HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ջրաչափի անսարքության համար «Վեոլիա ջուրը» տուգանել է Հրազդանի բնակչին. նա համաձայն չէ որոշմանը

Հրազդանի բնակիչ Ժիրայր Նահապետյանը հունվարի սկզբին նկատել է, որ տան ջրաչափը չի աշխատում. ջրի ծախսը ցույց տվող սլաքը կանգ է առել։

Ժիրայրի պնդմամբ՝ խափանման պատճառը ջրամատակարարման հաճախակի անջատումներն են, որի միացումից հետո ծորակից օդ է դուրս գալիս, հետո ժանգոտ ջուր է հոսում։

«Երբ նկատեցինք, որ ջրաչափը կանգ է առել, դիմեցինք «Վեոլիա ջրի» Հրազդանի բաժին, ջրաչափին ձեռք չտվեցինք»,- պատմում է Ժիրայր Նահապետյանը։

Հաջորդ օրը ժիրայրի հայրը՝ Աշոտ Նահապետյանը, անսարքության վերաբերյալ դիմում է գրել «Վեոլիա ջրի» Հրազդանի բաժնում։ Հունվարի 16-ին մասնագետներն այցելել են բնակարան, հանել չաշխատող ջրաչափը, տեղադրել նորը։

«Ասացին, որ հին ջրաչափը պետք է ուղարկել փորձաքննության խափանման պատճառը հասկանալու համար, եւ փոխարենը նորը տեղադրեցին։ Մենք ասացինք, որ կապ չունենք, իրենց գործն է, եթե կարգն այդպիսին է, թող ուղարկեն»,- հիշում է Ժիրայր Նահապետյանը:

Մեկ ամիս անց՝ փետրվարի 13-ին, Աշոտ Նահապետյանը ծանուցում է ստացել, որտեղ նշված է եղել, որ ջրաչափը վնասել են ընտանիքի անդամները, եւ որպես տույժ՝ ջրամատակարարող ընկերությանը պետք է վճարել:

«Հայրս գնում է կոմունալ վճարումներ անելու, թուղթ են տալիս, որտեղ գրված է՝ վճարել տույժ մոտ 32 հազար դրամ, իսկ 5-օրյա ժամկետում չվճարելու դեպքում դատական գործ կսկսվի։ Մենք մատով չենք կպել ջրաչափին։ Հրազդանի կոմունալ բաժնում էլ ասացին, որ ոչ մի տեղ չենք կարող դիմել, բողոքել, պետք է վճարենք գումարը և վերջ»,- ասում է Ժիրայր Նահապետյանը։

Նա կապ է հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակցի հետ, որն առաջարկել է դիմում գրել։ Թեժ գծի օպերատորը տեղեկացրել է, որ բնակիչը կարող էր ջրաչափի փորձաքննությանը մասնակցել։ Ժիրայր Նահապետյանն ասում է, որ  տուն այցելած մասնագետներն իրենց այդ մասին չեն տեղեկացրել։

Աշոտ Նահապետյանի ստացած ծանուցման մեջ գրված է, որ հունվարի 31-ին կատարվել է ջրաչափի ստուգաչափում, որի արդյունքում հայտնաբերվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում՝ պայմանավորված արտաքին միջամտությամբ։ Հիմք ընդունելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ․-ի 378 որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին որոշումը»՝ «Վեոլիա ջուրը» որոշել է, որ Նահապետյանները կատարած խախտման համար պարտավոր են վճարել 32.864 դրամ, ներկայացվել է նաև հաշվարկի մեթոդը։

Ծանուցման մեջ նշված է նաև, որ հայտնաբերվել են ջրաչափի Չափագիտության ազգային ինստիտուտ կնիքի վրա միջամտության հետքեր (ՉԱԻ կնիքը բացված-փակված է, վնասված, ջրաչափի միացման օղակը չի համապատասխանում գործարանային հավաքմանը)։ Միևնույն ժամանակ, համրման սարքի վրա թերություններ չեն հայտնաբերվել։ Փորձաքննությունը եկել է այն եզրակացության, որ կատարվել է արտաքին միջամտություն, և պոկվել է կնիքի օղակը։ Այս եզրակացությունը հաստատել է Չափագիտության ազգային ինստիտուտը, որն էլ իրականացնում է ջրաչափերի ուսումնասիրություն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ․-ի 378 որոշման մեջ նշվում է, որ եթե առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է բաժանորդի գործողություններով, ապա մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջել վճարել տուժանք` մատուցված ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի չափով: Տուժանք վճարելու պահանջին բաժանորդի համաձայնելու դեպքում մատակարարը տուժանքն առանձին տողով հաշվի է առնում բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում` ավելացնելով բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին: Տուժանք վճարելու պահանջին բաժանորդի չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով:

Կապ հաստատեցինք «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ, խնդրեցինք տրամադրել ջրաչափերի փորձագիտական հետազոտության, բողոքների ներկայացման կարգը։

Մուրադ Սարգսյանը նշեց, որ ինքներս կարող ենք տեսնել՝ ինչպես է ջրաչափը հետազոտվում, սակայն փորձագիտական հետազոտության իրականացման քայլերի, ներկա գտնվող անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ խնդրեց գրավոր հարցում ուղարկել՝ հավելելով, որ բացառվում է՝ ընկերության մասնագետներն, առանց բնակիչներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու եւ առանց փաստաթղթեր ստորագրելու, ջրաչափը փոխեն։

Իսկ մեր հարցմանն ի պատասխան՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը նշել է, որ փորձաքննության քայլերն ու գործողությունները կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ․-ի 378 որոշմամբ, եզրակացությունը տրամադրում է Չափագիտության ազգային ինստիտուտը: Մասնագետների աշխատանքների ընթացքի, բնակիչների իրավունքների վերաբերյալ ընկերությունն այլ տեղեկատվություն չի տրամադրել։

«Թուղթ են տվել, ծնողներս ստորագրել են, բանավոր խոսակցություն չի եղել, թե հետագայում ինչ է լինելու, ովքեր կարող են պատասխանատվություն կրել անսարքության համար, հիմա թղթի վրայից թանաքն անհետացել է, հնարավոր չէ կարդալ նույնիսկ ընկերության տված ծանուցագիրը։ Մենք ուղղակի վստահել ենք, ստորագրել, ասել են՝ տանում ենք, չենք խոչընդոտել, չենք կասկածել, որ կասեին՝ կնիքի օղակը պոկել ենք։ Նույնիսկ տեսուչին ուղարկած ջրաչափի լուսանկարներում երևում է գործարանային օղակը»,- ասում է Ժիրայրը։

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գազի և հեղուկների ծախսի չափումների բաժնի պետ Գուրգեն Հակոբջանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ստույգ չի կարող ասել՝ «Վեոլիա ջուր»-ը բնակարան այցելելուց հետո ինչ է անում, ինչպես է ջրաչափն առանձնացնում և տեղափոխում, ինչ արձանագրություն է կազմվում, ՉԱԻ-ը պատասխանատու է փորձագիտական հետազոտության համար, որը կատարվում է լաբորատորիայում։

Ինստիտուտի փորձագետ Արմեն Գյոզալյանը տեղեկացնում է՝ բնակիչը 10 օրվա ընթացքում կարող է գալ և մասնակցել ջրաչափի փորձագիտական հետազոտությանը․ «Այդ մասին բնակիչը ծանոթանում է ծանուցման մեջ»։ Տեխնիկական վնասվածքների մասին, ըստ Արմեն Գյոզալյանի, ևս պետք է տեղում տեղեկացնել բնակչին։ Նա հավելում է, որ եթե շինարարի մեղքով վնասվում է ջրաչափի կապարակնիքը կամ օղակը, ապա պետք է դրա մասին գրել ծանուցագրում և զգուշացնել բնակչին, այնուհետև ծանուցումը տալ ստորագրելու համար, այսպիսի ծանուցումներով սարքավորումներ իրենք ստացել են, երբ ջրաչափ է ներկայացվել փորձաքննության։

Լուսանկարը՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանություններ (1)

Կարապետ Կարապետյան
Նույն պատմությունն էլ ինձ հետ է պատահել։Անցյալ ամիս ինձ էլ 32000 տուգանեցին։ Ջրաչափն ձայն էր հանում դիմում գրեցի՚որ փոխեն տարան լաբարատորյա նույն պատճառը գրեցին տուգանեցին իմ հարցին թե եթե ես խաղտել եմ հաշվիչն ինչու էի գալիս դիմում գրում որ փոխեք կթողեի մնար ասեցին ճիշտ ես ասում բայց բան չենք կարա փոխի պիտի մուծես։Բողոք գրեցի անօգուտ ստիպված մուծեցի։Իրենց լաբարատորյան ու իրենք ոնց ուզում անում են մեզ անմիտ տեղն տուգանում են իրենց կորուստներն վերականգնում։Չկա մի տեղ որ բողոքես սրանց հարցերն լուծեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter