարձավ իշխանության վերնախավի մյուս անդամների համար, արագ հեռացվեց ազդեցության լծակներից, այնուհետև՝ ընդհանրապես իշխող թիմից: Ժողովուրդը ստացավ կեղծված Սահմանադրություն և իր կողմից չընտրված իշխանության կլանների ներկայացուցիչներից կազմված ԱԺ: Վանո Սիրադեղյանը՝ բացի պետական այլ հանցագործություններից, 1995, 1996թթ. ընտրությունների կեղծարարության և ժողովրդի նկատմամբ բռնություններ և հետապնդումներ իրականացրած հեղինակներից էր: Իր ղեկավարած ոստիկանության կամայականությունները դրանից հետո էլ ավելի շատացան:

98-ի ներիշխանական հեղաշրջումից հետո իր զինակիցների կողմից մեղադրվեց տարբեր պաշտոնյաների և քաղաքացիների սպանություններում, փախավ հանրապետությունից:

Լևոն Տեր-Պետրոսյանը 1995 թ. Սահմանադրության հանրաքվեի ու 1996 թ. նախագահական ընտրությունների կեղծիքների գլխավոր շահառուն էր: 1995-96 թթ. կեղծիքներից հետո պետական հարցերը լուծվում էին ոչ թե օրենքներով, այլ կլանային հասկացություններով: 1996-ի ընտրությունները կեղծելով ու զինված հրոսակներով իշխանությունը պահելով՝ Տեր-Պետրոսյանը լեգիտիմությունից զրկվեց, 1998-ին դարձավ Վազգեն Սարգսյանի կողմից կազմակերպած ներիշխանական հեղաշրջման զոհը:

Վազգեն Սարգսյանը՝ 1995 ,1996, 1998, 1999 թթ. համապետական ընտրությունների կեղծիքների հիմնական հեղինակներից, իսկ 1998-ի հեղաշրջման առանցքային հեղինակն էր: 1999-ի ԱԺ ընտրություններում ամբողջ պետական ապարատի լծակներն ու արդեն  ձևավորվող օլիգարխներին օգտագործելով, նրանց ԱԺ-ում տեղավորելով՝ դարձավ վարչապետ և չորս ամիս հետո գնդակահարվեց: Իշխանությունը կենտրոնացավ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձեռքում, և պետական կարևորագույն հարցերում որոշումներ կայացնելում մեծ դեր հատկացվեց   օլիգարխիային, տնտեսությունն էլ ամբողջությամբ անցավ նրանց:

Ռոբերտ Քոչարյանը 1998, 2003 թթ. կեղծիքներով դարձավ ՀՀ նախագահ, 2005-ին նկարած արդյունքներով անցկացրեց սահմանադրական հանրաքվեն, 2008 թ.-ի նախագահական ընտրությունների խախտումների և ժողովրդին ճնշելու կոորդինատորն էր: 2008-ի նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանին փոխանցելուց հետո տասը տարի մոռացված էր: Այժմ բանտարկված է՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

Սերժ Սարգսյանը՝ 1995-ի սահմանադրական հանրաքվե ու ԱԺ ընտրություններ, 1996-ի նախագահական ընտրություններ, 1998-ի ներիշխանական հեղաշրջում ու նախագահական արտահերթ ընտրություններ, 2003-ի նախագահական ընտրություններ, 2003-ի ԱԺ ընտրություններ, 2007-ի ԱԺ ընտրություններ, 2008-ի նախագահական ընտրություններ, 2012-ի ԱԺ ընտրություններ, 2013-ի նախագահական ընտրություններ, 2015-ի Սահմանադրության հանրաքվե, 2017-ի ԱԺ ընտրություններ: 2018-ին, ժողովրդի պարտադրանքով, հանձնեց իշխանությունը:

1995-ի սահմանադրական կեղծված հանրաքվեն ծուղակ էր, որին հետևեցին վերոնշյալ իրադարձությունները:

Նույն շրջապտույտի մեջ չհայտնվելու համար հանրաքվեն բոյկոտելը քիչ է. պետք է գնանք ընտրատեղամասեր և «Ոչ» ասենք առաջարկվող օրակարգին: Այլապես՝ ոչ միայն իշխանությունը, այլև ՀՀ քաղաքացիներով կվերածվենք ՀՀԿ-ի:

Սա արձանագրում եմ՝ որպես 2018-ի հեղափոխության անվերապահ մասնակից: 

Վահե Վարսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter