HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1,5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանն անցյալ տարի վաճառել է ամերիկյան իր բնակարաններն ու փոխարենը առանձնատուն ձեռք բերել: Գույք ձեռք բերելիս եւ օտարելիս պաշտոնյան մի քանի անգամ խախտել է ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ Սահմանադրությունը: Հիշեցնենք, որ Գեւորգյանը նախկին (2011-2018 թթ.) ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:  

Գեւորգյանը 1987-ից զբաղվել է բռնցքամարտով, 2000 թ. ավարտել է Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, մասնագիտությամբ բռնցքամարտի մարզիչ-մանկավարժ է: 1996-ին Ատլանտայի (ԱՄՆ) օլիմպիական խաղերում գրավել է 5-րդ տեղը, 1998-ին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2000-ին էլ մասնակցել է Սիդնեյի (Ավստրալիա) օլիմպիական խաղերին: Միջազգային կարգի սպորտի վարպետ է: 2001-2003 թթ. ԱՄՆ-ում զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով: 2013-ից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է: 

Արթուր Գեւորգյանը քաղաքական կարիերան սկսել է 2005-ին: 2005-2008 թթ. Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալն էր, իսկ 2008-ին ընտրվել է համայնքի ղեկավար: Այն բանից հետո, երբ 2009-ին մայրաքաղաքը բաժանվեց վարչական շրջանների, իսկ դրանց ղեկավարների պաշտոնները դարձան նշանակովի, Գեւորգյանը նույն տարում նշանակվեց Դավթաշենի ղեկավար՝ պաշտոնավարելով մինչեւ 2012 թ.: ՀՀԿ-ական Գեւորգյանը 2012-ին մեծամասնական ընտրակարգով Դավթաշենից ընտրվեց ԱԺ պատգամավոր, ապա 2017-ին վերընտրվեց ռեյտինգային ընտրակարգով Երեւանի թիվ 2 ընտրատարածքից, որն ընդգրկում է Արաբկիրը, Աջափնյակն ու Դավթաշենը: «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018-ի մայիսին, Արթուր Գեւորգյանը հայտարարեց ՀՀԿ-ից եւ վերջինիս խորհրդարանական խմբակցությունից դուրս գալու մասին՝ ԱԺ-ում մնալով մինչեւ նոր խորհրդարանի կազմավորումը 2019 թ. հունվարին:

Գեւորգյանը չի հայտարարագրել իր բնակարանները Գլենդելում եւ Լոս Անջելեսում

2015-ի օգոստոսի 14-ին (գործարքը գրանցվել է այս օրը) Ա. Գեւորգյանը 520.000 դոլարով բնակարան (condominium, condo) է գնել Գլենդելի Քեմփբել 1130 հասցեի բազմաբնակարան շենքում (1130 Campbell St Unit 104, Glendale, CA 91207): Այս շենքը կառուցվել է 2010-ին, համաձայն փաստաթղթերի, բնակիչների մեջ շատ են հայերը, այսինքն՝ Գեւորգյանը բնակարան է ձեռք բերել հայերի հարեւանությամբ: Արթուր Գեւորգյանի բնակարանն ուներ 146 քմ մակերես, 2 ննջասենյակ ու 3 լոգասենյակ:   

ԱԺ պատգամավորը գույքը ձեռք է բերել Վահե Տեր-Հարթունյանի (փաստաթղթերում՝ Vaheh Derhartounian) «1130 Campbell St. LLC»-ից: Բնակարանը գնելու համար հայ պաշտոնյան 30 տարի մարման ժամկետով 312.000 դոլարի հիփոթեքային վարկ է վերցրել «East West Bank»-ից: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ական պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի եւ եկամուտների 2015 թ. իր տարեկան հայտարարագրում չի նշել, որ այդ տարի անշարժ գույք է ձեռք բերել:

2016-ի հուլիսի 7-ին Գեւորգյանը եւս մեկ բնակարան է ձեռք բերել, այս անգամ՝ Լոս Անջելեսի Վելի Վիլիջ թաղամասում՝ Ուիթսեթ պողոտայի 4832 հասցեի շենքում (4832 Whitsett Ave Unit 103, Valley Village, CA 91607): Գործարքի գինը կազմել է 475.000 դոլար: 2005-ին կառուցված շենքում հայ պատգամավորի գնած բնակարանն ուներ 96 քմ մակերես, 2-ական ննջասենյակ ու լոգասենյակ: Այստեղ եւս Գեւորգյանը հայ հարեւաններ է ունեցել:

Բնակարանը պաշտոնյան գնել է Հոլի Ֆայնստայնից (Holly Ann Feinstein): Այս գործարքի դեպքում եւս նա վարկ է վերցրել «East West Bank»-ից՝ 30 տարի մարման ժամկետով 285.000 դոլար: Գլենդելի բնակարանի նման ԱԺ պատգամավորը չի հայտարարագրել այս անշարժ գույքը, ինչը պարտավոր էր անել 2016 թ. տարեկան հայտարարագրում:

2016-ի աշնանը հայկական մամուլը գրեց, որ Գեւորգյանը 2 բնակարան է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, իսկ պաշտոնյան էլ հայտարարեց, թե կարող է փաստաթղթեր ցույց տալ, որ Արթուր Գեւորգյան անուն-ազգանունով անձանց պատկանող երեք տասնյակ գույք կա ԱՄՆ-ում՝ ակնարկելով, թե դրանք իր հետ կապ չունեն. «Եթե իմն է, ես ձեզ հյուր եմ հրավիրում: Ընտրությունները մոտենում են (նկատի ուներ 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունները - հեղ.), ես հասկանում եմ, որ քաղաքական խարդավանքների հոտ է գալիս»: Իսկ հարցին, թե արդյոք ինքը ֆինանսական հնարավորություն չուներ նման գույք գնելու համար, ԱԺ պատգամավորն ասել էր. «Ես 20 տարի մեծ սպորտում եմ եղել… Իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը եղել է 300.000 դոլար 2001 թ.-ին: Ես երկու օլիմպիական խաղերի մասնակցած, մի շարք խոշոր մրցաշարերի մրցանակակիր բռնցքամարտիկ եմ եղել, եւ շատ նորմալ է, որ լիներ…»: Ապա հարցին, թե առհասարակ անշարժ գույք ունի ԱՄՆ-ում, պատասխանել էր՝ ոչ:   

Պատգամավոր Գեւորգյանը խախտել է Սահմանադրությունը

Մամուլի հրապարակումներից հետո՝ 2017-ի փետրվարի 17-ին, Ա. Գեւորգյանը 2 բնակարաններն օտարել է «Arvivi» ընկերությանը, որը օրեր առաջ՝ հունվարի 30-ին, Գլենդելի բնակարանի հասցեում (1130 Campbell St Unit 104, Glendale, CA 91207) հիմնել էր ինքը: Տպավորություն է, որ այսկերպ պաշտոնյան փորձել է քողարկել ԱՄՆ-ում անշարժ գույք ունենալու հանգամանքը: «Arvivi»-ի միանձնյա սեփականատերն ու տնօրենը (manager) մինչ օրս Արթուր Գեւորգյանն է, իսկ սա ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի խախտում է, քանի որ ՍՊԸ-ն հիմնելիս նա պատգամավոր էր (մինչեւ 2019 թ. հունվար) եւ իրավունք չուներ որեւէ պաշտոն զբաղեցնել առեւտրային ընկերությունում (տես ստորեւ):

Arvivi.jpg (381 KB)

Ստացվում է, որ չհայտարարագրած գույքը մեկ այլ սեփականատիրոջ փոխանցելու գործընթացում պատգամավորը հասցրել է նաեւ մայր օրենքի պահանջն անտեսել:

Նկատենք նաեւ, որ բնակարանները «Arvivi»-ին փոխանցելու գործարքները, որոնց արժեք նշված չէ, փաստաթղթերում ներկայացված են որպես «quitclaim deed» (իրավունքից, հավակնությունից հրաժարվելու գործարք): Որպես կանոն սրանք այն գործարքներն են, երբ հանձնողն ու ընդունողը կապ ունեն կամ նույն անձն են: Նման գործարքներ հաճախ իրականացվում են ընտանիքի անդամների միջեւ որպես նվերի հանձնում, կամ երբ անձն իր սեփականությունը դնում է ձեռնարկության տրամադրության տակ եւ այլն:       

Տրամաբանական է, որ բնակարանները գնելիս դրանք չհայտարարագրած Ա. Գեւորգյանը չի հայտարարագրել նաեւ օտարումը 2017 թ. տարեկան հայտարարագրում: Ավելին՝ նա տվյալ փաստաթղթում չի նշել նաեւ «Arvivi»-ում իր մասնակցության մասին: Թվում է, թե հերթական խախտումն է, բայց հարցն այն է, որ 2017-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածը, որով հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը համարվում է քրեորեն պատժելի արարք (նախատեսում է տուգանք կամ ազատազրկում՝ կախված թաքցված գույքի կամ եկամտի ծավալներից):

Նշենք, որ 2017 թ. ԱԺ ընտրություններից առաջ՝ փետրվարի 27-ին, երբ բնակարաններն արդեն օտարել էր «Arvivi»-ին, Ա. Գեւորգյանը ԿԸՀ-ին ներկայացրել է պատգամավորության թեկնածուի հայտարարագիր, սակայն այստեղ եւս չի հիշատակել ամերիկյան ընկերության մասին:

Բնակարաբար, ինչ-որ մեկը կարող է հարցնել, թե ինչ ապացույց կա, որ ամերիկյան գույքի ու ընկերության սեփականատեր Արթուր Գեւորգյանը հենց ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն է: Ապացույցը նրա նույն ստորագրությունն է (Մասիսի ու Սիսի խորհրդանշական պատկերով) «Arvivi»-ի վերաբերյալ փաստաթղթերում եւ 2017-ի փետրվարին ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում:  

signature.jpg (190 KB)

Բնակարանների վաճառքը  

2019 թ. մարտի 5-ին Արթուր Գեւորգյանը, ով այլեւս պաշտոնյա չէր, «Arvivi» ՍՊԸ-ի անունից վաճառել է Լոս Անջելեսի Վելի Վիլիջ թաղամասի բնակարանը: Այն 515.000 դոլարով ձեռք է բերել Տարա Հոլտը (Tara Ashley Holt): Հիշեցնենք, որ պատգամավորը 2016-ին գույքը գնել էր 475.000 դոլարով: Ինչպես Գեւորգյանը, այնպես էլ նոր գնորդը բնակարանը ձեռք է բերել վարկի միջոցով: Այս գործարքից մեկ ամիս անց՝ ապրիլի 3-ին, Գեւորգյանն ամբողջությամբ մարել է 2016-ին «East West Bank»-ից վերցրած 285.000 դոլարի վարկը:

Նույն օրը՝ ապրիլի 3-ին, գրանցվել է Գլենդելի բնակարանի վաճառքի գործարքը: 2015-ին 520.000 դոլարով ձեռք բերած գույքը Գեւորգյանը «Arvivi»-ի միջոցով վաճառել է Վահե Հովհաննիսյանին (Vahe Hovhannisyan) ու Աննա Գրիգորյանին (Anna Grigoryan): Գործարքն արժեցել է 680.000 դոլար, որից 611.320-ը գնորդները վարկ էին վերցրել: Ինչպես նկատեցիք, երկու բնակարաններն էլ նախկին պատգամավորը վաճառել է ձեռք բերածից ավելի թանկ գնով: 2019 թ. ապրիլի 30-ին նա մարել է նաեւ Գլենդելի այս տան համար 2015-ին «East West Bank»-ից վերցրած 312.000 դոլարի վարկը:

Առանձնատուն՝ բնակարանների փոխարեն

2019 թ. մարտի 6-ին՝ Լոս Անջելեսի բնակարանը վաճառելու հաջորդ օրը, Արթուր Գեւորգյանը ձեռք է բերել Գլենդելի Մերիմեն դրայվի 1426 հասցեի առանձնատունը (1426 Merriman Dr, Glendale, CA 91202, տես լուսանկարում):

9d4319fd-b6f9-4ee5-a918-742757352533.jpg (958 KB)

Գույքը վաճառել են Անդրե եւ Արմինե Թորոսյաններն ու նրանց «The Torosyan Family Trust»-ը: Ընդ որում՝ նրանցից առաջ եւս տունը հայ տերեր է ունեցել:

Գեւորգյանի ու Թորոսյանների միջեւ գործարքի գինը կազմել է 1.525.000 դոլար (վաճառքի էր հանվել 1.599.000 դոլար արժեքով): Այս անգամ եւս Գեւորգյանը հիփոթեքային վարկ է վերցրել «East West Bank»-ից 800.000 դոլարի չափով, մարման ժակետը՝ 30 տարի (մինչեւ 2049 թ.): Առանձնատան առքուվաճառքն իրականացվել է գործակալներ Մարտին Լազարյանի եւ Մայք Բաբախանյանի միջնորդությամբ:

3b43e63e-da35-4842-a786-6369af3a138e.jpg (527 KB)

12a5f271-1890-4089-b82e-8c7849104fb7.jpg (589 KB)

Այստեղ հատկանշական մի հանգամանք կա: Առանձնատունը ձեռք բերելիս նախկին պաշտոնյայի ու կնոջ՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանի միջեւ կնքվել է գործարք՝ «interspousal transfer grant deed» (ամուսինների միջեւ փոխանցման գործարք, տես ստորեւ), ինչը նշանակում է, որ նախկին ոստիկանապետի դուստրը համաձայնություն է տվել, որ ամուսինն առանձնատունը ձեռք բերի իբրեւ միանձնյա սեփականություն:

interspousal.jpg (137 KB)

Այս հանգամանքը հերթական ապացույցն է այն բանի, որ մեր հրապարակման հերոսը հենց Վլադիմիր Գասպարյանի փեսան է՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը: Հետաքրքիր է, որ ամուսինների միջեւ կնքված գործարքը վավերացրել է հայ նոտար Արմեն Աբրամյանը (Armen J. Abramian):

bf031551-f4f6-45d0-b5dd-7ef33df1f680.jpg (831 KB)

Ա. Գեւորգյանի գնած առանձնատունը կառուցվել է 1952-ին, անշարժ գույքի ընդհանուր մակերեսը 1127 քմ է, տան մակերեսը՝ 250 քմ: Վերջինս ունի 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ, բակում՝ լողավազան, երկտեղանոց ավտոտնակ:

ded707dd-deb8-41ec-a3e5-5e14f9b0e021.jpg (895 KB)

2019 թ. հարկային տվյալների համաձայն՝ անշարժ գույքը գնահատվել է 963.000 դոլար (674.000-ը՝ հողը, 289.000-ը՝ տունը), որից հաշվարկվել է 11.000 դոլար գույքահարկ:

Այն բանից հետո, երբ Արթուր Գեւորգյանը վաճառել է 2 բնակարաններն ու ձեռք բերել այս նոր տունը, «Arvivi»-ն 2019-ի ապրիլին փոխել է գրանցման հասցեն՝ Գլենդելի Քեմփբել փողոցից տեղափոխվելով Մերիմեն դրայվ:

eb2e91e9-6d8c-4110-bfaa-f07a0f5b9603.jpg (581 KB)

Տակավին վերջերս՝ 2020-ի հունվարի 23-ին, առանձնատունը նախկին պաշտոնյան ձեւակերպել է իր եւ «The Artur Gevorgyan Living Trust»-ի անունով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter