Լուրջ բարեփոխումների կարիք կա պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում
Այսօր Երևանում կազմակերպված միջոցառմանը քննարկվեցին ՀՀ-ում պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգին նվիրված հետազոտության արդյունքներն ու առաջարկությունները։
Հետազոտությունը իրականացվել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Նպատակն էր` խթանել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները և նպաստել ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների թվի նվազեցմանը: Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերաբերյալ բարեփոխումները ներառվել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրի մեջ:
«Դատապարտված անձինք հաճախ իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնում Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի վերաբերյալ: Հուսով ենք, որ հետազոտության մեջ տեղ գտած առաջարկությունները կնպաստեն համակարգի բարելավմանը և քրեական արդարադատության համակարգի նկատմամբ վստահության և վերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:
Հետազոտությունը ներառում է Հայաստանի օրենսդրության վերլուծություն միջազգային չափորոշիչների տեսանկյունից և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում: Այն նաև ներկայացնում է մի շարք առաջարկություններ որոշում ընդունելու գործընթացի հիմնական սկզբունքների և չափորոշիչների, քրեակատարողական հաստատությունների դերի, հսկողության, պայմանների փոփոխման և պայմանական վաղաժամկետ ազատման վերացման վերաբերյալ:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելեց. «Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումը և բարեփոխված համակարգի աշխատանքների արդյունավետության ապահովումը պահանջում են առնվազն մի քանի տարիների անընդմեջ աշխատանք: Առաջին հերթին, անհրաժեշտ է վերանայել որոշում ընդունող մարմինների որոշ լիազորությունները, կազմը և ընթացակարգերը, ինչպես նաև ներդնել նոր գործիքները: Քրեակատարողական հաստատությունները չպետք է մասնակցեն որոշում ընդունելու գործընթացին: Երկրորդը` անհրաժեշտ է ստեղծել անկախ պրոբացիայի ծառայություն, որտեղ կաշխատեն հատուկ ուսուցում ստացած մասնագետներ»:
Հետազոտությունը անցկացվել է 2011թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հետազոտության շրջանակներում անանուն հարցազրույցներ են անցկացվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովների ներկայիս և նախկին անդամների, պաշտոնատար անձանց և մասնագետների հետ, այդ թվում` դատավորների, փաստաբանների:
Ուսումնասիրության էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել այստեղ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել