
Նաիրա Զոհրաբյան. «Ցանկացած պատճառաբանություն, որ դատավորները քիչ են, բացատրություն չէ, եթե գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ»
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների խորհրդարանական լսումներին անդրադարձավ դատավարության ժամկետների ողջամտության հարցին:
«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդրին ու լուծումներ չենք գտնում, մենք օրենքով պետք է սահմանենք ողջամիտ ժամկետներ, ցանկացած պատճառաբանություն, որ դատավորները քիչ են, չեն հասցնում, դրանք բացատրություններ չեն, եթե գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ոստիկանությունում դաժանաբար խոշտանգված և սպանված Հայկազ Բարսեղյանի գործը, 2015 թվականից գործը քննվում է, պատկերացնում եք ծնողների վիճակը»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորի համոզմամբ` ողջամիտ ժամկետներ պետք է սահմանվեն դատավարությունների դեպքում:
«Դատարաններում իրավաբանական փաստի հաստատման գործեր` ծննդյան վկայականներ, որդեգրումներ, անհետ կորած ճանաչելու նիստեր, սրանք կարող են տարիներով ձգվել, մարդը մահանա, ու անհրաժեշտություն չլինի»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորն անդրադարձավ դատավորների թեկնածուների համար առաջադրվող օտար լեզուների իմացության պարտադիր պահանջին, որն առաջարկվում է նախագծով: Զոհրաբյանն ընդգծեց` լավ կլինի դատավորներն իմանան օտար լեզուներ, կարողանան կարդալ ՄԻԵԴ վճիռներ:
«Եթե ՄԻԵԴ վճիռները կարդալու ունակություն ունենալու է դատավորը, բայց էդ վճիռները հասկանալու ու կիրարկելու ունակություն չի ունենալու, ես ուզում եմ հասկանալ` էդ պարտադիր նորմը մեր ինչի՞ն է պետք: Ինձ համար շատ կարևոր կլինի, որ մեր դատավորները իմանան մեկ կարևոր լեզու` օրենքի լեզու»,- ասաց Զոհրաբյանը:
Մեկնաբանել