HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ բազմակողմ եւ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Նշելով, որ գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում մի շարք ոլորտներում եւ, ամենակարեւորը, մարզերում` Ա. Գեւորգյանը հույս է հայտնել, որ այդ մոտեցումը կպահպանվի:

Նա նկատել է, որ վերջին տարիներին գրասենյակի հետ արդյունավետ համագործակցություն է արձանագրվել մասնավորապես մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում` թրաֆիքինգի դեմ պայքարի, միգրացիոն հարցերում, առանձնացրեց նաեւ մարզերում բնապահպանական` Օրհուսի կենտրոնների աշխատանքը:

Փոխվարչապետն իր եւ Տարածքային կառավարման նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակին` իրականացվող ծրագրերի հարցում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ կանի առավելագույնը` համագործակցության բարձր մակարդակը պահպանելու համար: Նա նշել է, որ բացի իրականացվող ծրագրերից, հայկական կողմը կարող է նաեւ նոր նախագծերի վերաբերյալ գաղափարներ, առաջարկություններ ներկայացնել` ԵԱՀԿ ղեկավարության հետ քննարկելու համար:

Ըստ դեսպանի` երկու կողմերի փոխգործակցությունն ուղղված է ընդհանուր նպատակի` տնտեսության զարգացմանը, ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը նպաստելուն, եւ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները տեսանելի են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման, մի շարք այլ հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter