HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երվանդ Խունդկարյան. «Գուցե հանրությունն այլ կերպ ընկալի, որ գործադիր իշխանությունն ավելի վեր է, քան դատական իշխանությունը»

Վերջին հինգ տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի դատավորների ուսերին յուրաքանչյուր տարի դրված է 250 հազար գործ:
Այս մասին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը` անդրադառնալով այն դժգոհություններին, որ դատական նիստերը կարող են նշանակվել տարիներ անց:
«Տարեկան 250 հազար գործ, և ընդամենը 230 դատավոր, եթե պարզ թվաբանություն էլ անենք, կստացվի, որ յուրաքանչյուր դատավորի ծանաբեռնվածությունը տարեկան 1000-ից ավելի է, իսկ եթե բաժանենք այդ թիվը տարվա աշխատանքային օրերի վրա, կտեսնենք, որ դատավորը այլընտրանք չունի, քան չորս ամիը մեկ նիստ անելու, բայց  վստահեցնում եմ, որ դատավորները աշխատում են նաև ոչ աշխատանքային օրերին»,- ասաց Խունդկարյանը:
Խունդկարյանի կարծիքով` դատական իշխանությունը թերևս թերանում է իր աշխատանքը հասարակությանն ի ցույց դնելու տեսանկյունից:
«Այո, այն, ինչ անում են դատավորները հասարակության շատ ու շատ ներկայացուցիչներ դրա մասին տեղեկացված չեն»,- ասաց նա:

Խունդկարյանը խոսեց նախագծի` իրեն մտահոգող առաջարկների մասին: Վճռաբեկ դատարանի նախագահի համար մտահոգիչ է այն, որ նախագծում պարտադիր դրույթ է սահմանվել դատավորի թեկնածուի` երկու և ավելի օտար լեզվի իմացությունը:

«Իբր մեր կադրերն էնքան շատ էին, հիմա մենք փորձում ենք ընտրություն անել և պարտադրում ենք դատավորներին առնվազն երկու օտար լեզու իմանալ: Իմ կարծիքով դատավորը հոյակապ մակարդակով պետք է տիրապետի մայրենի լեզվին, և խրախուսիչ նորմ կարող է լինել որևէ օտար լեզվի կամ լեզուների իմացությունը: Երկու օտար լեզվին գերազանց տիրապետող 28 տարեկանից բարձր անձը հաստատ չի ցանկանա այսօրվա  ծանրաբեռնվածությամբ դատավոր աշխատել»,-ասաց նա:

Երվանդ Խունդկարյանը մտահոգություն ուներ նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու առնչությամբ:

«Մտահոգություն ունեմ գործադիր իշխանության մարմինը ներկայացնող արդարադատության նախարարի կողմից ընդհանրապես դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հանգամանքների վերաբերյալ, այո, մենք որոշակի անհանգստություն ունենք նաև այն տեսանկյունից, որ գուցե հանրությունն այլ կերպ ընկալի, որ գործադիր իշխանությունն ավելի վեր է, քան դատական իշխանությունը, և վարույթ է հարուցում դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ»,-ասաց նա:

Խունդկարյանը հիշեցրեց, որ այժմ ԲԴԽ-ի այնպիսի կազմ է, որտեղ դատավորները մեծամասնություն չեն կազմում, և կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլինի վարույթ հարուցող մարմիններում դատավորները գերակշռեն:

«Անհանգստություն ունեմ արդյոք որևէ հանձնաժողովի ընտրված դատավոր անդամ կարո՞ղ է հրաժարական ներկայացնել հանձնաժողովի անդամությունից, թե ոչ, այդ դաշտը որևէ կարգավորում չունի, և կարծիքները երկակի են»,-ասաց Խունդկարյանը:
Անդրադառնալով հանձնաժողովներում ՀԿ-ների ներգրավվածությանը Խունդկարյանն այն ողջունեց.
«Որովհետև ինչքան հասարակությունը ներգրավված լինի դատական իշխանության կյանքի մեջ, էնքան ավելի բարձր կլինի վստահությունը դատական իշխանության հանդեպ»,- նշեց Խունդկարյանը:

Բանախոսն անդրադարձավ 2016-2017 թվականներին Եվրոպայի խորհրդի կողմից դատավորների աշխատանքից բավարարվածության վերաբերյալ ուսումնասիրությանը` ասելով, որ դատարանների նկատմամբ վստահությունը վեց բալանոց համակարգում եղել է ավելի քան երեքը:

«Ընդ որում հետազոտությունն իրականացվել է այն շրջանակներում, ովքեր օգտվել են դատարանների աշխատանքից, և տարբեր հարցադրումներ են արվել: Օրինակ լրագրողը դժգոհ էր դատարանից` ասում էր նիստերի դահլիճում չկա համապատասխան ինտերնետ կապ, որ լրատվություն փոխանցի, հաշմանդամը դժգոհ էր դատարանի շենքի պայմաններից, բայց արդունքում դժգոհ էր դատարանից»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter