
Նազիկ Ամիրյանի գործով դատախազը պնդում է՝ պաշտպանության կողմն իրավունքները չարաշահում է
Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստին պաշտպանության կողմը ներկայացրեց միջնորդություն` ապացույցների անընթեռնելիության պատճառով նիստը հետաձգելու վերաբերյալ:
Նազիկ Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ ապացույցների մեջ կան օտարալեզու փաստաթղթեր, և նաև այնպիսիք, որոնք անընթեռնելի են: Վերջինս նորից միջնորդեց, որպեսզի ապացույցներ հանդիսացող փաստաթղթերը տրամադրվեն:
Բաղդասարյանը նշեց՝ կարող են նաև պատճենի համար վճարել և որակյալ պատճենահանում ապահովել, որպեսզի կարողանան պատշաճ պաշտպանություն ապահովել։
Դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ խոսքը ոչ միայն գնում է փաստաթղթեր տրամադրելու, այլև նիստը հետաձգելու մասին, և ներկայացված միջնորդությունը նախորդ նիստին ներկայացրածի նույն բովանդակությունն ունի։ Հավելեց, որ նկարների օտարալեզու բնութագիր է ներկայացվել, որոնք արվել են զննությունից հետո, իսկ քննիչը գրել է, թե ինչ զննություն է կատարվել, ինչ է արձանագրվել։
«Նման պայմաններում գտնում եմ, որ սա պաշտպանության կողմից իրավունքների չարաշահում է, այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»,- հավելեց դատախազը։
Լևոն Բաղդասարյանի պնդմամբ՝ 50-60 էջ քրեական գործի մեկ հատորն անընթեռնելի է։ «Ես չգիտեմ ՝ ինչպես պետք է օգտագործի մեղադրողը և ինչու է դրել։ Ես ինչ պիտի մտածեմ՝ օտարալեզու փաստաթղթերում նկար է, թե նկարի հորքուրն է։ Գործի նյութերը պետք է լինի պաշտպանության կողմի մոտ, որպեսզի իրականացվի պաշտպանություն»,- հայտնեց փաստաբանը։
Ըստ դատավորի՝ եթե ապացույցները հնարավոր չլինեն հետազոտել, ապա ելնելով պաշտպանության կողմի շահերից՝ մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել։
Դատավորը որոշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, որից հետո փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ անաչառություն հետ կապված խնդիր են տեսնում դատավորի գործողություններում և ժամանակ խնդրեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն կարող է ներկայացվել մինչև դատաքննությունը կամ պետք է ներկայացնել հիմքը, թե ինչու են միջնորդություն ներկայացնում, դատարանը մերժեց միջնորդությունը, հիմնավորեց, որ մի քանի անգամ նույնաբովանդակ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել ու մերժվել: Դատարանը չքննեց դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
«Ես հասկանում եմ, որ պաշտպանության կողմը որդեգրել է մի քաղաքականություն, որ ապացույցների հետազոտություն չիրականացվի»,- ասաց դատավորն, ապա 10 րոպե ընդմիջում հայտարարվեց։
Նիստը վերսկսվելուց հետո դատարանը հայտարարեց, որ հնարավորություն է տվել պաշտպանական կողմին մտքերն ի մի բերել, սակայն Լևոն Բաղդասարյանը պնդեց, որ դատավորին ինքնաբացարկ տալու միջնորդություն պետք է ներկայացվի։ Նիստը նորից ընդմիջվեց։
Մեկնաբանել