
Առաջարկվում է ժամը 06:00-ից մինչև 22:30-ը արգելել գովազդել տեղական արտադրության կոնյակ
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արգելել ժամը 06:00-ից մինչև 22:30-ը գովազդել տեղական արտադրության կոնյակ։ Նման առաջարկություն է Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նշենք, որ այժմ «Գովազդի մասին» օրենքն արգելում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել գովազդ թունդ ալկոհոլային խմիչքների մասին (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի։
Էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։
Նախարարության կարծիքով՝ 06:00-ից մինչև 22:30-ը տեղական արտադրության կոնյակի գովազդը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում միևնույն ապրանքային շուկայում գործող կամ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացողների համար։
Ինչպես նաև անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար՝ Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով։
«Հակասությունները վերացնելու և բոլոր տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը՝ վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը»,- ընդգծել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Մեկնաբանել