HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխնախարար Նաիրա Մարգարյանը մասնակցել է «Հարկային արտոնություններ կապիտալի շուկայում. նոր հնարավորություններ բիզնեսի համար» թեմայով քննարկմանը

Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատը և «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիան փետրվարի 24-ին ԱՄՆ առևտրի պալատի անդամների համար կազմակերպել են «Հարկային արտոնություններ կապիտալի շուկայում. նոր հնարավորություններ բիզնեսի համար» թեմայով աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ բարեհաջող ընթացք է մաղթել միջոցառմանը և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, հետագայում ևս կազմակերպել նման հանդիպումներ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն իր ելույթում առանձնապես կարևորել է կապիտալում ներդրումների և կապիտալի շուկայի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացումը որպես մրցունակ իրական հատվածի աճի նախապայման։ «Ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց համատեղ լուծումները գտնելո նպատակով նախաձեռնել և անցկացրել ենք տարբեր ձևաչափերով աշխատանքային հանդիպումների շարք՝ ոլորտին քաջատեղյակ և փորձառու մասնագետների մասնակցությամբ։ Ծավալուն աշխատանքի արդյունքում կազմվել և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է կապիտալի շուկայի զարգացման աշխատանքային ծրագիրը։ Այն ճանապարհային քարտեզի ձևաչափով անդրադառնում է արձանագրված խնդիրներին և դրանց հավանական լուծումներին՝ առանձին-առանձին»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարարը և թվարկել ծրագրի հիմքում որպես առաջնահերթություն սահմանված  հետևյալ նպատակները. տնտեսության իրական հատվածում ներդրումային գործունեության ակտիվացում՝ ֆինանսական ռեսուրսների մատչելիության ավելացման, ինչպես նաև կառավարման որակի բարձրացման միջոցով, ավելի թափանցիկ կառավարման մշակույթի զարգացում, Հայաստանի բնակչության կենսամակարդակի բարձրացում՝ ֆինանսական շուկայի գործիքների կիրառության միջոցով (տնտեսությունում ստեղծվող ավելացված արժեքի բաշխման հարթեցում)։

Նաիրա Մարգարյանը տեղեկացրել է, որ աշխատանքային ծրագիրը շրջանառվել է նաև պոտենցիալ ցուցակվող ընկերությունների շրջանում: Այնուհետև էկոնոմիկայի նախարարությունում այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվել է հանդիպում, որի նպատակն էր հասկանալ, թե վերջիններս ֆոնդային բորսայում ցուցակման համար պետական աջակցության ի՞նչ ծրագրերի անհրաժեշտություն ունեն և ի՞նչ խոչընդոտներ են տեսնում այդ ճանապարհին։

Ըստ փոխնախարարի՝ այս ուղղությամբ լուրջ խթան էր հունվարի 24-ին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունը, որի համաձայն 2024 թ դեկտեմբերի 31-ից ոչ ուշ ցուցակված արժեթղթերի դիմաց ստացված եկամուտները ազատված են եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։ «Օրենքի այս   փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա մարտի 1-ից, առանցքային նշանակություն ունի արժեթղթերի շուկայի կայացման համար, որի շնորհիվ ձեռնարկությունները կարող են ազգաբնակչությունից ուղիղ խնայողություններ ներգրավել։ Գաղտնիք չէ, որ ներքին խնայողությունները ցանկացած երկրի կայուն աճի հիմնական երաշխիքն են, ուստի՝ ստեղծված բարենպաստ միջավայրը հնարավորություն կտա բնակչության ներքին խնայողություններն ուղղել տնտեսության առաջընթացին»,- իր խոսքն ամփոփել է Նաիրա Մարգարյանը՝ հորդորելով ներկաներն ակտիվորեն ներգրավվել կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզի իրականացման  գործընթացին:

Այնուհետև «Ֆինարմ»-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը մանրամասն ներկայացրել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները և հարկային արտոնությունները բաժնետոմսերի և պարտատոմսերի համար, իսկ Հայաստանի արժեթղթերի բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանն անդրադարձել է բորսայի գործունեությանը և հեռանկարներին,  նաև իր հերթին պարզաբանել, թե փոփոխված օրենսդրությամբ ինչպես կարելի է ստանալ հարկային արտոնություններ:

Հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները կամփոփվեն և կներառվեն կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների ճանապարհային քարտեզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter