HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի պաշտպան․ «Կոչ եմ անում ապօրինի մեղադրանքը պաշտպանող դատախազին ինքնաբացարկ հայտնել»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Դատական նիստի մեկնարկին դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, և նրանցից որևէ մեկը հարցերի պատասխանելիս ոտքի չկանգնեց։

Ամբաստանյալների այս վարքագծին անդրադարձավ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը։ Դատավոր Վահե Միսակյանը, սակայն, նշեց, որ դատարանի համար ընդունելի է, որպեսզի դատավարության մասնակիցները նստած խոսեն․ այդպես նրանք ավելի մոտ են բարձրախոսներին և քաղաքացիներին ավելի լավ լսելի է նրանց խոսքը։

Դատարանը նշեց, որ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ոտքի կանգնած էր խոսում, դահլիճի ապակիներից դուրս գտնվող քաղաքացիները դժգոհում էին, որ ձայնը լսելի չէ։ Այսպիսով՝ դատարանը որոշեց դատավարության բոլոր կողմերին թույլատրել նստած խոսել։

Ամբաստանյալների ինքնությունը ճշտելու գործընթացից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ քրեական գործի 82 թերթում որևէ նշում չկա Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին՝ խնդրելով պետական իրավասու մարմիններից պահանջել այդ տվյալներն ու դրանք կցել գործի նյութերին։

«Դատաքննության հենց սկզբից, երբ պարոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, բազմաթիվ են խախտումները, ես կդժվարանամ հաշվել, թե իմ ներկայացրած քանի միջնորդություն է մերժվել, այդ խախտումները ավարտվեցին մեղադրական եզրակացության կազմամբ, հիմա էլ չի ներկայացվում պարոն Սարգսյանի անձի բնութագիրը»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հարց տալով, թե ինչու՞ չի նշվել, որ Սերժ Սարգսյանն արցախյան ինքնապաշտպանական ուժերն է ղեկավարել, որ եղել է պաշտպանության նախարար, որ 2008-2018 թվականներին լինելով նախագահ՝ եղել է Գերագույն գլխավոր հրամանատար։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն, այս հանգամանքին անդրադառնալով, պարզաբանեց, որ վարույթն իրականացնող մարմինը նշել է այն հանգամանքները, որոնք իրեն հայտնի են դարձել քրեական գործով։

«Պաշտպանի կողմից նշվածներն արդեն հայտնի տեղեկություններ են, և վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ դրանք քրեական գործում ներառելու անհրաժեշտություն չկա, եթե ամեն դեպքում պաշտպանները գտնում են, որ դրանք կարևոր նշանակություն ունեն, զրկված չեն քրեական գործում դրանք ներառելուց»,- ասաց Արսեն Մարտիրոսյանը։

Դատավոր Վահե Միսակյանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ ավելի ուշ։

Թվարկելով մի շարք հանգամանքներ՝ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց։

«Կոչ եմ անում ապօրինի մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ցուցաբերել քաղաքացիական արիություն և հայտնել ինքնաբացարկ, չհայտնելու դեպքում բացարկ եմ հայտնում Արսեն Մարտիրոսյանին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։ Սերժ Սարգսյանը միացավ միջնորդությանը։

Լուսանկարում՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter