
Կրծկալները կանանց ազատում են սեռական ստրկությունից
Ինչպես կարող են անհատներն օգնել պայքարել մերօրյա ստրկության դեմ
ԱՄՆ Դենվեր քաղաքում ապրող տնային տնտեսուհի Կիմբա Լանգասի նկուղում կրծկալների մի ամբողջ սար է առաջացել: Կիմբան սկսել է կրծկալներ հավաքել, որպեսզի օգնի աշխարհի մյուս ծայրում գտնվող կանանց: CNN-ը գրում է, որ Կիմբայի այս ակցիան սկսվեց բերնեբերան պատմելուց, այնուհետև ֆեյսբուքում էջ բացելուց:
Շուտով այնքան շատ կրծկալներ հավաքվեցին, որ Կիմբան սկսեց դրանք պահել իր տան նկուղում, ավտոտնակում, ավտոմեքենայում, պարկերում, արկղերում: Ամուսինը՝ Ջեֆը, փորձում էր կրծկալների միջոցով ճանապարհ բացել՝ նկուղում քայլելու և իրեն պետք եկած իրերը վերցնելու համար, բայց դա այնքան էլ հեշտ չէր:
«Եթե եղանակը լավ է, ես սովորաբար ավտոտնակում հաշվում եմ կրծկալները և տեղավորում արկղերի մեջ: Հարևանների տղաները, ովքեր միշտ խաղում են մոտակայքում, փորձում են ձևացնել, թե չեն նայում»,- ասում է Կիմբա Լանգասը:
Նա հավաքում է կրծկալներ «Ազատենք աղջիկներին» բարեգործական ծրագրի համար, որի շրջանակներում կրծկալները փոխանցվում են Մոզամբիկում գտնվող երիտասարդ կանանց, ովքեր փորձում են ազատվել սեռական թրաֆիքինգից: Այդ կանայք ոչ թե հագնում են կրծկալները, այլ վաճառում օգտագործված հագուստների շուկաներում, որտեղ կրծկալները համարվում են պերճանքի առարկա և բավականին թանկ արժեն:
Կրծկալներ վաճառելով՝ թրաֆիքինգի զոհերը կարող են վաստակել միջին աշխատավարձից երեք անգամ ավելի մեծ գումար, ինչն ավելի քան բավարար է, որ կերակրեն իրենց և այլևս թրաֆիքինգի չենթարկվեն:
Հյուրասենյակում նստած և իր 4 տարեկան որդու՝ Վիյաթի օգնությամբ կրծկալները արկղերի մեջ տեղավորելով՝ Կիմբան հիշում է, թե ինչպես սկսվեց այս ծրագիրը:
«Ազատենք աղջիկներին» ծրագիրը մտահղացավ մի քահանա, որի եկեղեցի այցելում էր Կիմբան: Քահանան ծրագրում էր Մոզամբիկ տեղափոխվել՝ այնտեղ աշխատելու, և Կիմբային առաջարկեց միասին ղեկավարել ծրագիրը:
«Բացի հիշվող անունից՝ «Ազատենք աղջիկներին» ծրագրի մեջ ինձ համար շատ գրավիչ էր այն, որ պետք է կրծկալներ նվիրաբերել: Ես 5-6 կրծկալ ունեի իմ դարակի խորքում: Մենք՝ կանայք, գնում ենք կրծկալ, խանութում այն չենք փորձում, բերում ենք տուն, մի անգամ հագնում ենք, և այն մեր վրայով չի լինում: Սա այն իրերից է, որ ցանկանում ես նվիրաբերել, երբ որևէ բարեգործական ծրագրի շրջանակներում հագուստ ես հանձնում, բայց վստահ չես՝ նվիրաբերե՞լ, թե՞ ոչ»,- ասում է Կիմբան:
Ողջ ԱՄՆ-ով մեկ կանայք արձագանքեցին այս ծրագրին: Ֆեյսբուքում էջ բացելուց շատ չանցած՝ նրանք սկսեցին կրծկալներ ուղարկել: Արձագանքը շատ ավելի մեծ էր, քան Կիմբան սպասում էր:
«Հիշում եմ, թե սկզբում որքան էի ուրախանում, եթե կարողանում էի կրծկալներով լցնել փոքր տուփեր և եթե տուփի մեջ 50 կամ նույնիսկ 100 հատ կրծկալ էր լինում, խելագարվում էի: Եվ մեկ էլ հանկարծ միանգամից՝ 800 հատ, 1000 հատ, 1250 հատ կրծկալ: Արիզոնայում կանայք հավաքեցին 8000 հատ կրծկալ: Այստեղ՝ Դենվերում, մի խումբ կա, որը հավաքեց 1250 հատ կրծկալ»,- պատմում է Կիմբա Լանգասը:
Այս փոքր ծրագիրն այնքան մեծ արձագանք ստացավ ու տարածվեց, որ Կիմբան պահեստ վարձակալեց, որպեսզի պահի բոլոր կրծկալները: Բայց հիմա նա մեծ խնդրի առաջ է կանգնել. ինչպե՞ս է 25.000 հատ կրծկալը տեղափոխելու 15.000 կմ:
Կոնտեյներով այդքան ապրանք տեղափոխելը կարժենա 6500 դոլար, իսկ Կիմբան այդքան փող պարզապես չունի: Երբ նա լսում է, որ ինչ-որ մեկը Մոզամբիկ է գնալու, նրան խնդրում է իր հետ տանել մեկ հատ ավելի ճամպրուկ՝ լցված կրծկալներով: Բայց Կիմբայի նպատակն է հանգանակության միջոցով բավարար փող հավաքել՝ բոլոր կրծկալները Մոզամբիկ տեղափոխելու համար:
Կիմբային աջակցում են կամավորները, և քաջալերում է այն միտքը, որ ինքն օգնում է թրաֆիքինգի երիտասարդ զոհերին՝ իր լուման ունենալով մերօրյա ստրկության դեմ պայքարում:
«Ի վերջո, իրավիճակը փոխվելու է: Եվ եթե իմ սերունդը չտեսնի, հուսով եմ, որ տղայիս սերունդը կտեսնի մեծ փոփոխությունը: Հուսով եմ, որ երբ նա ավարտի քոլեջը կամ գուցե իմ տարիքին լինի, կասի. «Ստրկությո՞ւն, ի՞նչ է դա: Ես դրա մասին կարդացել եմ իմ դասագրքում»»,- ասում է Կիմբան:
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանել